Բաժիններ՝

«Ադրբեջանն ինքն իրեն մեկուսացրել է սոցցանցերից և արտասահմանյան լրագրողներից». Սամվել Մարտիրոսյան

«Այս օրերին կարևոր է մեր ազդեցությունն այլ երկրների տեղեկատվական հոսքի վրա, որպեսզի մեր պատկերն ավելի շատ երևա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Այստեղ մի քանի կարևոր բան կա, որ մեր օգտին է աշխատում, բացի նրանից, որ մենք ենք շատ տեղեկատվություն տրամադրում: Այստեղ, օրինակ՝ կարևոր փոփոխություն, Տավուշի դեպքերից հետո, կարող եմ ասել, որ հենց առաջին րոպեներից ՊՆ-ն սկսեց հրապարակել տեսանյութեր, դա շատ կարևոր է արտաքին լրատվամիջոցների համար, որովհետև իրենց համար այդ վիդեո նյութերը և լուսանկարներն ամենահիմնական սնունդն են: Տավուշի դեպքերի ժամանակ մոտ 1,5 օր տևեց, մինչև սկսեցինք տեսանյութեր տեղադրել, իսկ ադրբեջանցիները ամենասկզբից կերակրում էին արտասահմանյան մամուլը, հիմա հակառակն է: Երկրորդ, աշխարհում սկսել է շատ ակտիվ տարածվել իսլամիստ գրոհայինների մասնակցությունը, ինչը փոխում է ընդհանուր պատկերացումը, թե ինչ է այստեղ կատարվում: Այսինքն՝ մարդկանց համար սա մի լոկալ կոնֆլիկտ չէ, որին կարելի է ուշադրություն չդարձնել: Սա մի տեղ է, որտեղ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի թշնամիներն են հայտնվել, և պարզ է, որ ընկալումների շատ արագ փոփոխություններ է գնում: Կարող եք տեսնել, որ երեկվանից միջազգային շատ լուրջ լրատվամիջոցներում շատ մեծ տարափ գնաց այս թեմայի շուրջ: Թուրքիայի ակտիվ մասնակցությունն էլ է շատ լուրջ փոխում պատկերացումները, որովհետև Թուրքիան նեգատիվ պատկեր ունի գրեթե ողջ աշխարհում»,- ասաց Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ սոցիալական ցանցերը բաց են, Ադրբեջանում սոցիալական ցանցերն արգելափակելու որոշումը ևս հայկական կողմի օգտին է.

«Գլոբալ առումով Ադրբեջանն ինքն իրեն մեկուսացրել է, և այդ մեկուսացումը երկակի է: Առաջին՝ իրենք իրենց մեկուսացրել են սոցցանցերից, երկրորդ՝ արտասահմանյան լրագրողներից: Արդեն երկրորդ օրն է՝ տարբեր երկրներից Հայաստան են ժամանում ռազմական լրագրողներ, և այստեղից բավականին մեծ հոսք է գնում դուրս, ինչը շատ լավ է: Այն կողմից գրեթե ամբողջությամբ փակվել է արտասահմանյան լրագրողների մուտքը, բացի թուրքերից, թուրքական լրատվամիջոցները դեռ առաջին վայրկյանից են աշխատում այնտեղ, ակնհայտ է, որ նախապատրաստված է եղել,  և իրենց բերել այնտեղ մեխակի պես տնկել են, որ սկսվի գործողությունները, իրենք այնտեղից մեկնաբանեն»:

Մարտիրոսյանի խոսքով՝ սոցիալական ցանցերը փակելով՝ մարդկանց մոտ տեղեկատվական սով է առաջանում և պաշտոնական տեղեկատվության հանդեպ կասկածներ:

«Իհարկե, իրենց 1-2 օր հեռուստացույցով կերակրում են, որ՝ Ֆիզուլին ենք գրավել, Մարտակերտն ենք վերցրել, բայց կադրեր չկան: Պարզ է, որ 1-2 օր, մարդիկ՝ ում ուղեղի ծալքերի քանակը 20-ից շատ է, սկսում են ենթադրել, որ մի բան էն չի: Սոցիալական ցանցերում էլ չկա տեղեկատվություն, և դա առաջացնում է մեծ կասկածներ պաշտոնական տեղեկատվության հանդեպ: Մեզ մոտ այդ խնդիրը չկա, նույն զոհերի մասին տեղեկությունները հրապարակում են: Ադրբեջանը բան չի հրապարակում, ինչքան այդ տեղեկատվական արգելափակումները շարունակվում են, այդքան դա իրենց օգտին չի աշխատում, և մենք միայն կարող ենք ողջունել այս մոտեցումն Ադրբեջանի կողմից»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս