Ֆինանսական շուկան «անտարբեր է». ինչպիսին կլինեն առաջիկա զարգացումները
Հայաստանի ֆինանսական ինստիտուտները բավական հանգիստ են արձագանքել Արցախում և Հայաստանի սահմաններին վերջին մի քանի օրերին պահպանվող լարվածությանը և ռազմական ակտիվ գործողություններին։ Դա նկատելի է՝ ինչպես բանկային համակարգում, այնպես էլ հատկապես՝ արժութային շուկայում, որտեղ չկան արտառոց սրացումներ։
Դրամի փոխարժեքը շուկայի հիմնական արժույթների նկատմամբ պահպանել է կայունությունը։ Որոշակի տատանումներ, անշուշտ, եղել են, բայց դրանք հեռու են կտրուկ դրսևորումներից։
Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուց հետո ամերիկյան արժույթի գինը բարձրացել է ընդամենը 1-2 նիշով։ Հիմա այն տատանվում է 487-488 դրամի սահմաններում։ Դոլարի վաճառքի գինը 490-491 դրամ է։
Շուկայում լարվածություն չկա, այնուհանդերձ մասնակիցների շրջանում որոշակի սպասումներ նկատվում են, ինչի վկայություններից մեկն էլ առք ու վաճառքի գների միջև ձևավորված տարբերությունն է։ Վերջին օրերին այդ տարբերությունը մի փոքր խորացել է, որը նման իրավիճակներում նորմալ երևույթ է։ Առանձին փոխանակման կետերում շեղումը երբեմն հասնում է ընդհուպ 5-6 նիշի։
Ազգային արժույթն էական տատանումներ չի ունեցել նաև եվրոյի հարաբերությամբ։
Փոխարենը՝ այն ամրապնդվել է ռուսական ռուբլու նկատմամբ։ Թեև դա կապված է ոչ այնքան դրամի ուժեղացման, որքան ռուբլու թուլացման հետ։
Վերջին շրջանում ռուբլին բավական մեծ տեմպով կորցնում է կշիռը՝ ինչպես ամերիկյան դոլարի, այնպես էլ՝ եվրոպական արժույթի նկատմամբ։ Այսօր արդեն դոլարի գինը ռուսական շուկայում անցնում է 79 ռուբլուց։ Անցած 3 ամիսների ընթացքում այն էժանացել է շուրջ 10 կետով կամ շուրջ 14-15 տոկոսով։ Եվրոյի հարաբերությամբ ռուբլու գինը հասել է 92-93-ի։
Այս դրսևորումներն էլ, թերևս, արտահայտվել են հայաստանյան շուկայում, որտեղ ևս տեղի է ունեցել ռուսական արժույթի արժեզրկում դրամի նկատմամբ։ Դրանք ավելի վաղ էին սկսվել և շարունակվում են նաև ռազմական դրության հաստատումից հետո։
Այսօր արդեն ռուբլու գնման գինը փոխանակման կետերում հասցրել է նվազել 6,20 դրամից։ Վաճառքը տատանվում է 6,22-6,25 դրամի սահմաններում։
Ռուբլու թուլացումը, այն էլ՝ նման տեմպով, բնականաբար, ձեռնտու չէ՝ ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ՝ տնտեսության համար։ Դա բացասաբար է ազդում այն մարդկանց եկամուտների վրա, որոնք ձևավորվում են հիմնականում ռուսական ռուբլով։
Ռուբլու թուլացումը հարվածում է նաև Հայաստանի տնտեսությանը։ Լինելով հայկական ապրանքների իրացման հիմնական շուկաներից մեկը՝ ռուսական արժույթի արժեզրկումը բերում է այդ շուկայում հայկական ապրանքների մրցունակության անկման և կորուստներ է ստեղծում տնտեսվարողների համար։ Սակայն դա հայաստանյան երևույթ չէ և կապված չէ ներքին ֆինանսական շուկայի զարգացումների հետ։
Ներքին ֆինանսական, մասնավորապես՝ արժութային շուկան այս պահին միանգամայն հանգիստ վիճակում է։ Իհարկե, դժվար է ասել, թե դրանում ինչպիսին է եղել Կենտրոնական բանկի մասնակցությունը։ Խոսքը միջամտությունների մասին է։
Եղե՞լ է միջամտություն, թե՞ ոչ, հնարավոր կլինի ասել ավելի ուշ։ Ամեն դեպքում շուկայում արտառոց երևույթներ չեն նկատվել, որոնք կարող էին թույլ տալ Կենտրոնական բանկին կիրառելու իր գործիքները։ Հատկապես որ, այն բավարար պաշարներ ունի դրա համար, և անհանգստանալու հիմքեր կարծես չկան։
Վերջին տվյալներով՝ Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային պահուստները կազմել են 2 մլրդ 658 մլն դոլար։ Դա եղել է մինչև Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները և Հայաստանում ռազմական դրության հաստատումը։
Այս տարվա ընթացքում ԿԲ տարադրամային պահուստները նվազել են շուրջ 191 մլն դոլարով, սակայն շարունակում են գտնվել բավական լավ դիրքում և անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել արժութային շուկայի կտրուկ տատանումները մեղմելու համար, եթե այդպիսիք լինեն։
Արտաքուստ աժիոտաժային երևույթներ չեն նկատվել նաև բանկային համակարգում։ Եթե նման բան լիներ, ապա դա շատ արագ կարտահայտվեր արժութային շուկայում։ Բանկային համակարգը բնականոն հունով աշխատում է նաև ռազմական դրության պայմաններում։
«ՀՀ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։ Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով»,- սեպտեմբերի 28-ին նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի բանկերի միությունը:
Ռազմական դրություն հայտարարելուց հետո բանկային համակարգը ոչ միայն բնականոն հունով աշխատել է, այլև այս ընթացքում որևէ սահմանափակում չի կիրառվել։ Այդ մասին նույնիսկ խոսք չկա։
Հուսանք, որ ֆինանսական համակարգի առաջին արձագանքները, որոնք տեսնում ենք Արցախում և Հայաստանի սահմաններում պատերազմական գործողությունների և արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո, կպահպանվեն նաև հետագայում։ Դա շատ կարևոր է ոչ միայն տնտեսության ու երկրի ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից, այլև ունի էական հոգեբանական նշանակություն։
Նման իրավիճակներում ֆինանսական համակարգերի փլուզումը ձևավորում է խուճապային տրամադրություններ և կարող է ճակատագրական լինել։
Բարեբախտաբար, ի տարբերություն մեր հակառակորդների, Հայաստանի ֆինանսական համակարգում նման դրսևորումներ չկան։ Մինչդեռ, ինչպես հայտնի է, թուրքական լիրան՝ ղարաբաղյան վերջին իրադարձություններից հետո, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան անմիջական մասնակցություն ունի և ներքաշված է Արցախում ծավալված ռազմական ավանտյուրայի մեջ, հասցրել է արժեզրկման տեսքով հերթական պատմական մինիմումը գրանցել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ