«Այդ հայտարարությունները, ինչպես միշտ, թիրախավորված չեն, քանի որ այնտեղ չի նշվում, թե իրական ագրեսորն ով է». Ռուբեն Սաֆրաստյան
Հոկտեմբերի 1-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվել էր. «Մանրակրկիտ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված հակամարտության առնչությամբ, կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Շեշտվել է այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածության անթույլատրելիությունը հակամարտությունում: Նշվել է ծայրահեղ հավասարակշռված քայլերի պահանջվածությունը՝ Բաքվին ու Երևանին քաղաքական ու դիվանագիտական աջակցություն հատկացնելու առումով»։
Չնայած այս և ՌԴ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների համատեղ հայտարարությանը՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակվում է, ավելին՝ երեկ անօդաչու թռչող սարքեր էին հայտնվել նաև Հայաստանի երկնքում։
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Լավրով-Չավուշօղլի հեռախոսազրույցի վերաբերյալ առաջին հաղորդագրությունը տարածեց Ռուսաստանը, իսկ դրանից որոշ ժամանակ անց ՝ Թուրքիան տարածեց տեղեկություն, որտեղ չկար այն, ինչ կար ռուսական պաշտոնական հաղորդագրության մեջ, այսինքն՝ հրադադարի առնչությամբ որևէ տեղեկություն չի եղել։
«Չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, որն է ճշմարտությունը, բայց կա երկու մեկնաբանություն։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքերը հրատարակելով իրենց տեքստը՝ ցույց են տալիս, որ հրահրում են Ադրբեջանին, որպեսզի վերջինս շարունակի ռազմական ագրեսիան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ գրեթե վստահ է, որ այդ կոչերն ու հայտարարությունները Թուրքիան և Ադրբեջանը հաշվի չեն առնի։
«Այդ հայտարարությունները, ինչպես միշտ, թիրախավորված չեն, քանի որ այնտեղ չի նշվում, թե իրական ագրեսորն ով է։ Այնպես որ, նման անդեմ հայտարարությունները սովորաբար ազդեցություն չեն ունենում, եթե նույնիսկ այն տարածել են Մինսկի խմբի երկրների առաջնորդները։ Այստեղ մեկ հանգամանք կա, որը պետք է ընդգծել, որ այս 7-8 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ երեք երկրների ղեկավարները համատեղ հանդես են գալիս ինչ-որ հայտարարությամբ, այսինքն՝ սա այնպիսի հարց է, որը միավորել է երեքին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ առաջիկայում Ռուսաստանը չի դիմելու կտրուկ քայլերի՝ Թուրքիայի ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին զսպելու համար։
«Որքանով ես հասկանում եմ, Ռուսաստանը թուրքական կողմի առջև դրել է որոշակի «կարմիր գիծ», եթե թուրքերն այն անցնեն, այդ ժամանակ միայն Ռուսաստանը կդիմի վճռական քայլերի։ Եթե մինչև հիմա չի դիմել վճռական գործողությունների, ուրեմն՝ այդ «կարմիր գիծը» թուրքերը չեն հատել։ Այս ամենն իմ վերլուծության արդյունքն է, թե կոնկրետ որն է այդ գիծը՝ չեմ կարող ասել։ Այդ գծերի դիվանագիտությունը բավականին տարածված է»,- նշեց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ դիվանագիտական հարթակում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների դեմ ուղղված հայկական դիվանագիտությունը պետք է անի այն, ինչն այժմ անում է, հատկապես, որ կարողացավ տեղ հասցնել այն, որ Ադրբեջանում Թուրքիայի կողմից տեղակայվում են վարձկան ահաբեկիչներ, ջիհադիստներ։
«Վարձկան ահաբեկիչների հետ կապված՝ սա հասցեական հայտարարություն էր, պետք է ասել, որ սրան կհետևեն գործուն քայլեր, քանի որ երեք կողմն էլ հայտարարեցին, որ յուրաքանչյուրն ունի իր հետախուզական տվյալները։ Հույս ունեմ, որ գոնե այս դեպքում ավելի հստակ քայլերի կդիմեն գերտերությունները»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։