«#Արի՛, որ սիրահարվեմ». անձրևապաշտպան թիկնոցներ՝ Թատերականից դեպի առաջնագիծ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջանցքները, չնայած վատ լուսավորությանը, երբեք այսքան տաք ու լուսավոր չեն եղել: Ճակատ մեկնելու իր հերթին սպասող Միքայել Սարգսյանը, որը նաև Ապրիլյան պատերազմին է մասնակցել, որոշել է ճակատի ընկերներին օգնել՝ անձրևապաշտպան թիկնոց պատրաստելով:
«Մեզ նմամատիպ բաներ էնտեղ բաժանել էին, ու գաղափարն եկավ էդտեղից: Գիտեմ, որ հաստատ պետք կգա սահմանին էս ամեն ինչը՝ եղանակները հիմա անձրևային են: Գաղափարը կիսեցի կուրսի երեխաների հետ, համաձայնեցին, ու մեր թիմը ընդլայնվեց»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց հնչյունային ռեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Միքայել Սարգսյանը:
4 օր առաջ, երբ սկսեցին թիկնոցներ պատրաստել, իրենք են գնել հումքը, աշխատել մի քանի հոգով: Հետո արդեն հայտարարություն են տարածել համացանցում ու այս ընթացքում արդեն պատրաստել են 600 թիկնոց:
«Սկզբում ամեն ինչ արվում էր արդուկով, հիմա արդեն ընդլայնել ենք, արդեն կարի մեքենա ունենք այստեղ, ու ուրիշ տեղ մեզ օգնում են, փոխանցում ենք կտրտած տարբերակները, իրենք պատրաստում՝ ուղարկում են մեզ, մենք փոխանցում ենք՝ որտեղ որ պետք ա»,- հպարտությամբ պատմում էր Միքայել Սարգսյանը:
«Առաջին քայլով նախ՝ հումքի հարցն է լուծվում, ու սկսում են էսքիզներ անել: Մի քանի խումբ է աշխատում, կտրատում են, էսքիզներ են անում: Մենք ստանդարտ չափեր ունենք՝ հստակ երկարություն, լայնություն, վզի բացվածք, սեղանները ֆիքսում են սկոչներով, նշում են մարկերներով ու սկսում են այդպես աշխատել: Մենք ունենում ենք շատ երկար մարմնի հատված, ոը տակից հստակ չափով կտրվում է, և ավելցուկից ստանում ենք կապիշոնները»,- աշխատանքի ընթացքի մասին պատմում էր հնչյունային ռեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Լիլիթ Հովհաննիսյանն ու նշում, որ բոլոր քայլերը կանոնակարգված են, աշխատանքը՝ բաժանված:
Հետո արդեն կտրտած մասերն առանձնացվում են, ամրացնում են թիկնոցի գլխի հատվածը, մարմնի մասի, ապա դրանք միացնում իրար: Ու հենց այստեղ գալիս է ամենաջերմ պահը: Առանց մակագրության ոչ մի թիկնոց սահման չի հասնում: «Արի, որ սիրահարվեմ», «Լիքը սեր թատերականից» ու նման սիրառատ գրություններ են ավելացվում, որ սահմանին կանգնած զինվորն անձրևին այն կրելիս՝ նաև տաքանա:
Թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանող Աստղիկ Ղազարյանը, որի ուսերին է կամավորներին համակարգելու ու նրանց անհրաժեշտ հմտությունների մասին պատմելու պարտականությունը, ողջ ընթացքում ափի մեջ պահում է նաև հեռախոսը՝ սահմանին կանգած հորից ու եղբայրներից մի լուր ստանալու հույսով: Աստղիկի ժամկետային զինծառայող եղբայրն ու պատերազմի առաջին օրից կամավորագրված հայրն այսօր առավոտյան են ինչ-որ հրաշքով սահմանին իրար գտել:
«Չգիտենք՝ ոնց են գտել իրար: Երբ որ հարցրեցի՝ ո՞նց եք, ու երկուսով պատասխանեցին, այսինքն՝ իրանք զանգել էին, ես որ տեսնում եմ՝ անծանոթ համար ա, գիտեմ, որ իրենցից ինչ-որ մեկն ա, բայց որ լսեցի երկուսի ձայնը, շատ զարմանալի էր էդ պահը»,- պատմում էր Աստղիկ Ղազարյանը:
Անահիտի հետ հոր ու եղբոր սահմանին գալուն սպասում են փոքր քույրն ու մայրը:
«Ես էլ ցանկություն ունեի կամավորագրվելու, բայց որ մամայիս ասեցի ու տեսա իր հայացքը, երկու հոգի արդեն էնտեղ են, մի հատ էլ իմ համար պետք ա անհանգստանա, փոշմանեցի ու որոշեցի, որ ավելի լավ ա՝ էս ֆորմատով օգնեմ, թիկունքի ֆորմատով օգնեմ»,- հավելեց Անահիտը:
Համակարգողների խոսքով՝ կամավորների մեջ տարբեր մարդիկ են՝ սահման գնալու իրենց հերթին սպասող երիտասարդներ, աղջիկներ, զինվորի մայրեր: Նրանց խոսքով՝ կան մարդիկ, որ գալիս ու ամբողջ օրը մնում են, մարդիկ կան՝ ինստիտուտ են գալիս ընդմիջման ժամին, ոմանք էլ կտրտված հումքը տանում են տուն՝ տանն աշխատելու, որովհետև չեն կարողանում իրենց բալիկներին մենակ թողնել:
«Ծանոթներից Լիլիթն իր էջում տեղադրել էր, որ կամավորներ են պետք, տանը քնապարկեր էի կարում, էսօր գործ չունեի, ու շտապեցի էստեղ: Շատ արագ սովորեցինք»:
«Շատ հեշտ ա իրականում, Թվիթթերում տեսա հայտարարությունը, որ կամավորներ են պետք, ու հիմա բոլորս պետք ա թիկունքում շատ ուժեղ լինենք, որպեսզի մեր տղաներն էնտեղ ավելի հզոր լինեն, ու հաստատ հաղթելու ենք»,- վստահեցնում էին կամավորները:
Հաղթելու վստահությամբ Թատերականի երկար միջանցքում հավաքվածները վստահեցնում են՝ ուժեղ թիկունքն ապահովելուն պատրաստ՝ կաշխատեն այնքան, ինչքան սահմանին կանգնած զինվորն իրենց կարիքը կզգա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում