Այժմ ԼՂ հիմնախնդրի լուծումը կախված է Արցախի աստիճանական և հետևողական քայլերից դեպի միջազգային ճանաչում. Վլադիմիր Լեպեխին

Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի խոսքով` սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը խախտել է երկար տարիների ստատուս-քվոն: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բեկումնային հետևանքներն այս իրավիճակում անխուսափելի են, և դրանք առաջին հերթին լինելու են համակարգային, երկրորդ հերթին` ոչ Ադրբեջանի օգտին:

«Այո, Բաքուն տեղեկացնում է, որ Երևանին ստիպել է Լեռնային Ղարաբաղի ստատուսի վերաբերյալ բանակցություններ, բայց երևում է, որ դա միակ բանն է լինելու, որը կարող է գովազդվել ադրբեջանական լրատվամիջոցներում որպես հաղթանակ»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ` ներկայիս զարգացումների արդյունքում Արցախում իրավիճակը զարգանալու է հետևյալ ուղղություններով. «Նախևառաջ, Հայաստանը և Ղարաբաղը ոչ միայն շարունակելու են պահպանել իրենց վերահսկողությունը այն տարածքների վրա, որոնք վերահսկվել են մինչև այս ռազմական գործողությունները, այլ նաև` շատ հնարավոր է, որ ընդարձակվի վերահսկողության գոտին:

Ամեն դեպքում, Հայաստանի և Ղարաբաղի հակահարձակման արդյունքում հնարավոր է հայ զինվորականները վերցնեն ստրատեգիական նշանակության բարձրություններ»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ Վլադիմիր Լեպեխինի, Հայաստանում սկսել է ակտիվորեն քննարկվել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը: «Այդ մասին արաբական Ալ-Ջազիրային հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ այդ գաղափարը աջակցություն է ստացել Կրեմլում»,- ասաց նա:

Երրորդ, ըստ նրա, ռուսական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի կողմից Արցախի ճանաչման հարցը:

«Իրականում Ադրբեջանի կողմի ռազմական գործողությունները, այսինքն` ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու փորձը առաջացնում է ադեկվատ հակազդեցություն: Որպես արդյունք, Ստեփանակերտում և Երևանում կտրուկ ակտիվացել են քաղաքական գործիչները, որոնք պահանջում էին, որպես առաջին քայլ, Արցախի ճանաչումը որպես անկախ պետություն, իսկ որպես երկրորդ քայլ` ստատուսի որոշման վերաբերյալ հանրաքվեի անցկացում` մնալ անկախ հանրապետություն, թե՞ միանալ Հայաստանին:

Լեպեխինի դիտարկմամբ՝ Մոսկվայում հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ առաջարկեցին, որ Արցախը Ռուսաստանի կազմ մտնի` տալով տարածքներն անվտանգ պահելու երաշխիք. «Ես հարցի նման լուծումը անլուրջ եմ համարում»,- ասաց նա` նշելով, որ հիմնախնդրի փուլային լուծումը հիմա` Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական զինուժի կողմից հարձակումներից հետո կախված է լինելու ոչ այնքան Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացից, որքան Արցախի աստիճանական և հետևողական քայլերից դեպի միջազգային ճանաչումից,- «Իհարկե, Ռուսաստանի աջակցության շնորհիվ»:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Տեսանյութեր

Լրահոս