Այս ավանտյուրան շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա. ժամանակն է՝ հաշվել կորուստները
Արցախի և Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական ավանտյուրան շատ թանկ է նստում և դեռ նստելու է Ադրբեջանի վրա։ Խոսքը միայն ռազմական ու մարդկային կորուստների մասին չէ։ Թեև դրանք ևս չափազանց մեծ են։
Անցած մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանը տվել է՝ ինչպես մարդկային, այնպես էլ՝ ռազմական տեխնիկայի ահռելի կորուստներ։ Դրանք հաշվվում են հարյուրներով ու հազարներով, որոնք ամեն օրվա հետ ավելանում են։ Նախնական գնահատումներով՝ Ադրբեջանի միայն ռազմական տեխնիկայի կորուստներն արդեն հասնում են մի քանի միլիարդ դոլարի։
Սակայն կորուստները միայն ռազմաճակատում չեն։ Դրանք նաև տնտեսության մեջ են։
Ադրբեջանի տնտեսությունը մինչ այդ էլ մի կարգին վիճակում չէր։ Նստած լինելով նավթային ասեղի վրա՝ այն առանց այդ էլ՝ լուրջ կորուստներ էր կրում համաշխարհային շուկաներում էներգակիրների գների նվազման հետևանքով։
Ինչպես հայտնի է, համավարակի ու համաշխարհային տնտեսության մեջ պահանջարկի կրճատումը բերեց նավթի կտրուկ էժանացման։ Չնայած հետագայում գներն աստիճանաբար սկսեցին վերականգնվել, այնուհանդերձ դրանք դեռևս շատ հեռու են նախկին մակարդակին հասնելուց։
Այսօր էլ միջազգային բորսաներում նավթի գները տատանվում են 41-42 դոլարի սահմաններում, ինչի հետևանքով Ադրբեջանը ֆինանսական լուրջ վնասներ է կրում։ Պետական բյուջեն չի ստանում ակնկալվող նավթադոլարները։ Էներգակիրների գները, անգամ որոշ չափով վերականգնվելուց հետո, դեռևս չեն հասել այն սահմանին, ինչի հաշվարկով պլանավորված է բյուջեն։ Բյուջեն պլանավորված է բարելի դիմաց 50-55 դոլարի ակնկալիքով։ Մինչդեռ, գրեթե ամբողջ տարվա ընթացքում նավթի գներն անհամեմատ ավելի ցածր են եղել։ Հատկապես համավարակից հետո այն իջավ պատմական մինիմումի։ Ու դրա հետևանքով էապես ավելացել են Ադրբեջանի բյուջեի ֆինանսական կորուստները։ Բյուջե, որի եկամուտների մեծ մասը ձևավորվում են նավթի և գազի արտահանումից։
Եվ ոչ միայն բյուջեի։ Նավթին ու գազին է բաժին ընկնում Ադրբեջանի արտահանման գրեթե 80-90 տոկոսը։
Սա մի ցուցանիշ է, որը խոսում է այդ երկրի տնտեսության իրական պատկերի մասին։
Եթե հանում ենք նավթն ու գազը՝ Ադրբեջանում տնտեսությունը, առնվազն դրա արտահանելի հատվածը, գրեթե հավասարվում է զրոյի։ Թերևս, զարմանալի չէ, որ հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում պարբերաբար արձանագրվող ցնցումները ցայտնոտի մեջ են դնում այս երկրի իշխանություններին։
Պաշտոնական տվյալներով, մինչև Ղարաբաղում և Հայաստանի սահմաններին հերթական պատերազմի սանձազերծումը՝ Արդբեջանից արտահանման կրճատումը հասել էր 26-27 տոկոսի։ Դրա հիմնական մասը, բնականաբար, նավթն ու գազն է։
Նավթի և գազի արտահանման նվազումն ու գների անկումը լուրջ խնդիր է այդ երկրի բյուջեի համար։ Նավթադոլարների կրճատումը կրճատում է բյուջեի մուտքերը։ Դրանք լրացնելու համար Ադրբեջանն օգտագործում է պահուստային ֆոնդերը։
Որոշ տվյալներով՝ այս տարվա միայն առաջին կեսին պետական «Սոկար» նավթային ընկերության պահուստային ֆոնդը դատարկվել է ևս մի քանի միլիարդ դոլարով։ Խոսքն ընդհուպ մինչև 6 միլիարդի մասին է։ Դժվար չէ պատկերացնել, թե կորուստներն ինչքան կլինեն մինչև տարեվերջ։
Պարզ է, որ այս ռեսուրսն անվերջ չէ։ Գալու է մի պահ, որ այն վերջանալու է։ Եվ այդ պահը հեռու չէ։
Եթե այսօր Ադրբեջանը դեռ կարողանում է պահուստային ֆոնդերի հաշվին փակել բյուջեի ճեղքերը, ապա վաղը դա այլևս անհնարին է լինելու։ Անհնարին է լինելու նաև հասարակության դժգոհություններից խուսափելը։ Սոցիալական իրավիճակն Ադրբեջանում առանց այն էլ մի բան չէ։
Պաշտոնական տվյալներով՝ ներմուծումն այս տարվա ընթացքում հասցրել է կրճատվել ավելի քան 30 տոկոսով։
Սա երկրում սոցիալական իրավիճակի բնութագրման հիմնական ցուցիչներից մեկն է։ Ներմուծման նվազումը կապված է հասարակության վճարունակության անկման ու սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացման հետ։
Գնալով ավելանում են դժգոհությունները, ու դա մի օր պայթելու է, որքան էլ Ղարաբաղում ռազմական ագրեսիա ձեռնարկելով՝ Ադրբեջանի իշխանությունների հիմնական նպատակներից մեկը լինի հասարակության շրջանում աճող դժգոհությունների զսպումը։
Ղարաբաղյան հերթական պատերազմն այս առումով ճակատագրական է լինելու այդ երկրի իշխանությունների ու տնտեսության համար։ Ռիսկի տակ են երկրի, ինչպես նաև իշխանությունների սեփական բյուջեն սնուցող աղբյուրները։ Ցանկացած պահի կարող են շարքից դուրս գալ Ադրբեջանին նավթադոլարներ մատակարարող խողովակները։ Արդեն պարզ է, թե դա ինչ է նշանակում այս երկրի համար։
Դեռ չհաշված այն ռիսկերը, որոնք առաջանալու են հետագայում՝ կապված ներդրումների հետ։ Եթե, իհարկե, դեռ մնացել են խելքը գլխին ներդրողներ, որոնք պատրաստ են իրենց գումարները վստահել մի երկրի, որն առաջնորդվելով մեծ եղբոր խորհուրդներով՝ յուրաքանչյուր պահի կարող է գնալ ռազմական ավանտյուրայի, առանց գիտակցելու դրա հետևանքները։ Նման երկրի ու իշխանության հետ անմտություն է ներդրողների համար հույսեր կապելը։ Շատ շուտով Ադրբեջանը բախվելու է նաև ներդրումների արտահոսքի հետ, եթե արդեն չի բախվել։
Իշխանությունների արկածախնդրության հետևանքով Ադրբեջանի տնտեսությունն այսօր կանգնած է այնպիսի փորձությունների առաջ, որոնք վաղը կարող են տակնուվրա անել ամեն ինչ։ Բայց դա այդ երկրի ընտրությունն է։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ այդ քայլին նա գնացել է սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ Թուրքիայի դրդմամբ։ Թուրքիայի, որի տնտեսությունը ևս վերջին տարիներին լավ օրեր չի ապրում։ Լարվածությունը տնտեսության մեջ մեծացել է նաև ղարաբաղյան պատերազմի սանձազերծմամբ ու Հայաստանի նկատմամբ դրսևորած ագրեսիվությամբ։
Այդ երկրի տնտեսական իրավիճակն իր ուղղակի արտացոլումն է գտնում նաև ֆինանսական շուկայում, որտեղ սեփական արժույթը չի դադարում արժեզրկվել՝ անգամ տարադրամային մեծաքանակ ներարկումներ կատարելուց հետո։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատումներով՝ Թուրքիայի տարադրամային ակտիվները կրճատվել են գրեթե 30 մլրդ դոլարով, իսկ արտաքին պարտքը հասել է 100 միլիարդի։ Տնտեսության վարկանիշը վատանում է, փողը գնում է երկրից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ