Տարածաշրջանային ուժերի ներգրավումը ԼՂ հակամարտությանը, դժբախտաբար, չենք կարող բացառել, ինչը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը․ Ժոզեֆ Բորել
Այս պահին Եվրախորհրդարանը լիագումար նիստի շրջանակում քննարկում է Արցախյան հակամարտության գոտում ստեղծված պատերազմական իրավիճակը։ Եվրոպացի պատգամավորների քննարկման օրակարգում է ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, որի ընթացքում առաջինն իր ելույթով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։
Նա նշեց, որ վերսկսված ռազմական գործողությունները ԵՄ-ի համար մեծ մտահոգությունն են։ ԵՄ պաշտոնյան տեղեկացրեց, որ սա ամենալայնածավալ առճակատումն է՝ սկսած 1993-1994 թթ․։
Բորելը հաղորդեց, որ պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով կողմերին հրադադար հաստատել և թուլացնել լարվածությունը։ Պատերազմի օրերի ընթացքում, ըստ նրա, ունեցել է մի շարք հեռախոսազրույցներ առանձին-առանձին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով երկու կողմերին դադարեցնել թշնամությունը և վերադառնալ բանակցությունների սեղան։
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ մարտական գործողությունները պետք է դադարեն և կողմերը պետք է վերաներգրավվեն բանակցություններում առանց նախապայմանների ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, թեև դրանք վերջին 30 տարիների ընթացքում այդքան էլ արդյունավետ չեն եղել։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և ոչ էլ արտաքին միջամտություն։ Այս դիրքորոշումն ամրապնդվեց Եվրոպայի խորհրդի կողմից հոկտեմբերի 1-2-ին»,- ասաց Բորելը։
Նա նկատեց նաև, որ այս օրերին անհանգստացնող հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ գործողություններ են եղել բնակեցված հատվածներում, կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին պաշտպանել բնակչությանը։
ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն ասաց, որ ըստ էության ԵՄ-ն չունի տեղեկատվություն, թե ինչպես է հակամարտությունը զարգանում, շատ է ապատեղեկատվությունը, չկա նաև դիտորդական առաքելություն այս պահին հակամարտության գոտում։
Խոսելով տարածաշրջանային ուժերի դերակատարման մասին՝ ԵՄ պաշտոնյան ասաց, որ տարածաշրջանային ուժերի ներգրավումը, դժբախտաբար, չեն կարող բացառել, ինչը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը։
«Սեպտեմբերի 13-ին քննարկել եմ իրավիճակը ՌԴ ԱԳ նախարարի հետ, ես խոսել եմ նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հետ․ երկու տարածաշրջանային խաղացողներ, որոնք ավելի մոտ են հակամարտությանը։ Ես ընդգծել եմ ապաէսկալացիայի կարևորությունը, որպեսզի տարածաշրջանային խաղացողները զերծ մնան որևէ գործունեությունից, հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի շատ սրել իրավիճակը»,- ասաց Բորելը։
Նա տեղեկացրեց, որ հակամարտող կողմերի ղեկավարների հետ զրույցում յուրաքանչյուրը մյուսին է մեղադրում այս ամենը սկսելու մեջ, խաղաղ բնակչության վրա հարձակվելու մեջ, և ոչ միայն խնդրահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից, այլև Հայաստանից՝ Ադրբեջան, և Ադրբեջանից՝ Հայաստան։
«Կռիվը պետք է դադարի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հանդիպումներ ունենալ այս շաբաթ երկու երկրների ԱԳ նախարարների հետ, և միակ ճանապարհն այս իրավիճակից դուրս գալու այն է, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջ մղեն բանակցությունները, որքան հնարավոր է՝ շուտ։ Մենք կշարունակենք աշխատել առանցքային գործընկերների հետ, փորձելով օգնել դադարեցնել ռազմագործողությունները, քանի որ միակ լուծումը բանակցային սեղան նստելն է, բայց այդ բանակցային սեղանը բաց է եղել վերջին 30 տարում, սակայն ապարդյուն։ Բայց պատերազմն այլընտրանք չէ, մենք պետք է երկու կողմերին կոչ անենք դադարեցնել պատերազմը և վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների, բայց մինչ այս պահը նման բան չի եղել։ Ցավոք, ես չեմ կարող Ձեզ ավելի շատ տեղեկություն հաղորդել»,- ասաց Բորելը։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը տեղի է ունենում հոկտեմբերի 5-8-ը: