«Լեան խաղաղություն կբերի… բոլորիս»
Հայրենիքն այսօր բոլորի համար ավելի քան սիրելի է: Սահմանին պատերազմ է, թիկունքում՝ մանկան ճիչ:
Թշնամին՝ քաղաքացիական հարյուրավոր շենքեր խոցելով՝ չի էլ պատկերացրել, որ այդ ընթացքում նոր հերոսներ են ծնվում՝ խոցվածը շենացնելու համար: 41-ամյա Արևիկ Բաղդասարյանն օրեր առաջ է Արցախից Երևան եկել՝ ստիպված: Երկու աղջիկներն առանց մոր Երևան գալ չեն համաձայնել:
«Երեխոնց համոզեցինք, որ գան, ստեղ բարեկամներ ունենք, մնան, ասին՝ «դու էլ պիտի գաս»: Էս վիճակում՝ ամուսինս դիրքերում, ես ուզում էի մնալ Ստեփանակերտում»,- 168.am-ի հետ զրույցում պատմում էր Արևիկ Բաղդասարյանը:
Եկել են Երևան, որտեղ էլ օրեր առաջ լույս աշխարհ է եկել Լեան, ում ձայնը լսելիս՝ տիկին Արևիկի ամուսինն իրենց համատեղ կյանքի 18 տարվա ընթացքում առաջին անգամ արտասվել է՝ սահմանին կանգնած:
«Մեկ-մեկ զանգում ա, խոսում ենք… պուճուրի ձայնը որ լսում ա, լացում ա: Շատ ա կարոտում»,- պատմում էր 3 օրական Լեայի մայրը:
Լեայի անունը քույրն է առաջարկել, հայրն էլ համաձայնել է ու անհամբեր սպասել մանկան լույս աշխարհ գալուն:
«Էս անգամ ուրախությունն ու տխրությունը խառնվել ա իրար, ուրախ եմ՝ առողջ բալիկ ա ծնվել, համացանցում որ կարդացի, և՛ ուրախացա, և՛ հուզվեցի, մի կողմից էլ՝ տխրություն ա, հայրիկը հետը չէ: Շատ էր սպասում: 15 տարուց հետո… մի ուրիշ զգացողություն էր, նորից մանկան ճիչ՝ մեր տանը»,- պատմում էր տիկին Արևիկը, ասում, թե շատ կուզեր, որ Լեան Ստեփանակերտում ծնվեր, հայրիկն էլ կողքին լիներ:
Տիկին Արևիկը մի վստահություն ունի.
«Լեան խաղաղություն կբերի… բոլորիս»:
Որ Լեայի բերած խաղաղությունն ավելի ամուր լինի, կօգնեն արցախցի Գևորգն ու Հայկը: Նրանք էլ են այս օրերին ծնվել Երևանում՝ նույն Շենգավիթ բժշկական կենտրոնում:
Նորածին Հայկն Ասկերանից է: Հավանաբար օրորոցում քնած, իր մայրիկի նման, երազում է օր առաջ Արցախ վերադառնալու մասին:
«Շատ ենք ուզում, որ ավարտվի, գնանք: Մեզ համար էլ հեշտ չի՝ տուն-տեղ թողած, եկած ստեղ… Կարևորը՝ որ խաղաղություն լինի, մենք էլ հասնենք մեր տանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկի մայրը՝ Աքսանա Հայրյանը:
2 օր առաջ ծնված Գևորգի նկարներն արդեն հասել են Արցախ: Հայրն ու եղբայրները կռվի դաշտում են տեսել Գևորգի նկարները, գոտեպնդվել:
«Օրերն ենք հաշվում, որ ավարտվի, գնանք… Որ էսքան ժամանակ էստեղ էինք, ու ծննդաբերության ժամանակն էլ էր անցնում, ասեցի՝ երևի երեխան էլ ա ուզում, որ գնա, Ստեփանակերտում ծնվի»,- պատմում էր Գևորգի մայրը՝ Սոնյա Գասպարյանը:
Սոնյայի դուստրն արդեն Երևանում դպրոց է գնում, բայց այս կյանքին հարմարվել չեն ուզում:
«Մաղթում եմ, որ բոլորը կենդանի վերադառնան… Մենք ուժեղ ազգ ենք: Եթե մենք մինչև հիմա կարողացել ենք մինչև 21-րդ դար ապրել, ուրեմն ապրելու ենք: Մենք ուժեղ ենք, հաղթելու ենք՝ ուզում ա Թուրքիան չլինի, ով ուզում ա՝ լինի: Ադրբեջանը ոչ մի անգամ չի կարողացել մեր կամքը կոտրի, հիմա էլ չի կարողանալու»,- հուզված ասում էր Սոնյա Գասպարյանը:
Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մալխասյանի խոսքով՝ այս օրերին իրենց մոտ ծնված արցախցի 5 տղան ու 2 աղջիկն իրենց շատ լավ են զգում:
«Շատ վեհ, շատ հպարտ զգացողություն ա, որ կարողանում ենք ինչ-որ մի բանով օգնած լինենք էս պահին սահմանում կանգնած մեր զինվորին, շատ կանայք են ծննդաբերում, որոնց ամուսիններն էս պահին առաջնագծում կռվում են: Ես ուղղակի զարմացած եմ, հպարտացած եմ իրենց ուժով: Մենք բոլորս պետք ա կարողանանք օրինակ վերցնենք իրանցից, իրանց ուժից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Մալխասյանը:
Հային խոցել չի լինի, ու դրա ապացույցը Լեայի, Հայկի, Գևորգի ու նրանց մյուս ընկերների բարձր ճիչն է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում