«Թող ոչ մեկը չկասկածի, եթե հերթը հասավ մեզ՝ կանանց, պատրաստ ենք իրենց հետ հավասար կռվելու և մեր հայրենիքը պաշտպանելու». կին կամավորներ

Այս օրերին կանանց ու աղջիկներին ճանապարհը տանում է Մոսկովյան 5: Ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը 3 օրում ընդունել է ավելի քան 500 իգական սեռի ներկայացուցչի, գրանցամատյանում նշել նրանցից ավելի քան 300-ի տվյալները:

«Ցանկություն են հայտնել ամեն ինչ անել, որ մեր հայ զինվորին, մեր ՀՀ-ին օգնեն: ՊՆ-ն ամեն ինչ պետք է հստակեցնի, իրենց կարգադրությանն ենք սպասում, որ տեսնենք՝ ոնց ենք այս գործընթացն առաջ տանում, որովհետև սա աննախադեպ է, սա առաջին անգամ է, որ կանանց գումարտակ, կանանց բատալյոն, կանանց վաշտ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Այրումյանը:

Չնայած հստակ է, որ 18-55 տարեկան կանանց են ցուցակագրելու, բայց դիմողներին անգամ այդ չի կանգնեցնում: 55 տարեկանից մեծ կանանց համար էլ տիկին Մարինեն փոքրիկ ցուցակ է կազմել՝ նրանց ներառելով պահեստայինների ցանկում՝ ապաստարանների համար՝ հոգեբանական ու բժշկական օգնություն ցույց տալու համար:

«17 տարեկաններն են գալիս, 55-ից ավել են գալիս: Էսօր եկել էին 2 կին, 67 տարեկան, խնդրում էին, աղերսում էին, ասում էին՝ «ծանոթ գտնենք, եթե ձեզ ծանոթ բերենք, մեզ կվերցնե՞ք»,- ասաց տիկին Մարինեն:

Փոխգնդապետի խոսքով՝ այսօր հանդիպում են ունենալու  ՊՆ ղեկավարության հետ, 2-3 օրվա ընթացքում էլ առաջիկա քայլերը պարզ կդառնան: Չեն բացառում կանանց համար զորավարժություններ կազմակերպելը:

«Լվացք, արդուկ, աման լվալ, զենք կրել, երեխաների հետ նստել, ապաստարան իջնել, կացարան մաքրել, ամեն ինչ, էլ չեմ ասում, որ շատ ու շատ պատրաստված կանայք ունենք»,- սահմանին կատարվող աշխատանքները թվարկում է տիկին Մարինեն ու վստահեցնում՝ բոլոր կանայք պատրաստ են ցանկացած գործ անել սահմանում:

Ռոզա Ֆիդանյանը չնայած եփել-թափելու հետ սեր չունի, բայց ուզում է րոպե շուտ սահման գնալ, որպեսզի մեր զինվորի կողքին լինի: Ասում է՝ զենքին չի տիրապետում, բայց հույսով է՝ շուտ կսովորի:

«Շատ կան կանայք, ովքեր որ պատրաստ են այսօրվա օրով լինել մեր զինվորի, մեր հայրենիքի կողքին և պայքարել՝ ինչպես մեր տղաներն են պայքարում: Եվ թող ոչ մեկը մի գրամ չկասկածի, որ, եթե հերթը հասավ մեզ՝ կանանց, մենք թույլ էակներ չենք, մենք պատրաստ ենք իրենց հավասար կռվելու և մեր հայրենիքը պաշտպանելու:

Չեմ վախենում մահից, ոչ մի բանից: Հայրենիքի համար մարդ պետք ա իր կյանքը տա և մի գրամ չափսոսի»,- ասաց Ռոզա Ֆիդանյանը:

Ալեքսա Բեգլարյանի որդին բանակ պետք է զորակոչվի դեկտեմբերին: Ասում է՝ կապ չունի, որ որդին գնալու է, ինքն ուզում է օր շուտ գնա, որ ինչով կարողանա՝ օգտակար լինի:

«Տղաս առայժմ էստեղ ա, չի զորակոչվել, սակայն ես ուզում եմ իրենից շուտ գնամ, որովհետև կարծում եմ՝ ինչ-որ չափով կարող եմ օգնել:

Բոլորս էլ ցանկություն ունենք ինչ-որ մի ձև օգտակար լինենք մեր հայրենիքի համար: Ես կարծում եմ էն, որ կարող ենք գտնվել սահմանին, թեկուզ սահմանի հետնամասում, ինչ-որ հարցով կարողանանք օգտակար լինել, ու կապ չունի՝ ինչ կարող ենք անել, ինչով կարող ենք օգտակար լինել, կարևորը՝ ինչ-որ հարցով օգտակար լինենք, դա արդեն իսկ օգնություն եմ համարում: Կարծում եմ՝ բոլորս էլ պարտավոր ենք ինչ-որ օգտակար լինել հայրենիքին, ինչ-որ չափով»,- ասաց Ալեքսա Բեգլարյանը:

Ալեքսա Բեգլարյանը վստահ է՝ պիտի հաղթենք, բայց ուզում է այդ հաղթանակի մեջ ինքն էլ իր մասնաբաժինն ունենա:

«Էստեղ ամեն ինչ, ինչ որ ես տեսնում եմ, ու պատկերացնում եմ՝ ինչ ա կատարվում էնտեղ, էդ ինձ համար սարսափ ա առաջացնում: Ուզում եմ գնամ, որովհետև էն, ինչ որ հնարավոր ա, անգամ մի բաժակ ջուր տալը, եթե գիտեմ, որ դա ես կարող եմ որպես օգնություն ցուցաբերել, ուրեմն կգնամ: Ես պատրաստ եմ, ու խնդրեցի, որ հնարավոր է՝ դաժե մեկ րոպե շուտ ինձ ուղարկեն էնտեղ: Ինչով հնարավոր ա, կօգնեմ: Ամեն ինչ կթողնեմ ու կգնամ, դաժե պատրաստ եմ մինչև կռվի դաշտ հասնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կամավորագրվող աղջիկներից Մարիա Ավետիսյանը:

Մոսկովյան 5 հասցեի ոչ այնքան լուսավոր միջանցքում չի դադարում  կամավորագրվել ցանկացող աղջիկների ու կանանց հոսքը: Սա մեկ անգամ ևս ապացուցում է ասույթը՝ «առյուծն առյուծ է, էգ էղնի, թե որձ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս