«Թուրքիան փորձում է տարածաշրջանը, Արցախյան հակամարտությունը դարձնել երկրորդ Սիրիա, Լիբիա». Փորձագետ
«Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահը փորձում է միջազգային հանրության և միջազգային տարբեր խաղացողների հետ խոսել շանտաժի լեզվով։
«Տարիներ ի վեր մենք տեսել ենք, որ Թուրքիան և անձամբ Էրդողանն իր մաքսիմալիստական, առավելապաշտական հավակնությունները փորձում է իրացնել Սիրիայում, Իրաքում՝ խախտելով այդ երկրների տարածքային ամբողջականությունը։ Անշուշտ, այսօրվա ռազմական գործողություններում Թուրքիայի ուղիղ միջամտությունը, որի մասին միջազգային հանրության առաջատար խաղացողներն արդեն փաստերով պաշտոնապես իրենց դիրքորոշումն արտահայտեցին, ըստ էության փոխկապակցված է տարբեր տարածաշրջաններում միջնորդված հակամարտություններում Թուրքիայի քաղաքականության ամբողջ տրամաբանության հետ։ Թուրքիան փորձում է տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող հակամարտության օջախներում, կամ միաժամանակ, կամ զուգահեռաբար, թեժացնել դիմակայությունը։ Մենք տեսանք, որ ռազմական գործողություններից ընդամենն օրեր առաջ Թուրքիան Հունաստանի, Կիպրոսի ճնշումների ներքո հետնահանջ կատարեց Արևելյան Միջերկրական ծովում միջազգային իրավունքի ակնհայտ քաղաքականությունից և քայլերից։ Այս ամենից մի քանի օր հետո ռազմական գործողություններ և լարվածություն առաջացավ հարավկովկասյան ուղղությամբ՝ Ադրբեջանի ձեռքով, որի հետևում, անշուշտ, կանգնած է Էրդողանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Վերանյանը։
Ըստ փորձագետի, այդ ամբողջ գործընթացները՝ տարբեր տարածաշրջաններում, ուղղակիորեն իրար հետ փոխկապակցված են, և Թուրքիան է այն հիմնական երկիրը, գործոնը, որն ըստ էության խախտում է տարբեր տարածաշրջանների կայունությունը։ Այս տեսանկյունից Կարեն Վերանյանը վստահ է, որ Էրդողանը շարունակելու է շանտաժի լեզվով խոսելու իր ձեռագիրը միջազգային հանրության հետ։
«Ցավոք, պետք է նշեմ, որ չնայած Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արձագանքներին, որոնք ողջունելի են, և Միացյալ Նահանգներում էլ կան հստակ մեսիջներ, որոնք ասում են, որ արտաքին ուժերը պետք է չմիջամտեն այս հակամարտությանը և ռազմական գործողություններին, այդուհանդերձ միջազգային հանրության գործողությունները հայտարարություններից այն կողմ չեն անցնում։ Այս փուլում ընդհանուր առմամբ բավարարվում են հայտարարություններով, չկան հստակ գործողություններ իրական կյանքում։ Այդ պատճառով էլ հայկական կողմն ապավինում է իր սեփական ուժերին և զինված ուժերին»,- հավելեց Կարեն Վերանյանը։
Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահող երկրների գործուն քայլերին և Թուրքիայի կողմից ռազմաճակատ ուղարկված սիրացի ահաբեկիչներին՝ Կարեն Վերանյանն ասաց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ղեկավարների համատեղ հայտարարությունը տեղին էր և ողջունելի, սակայն բավարար չէ, բավարար չեն նաև առանձին երկրների հայտարարությունները։
Նրա դիտարկմամբ՝ այդ հայտարարությունները բավարար չեն` զսպելու Թուրքիայի և անձամբ Էրդողանի ախորժակը։
«Ալիևի մասին չեմ ասում, քանի որ նա դարձել է գործիք, խաղալիք Էրդողանի ձեռքում, որովհետև օդային գործողություններում օդուժի աշխատանքներն ամբողջությամբ ղեկավարվում են Թուրքիայի ռազմական ուժերի կողմից։ Այս ամենը զսպելու տեսանկյունից առաջին հերթին և միակ լուրջ զսպող գործոնն Արցախի պաշտպանության բանակն է և զինված ուժերն է։ Միակ զսպող գործոնն այն է, որ չթողնենք մեկ մետր անգամ ոտնձգություն իրականացնի թշնամին և հնարավորության դեպքում համարժեք պատասխան տանք։ Կարծում եմ՝ այդ ուղղությամբ հայկական կողմը շատ հստակ զգուշացրել է Ադրբեջանին ու Թուրքիային։
Սիրիացի ահաբեկիչների մասով արված հայտարարությունները՝ Ֆրանսիայի նախագահի, ՌԴ արտգործնախարարության, միջազգային մամուլի հրապարակումները, կարծում եմ՝ կարող են զսպող հանգամանք լինել, բայց, իհարկե, բավարար չեն Թուրքիային վերջանականապես դուրս մղելու ոչ միայն՝ ռազմական գործողություններից, այլև՝ տարածաշրջանի ապակայունացնող փորձերից, որոնք հիմա մենք տեսնում ենք իրական կյանքում։
Թուրքիան փորձում է տարածաշրջանը, Արցախյան հակամարտությունը դարձնել երկրորդ Սիրիա, Լիբիա։ Այսինքն՝ Թուրքիան ապակայունացման խնդիր է դնում իր առջև՝ ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու և առհասարակ տարածաշրջանն իր ազդեցության տակ առնելու համար»,- շեշտեց փորձագետը։
Նա նաև ընդգծեց, որ այս առումով Ռուսաստանի և Իրանի արձագանքները շատ հստակ էին, և դիվանագիտական ճակատում արդեն արձագանքներ կան։
«Առաջին հերթին՝ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում Թուրքիայի և Էրդողանի նման ակտիվացումը, որովհետև սա նաև Իրանի անվտանգության համար է վտանգ, քանի որ դա հնարավորություն է այլ խաղացողների համար՝ Իսրայել և այլն, ապակայունացնել իրավիճակն Իրանի շուրջ։ Սա Իրանում շատ հստակ են հասկանում։ Այնպես որ, Էրդողանի փորձերը՝ ընդհանրապես խախտելու տարածաշրջանում ձևավորված ուժային բալանսը, առաջին հերթին՝ վտանգ է հենց Իրանի համար, նաև Ռուսաստանի»,- եզրափակեց Կարեն Վերանյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ եթե այն խոստումները, որոնք Անկարային տրվել էին Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ, չկատարվեն, ապա նա ինքը կզբաղվի այդ հարցի լուծմամբ։