Այս պատերազմն աստիճանաբար դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից և ունենալու է աղետալի հետևանքներ, եթե օր առաջ չկանգնեցվի. տարածաշրջանային հարցերով փորձագետ
«Մեր թշնամու ագրեսիան, ահաբեկչական ցեղասպան գործողություններն արդեն իրենց ազդեցությունը թողնում են տարածաշրջանային գործընթացների վրա, և որքան խորանա պատերազմական վիճակը՝ այնքան ունենալու է տարածաշրջանային, անգամ գլոբալ բնույթ»,- ասուլիսի ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ շեշտելով, որ մենք այսօր արդեն ականատես ենք լինում մի գործընթացի, երբ հակամարտությունն ամեն օր անկառավարելի է դառնում միջազգային դերակատարների կողմից: Դրա վառ ապացույցն այն ակտիվ միջնորդական ջանքերն են, որոնք առնվազն վերջին 2-3 օրերին փորձում են կանգնեցնել պատերազմական գործողությունը, սակայն, առայժմ ապարդյուն:
«Ինչ վերաբերում է ուղիղ ազդեցությանը, ապա այս գործողություններին ուղղակիորեն ներգրավված է տարածաշրջանային ամենաազդեցիկ դերակատարներից մեկը՝ Թուրքիան, փաստացի հանդիսանալով հակամարտության կողմ, և այս հանգամանքը չի կարող առնվազն չանհանգստացնել Թուրքիայի տարածաշրջանային մրցակից հակառակորդներին՝ ՌԴ-ին, Իրանին, ու այդ մտահոգություններն արդեն ակնհայտ են և դրսևորվում են ոչ միայն քննադատական, նախազգուշական հայտարարությունների, տեղեկատվական ակնարկների միջոցով, այլև կոնկրետ հստակ գործողություններով: Իրանի ակտիվացումը արցախաադրբեջանական պատերազմի գործողությունների գծում՝ իհարկե, իրանական սահմանի կողմից, դրա վառ ապացույցն է: Ամեն օրվա կտրվածքով Իրանի նախազգուշացնող հայտարարությունները նշվածի վառ ապացույցն են:
ՌԴ-ի կողմից արդեն բացահայտ թիրախավորվող հայտարարությունները, միջազգային հանրության ակտիվացումը, դրա վառ ապացույցն է: Տեսնում ենք նաև արևմտյան որոշ դերակատարների կողմից իրավական, քաղաքական առնվազն նախազգուշացնող հայտարարությունները, որոնք Թուրքիայի համար մտահոգիչ հետևանքներ ունեն»,- նշեց Արմեն Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է արաբական երկրների, Իսրայելի դերակատարմանը՝ տարածաշրջանային հարցերով փորձագետն ընդգծեց, որ մի կողմից՝ Իսրայելի ներգրավվածություն ենք տեսնում, խոսքը մինչ հիմա էլ շարունակվող սպառազինությունների մատակարարմանն է վերաբերում, որն առնվազն թշնամական վերաբերմունք է դրսևորում ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի հանդեպ, իսկ մյուս կողմից՝ միջազգային իրավունքի առումով լուրջ, մտահոգիչ իրողություններն են, քանի որ Իսրայելի տրամադրած սպառազինությամբ փաստացի ամեն օր թիրախավորվում են նաև քաղաքացիական շինություններ, զոհվում են խաղաղ բնակիչներ, ինչը չափազանց մտահոգիչ է:
«Այս պատերազմի բաղադրիչներից մեկը եղել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից ահաբեկչական տարբեր խմբավորումների ներգրավումն այս պատերազմին, որն ուղղակիորեն չի կարող չանդրադառնալ նաև տարածաշրջանի վրա: Ահաբեկիչների զգալի մասն արաբական երկրների քաղաքացի է՝ ոչ միայն Սիրիայի, այլև Լիբիայի, Մարոկկոյի, Ալժիրի, որոնք ժամանակին եկել են մասնակցելու սիրիական հակամարտությանը և մնացել են Սիրիայում՝ անդամակցելով տարբեր խմբավորումների: Զինյալները հիմնականաում հավաքագրվում են Սիրիայի տարածքում, Լիբիայից, որտեղ ավելի վաղ թուրքական իշխանությունները խմբեր էին տեղափոխել:
Վերջին երկու օրերին ինֆորմացիա կա, որ նաև Պակիստանից, Աֆղանստանից են սկսել զինյալներ հավաքագրել, որովհետև Սիրիայում արդեն բարդացել է հավաքագրումը:
Տեսնում ենք, որ այս պատերազմն աստիճանաբար դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից և միանշանակորեն ունենալու է մեծ, աղետալի և անկանխատեսելի հետևանքներ, եթե օր առաջ չկանգնեցվի:
Կանգնեցնողը, իհարկե, ադրբեջանական կողմն է, որ պատերազմի սկզբից ի վեր հրաժարվում է գալ բանակցություններին, բանական տրամաբանության մեջ հրադադարի սահմանման, և, երևի թե կտրված իրականությունից՝ ամեն օր մեծացնում է արկածախնդրության և քաղաքական և ռազմական և հումանիտար սահմանները»,- հավելեց Արմեն Պետրոսյանը:
Տարածաշրջանային հարցերով փորձագետի խոսքով՝ թշնամի երկրներն ընտրել են իրենց համար հարմար պատմական, աշխարհաքաղաքական ժամանակաշրջան՝ նման լայնամասշտաբ գործողություն իրականացնելու համար:
Իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն մի քանի ամիս աշխարհում շարունակվող այս կորոնավիրուսի համավարակը շեղել է ամբողջ աշխարհի ուշադրությունը, ավելին, սրա հետևանքով դժվար են դարձել տարբեր երկրների միջև շփումները՝ փակ սահմանների արդյունքում:
Այստեղ Թուրքիայի մի շարք քաղաքական խնդիրներն էլ դեր ունեն, որոնք պայմանավորված են միաժամանակ մի քանի տարածաշրջաններում Էրդողանի վարչակարգի վարած հավակնոտ քաղաքականությամբ: Արցախյան այս պատերազմից առաջ ակտիվ զարգացումներ էին ընթանում արևելյան, միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ Թուրքիան հանդիպելով լուրջ դիմադրության՝ եվրոպական, արաբական երկրների կողմից, դադարեցրեց ագրեսիվ գործողությունները և, փաստացի, ձախողվելով այդ տարածաշրջանում իրականացվող քաղաքականության մեջ, ընտրեց մեկ այլ ակտիվ ռազմական գործողությունների գոտի, որտեղ, իրենց կարծիքով հակառակորդը շատ ավելի թույլ է և նրան պարտության մատնելն ավելի հեշտ է լինելու:
Սակայն, տեսանք, որ թուրք-ադրբեջանական հաշվարկները տապալվեցին՝ հայկական բանակի, հայ ժողովրդի կողմից: