«Եթե բանակը, զինվորը հոգեբանորեն պատրաստ չէ կռվելու, հաղթելու, ապա այդ բանակին հատկացված զենք-զինամթերքը նվեր է թշնամուն». հոգեբանները խումբ են ձևավորվում

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, վիրավոր զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին հոգեբանական աջակցություն ցույց տալու համար հոգեբանների խումբ է հավաքվում: «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի խորհրդի նախագահ  ղեկավար Վարուժան Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նախաձեռնությանն արձագանքել է մի քանի տասնյակ հոգեբան:

«Մենք հոգեբանների խումբ հավաքել էինք դեռ 2016թ.-ին: Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք նախաձեռնեցինք, շատ արագ արձագանքեց Հայաստանում գործող հոգեբանների համարյա ամբողջ պրոֆեսիոնալ կազմը: Հավաքեցինք, հատուկ պատրաստություն անցան: Վովա Վարդանովը սովորեցրեց՝ ինչպես դիմակայել մարտական գործողությունների միջավայրում, երբ պայթյուն է, երբ ինքնաթիռ է անցնում, հոգեբաններին հոգեբանորեն պատրաստեցին: Հետո ՊՆ-ն որոշում կայացրեց, որ չենք գնալու: Մենք այս պատերազմի առաջին օրերին նորից հայտարարեցինք հավաքի մասին, էլի արձագանքեցին, տասնյակ հոգեբաններ են զանգել, մի մասը՝ արդեն նախորդ անգամ պատրաստություն անցած: Ցանկացողներ շատ կան, պատրաստակամություն կա»,- ասաց Մելքոնյանը:

Հոգեբանն ասաց, որ դիմել են Պաշտպանության և Առողջապահության նախարարություններին: Մինչև պատասխան կստանան, պատրաստվում են առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ իրականացնել:

«Պատրաստվում ենք թրեյնինգներ անցկացնել հոգեբանների համար, ովքեր, եթե վերջիվերջո որոշում կայացվի, որ պետք է գնան, պատրաստ լինեն»,- ասաց Մելքոնյանը:

Մեր հարցին, թե այս պահին կարիքը կա՞ հոգեբանական աջակցության, Վարուժան Մելքոնյանն արձագանքեց, որ դրա կարիքը միշտ կա և տարբեր փուլերում:

«Բանակում միշտ կա հոգեբանական օգնության կարիք, իսկ պատերազմական իրավիճակում՝ առավել ևս: Զինվորի աչքի առաջ ընկեր է զոհվում, ու հաջորդ օրն ինքը պետք է գնա դիրքեր, կամ դիրքերում է: Շատ դժվար է: Եթե բանակը, զինվորը հոգեբանորեն պատրաստ չէ պատերազմի, կռվելու, հաղթելու, այդ բանակին հատկացված զենք-զինամթերքը նվեր է թշնամուն: Հոգեբանական օգնություն պետք է ոչ միայն Արցախում, հավաքվում են, զորակոչ է հայտարարված, զորակոչի ուղարկվողներին պետք է նախնական հոգեբանական պատրաստություն ապահովեն, որ նա, մինչև սահման հասնելը, մինչև մարտական գործողություններին հասնելը հոգեբանորեն պատրաստ լինի մարտի, կռվելու ու հաղթելու, ոչ թե հոգեբանորեն պատրաստ լինի գնալ զոհվելու: Էապես տարբեր է զոհվելու գնացողի և հաղթելու գնացողի հոգեբանությունը: Մեր մշակույթում շատ կան ստեղծագործություններ, որտեղ ասվում է՝ «Ես պատրաստ եմ հանուն հայրենիքի զոհվել», դա խրախուսելի չէ: «Պատրաստ եմ հանուն հայրենիքի կռվել ու հաղթել». մենք այդ գաղափարախոսությունը, հոգեբանական այդ վիճակն ենք ուզում ամրագրել բոլորի մոտ՝ սկսած այն տղաներից կամ այրերից, ովքեր պատրաստվում են գնալ, կամ ճանապարհին են: Մինչև մարտական գործողություններին հասնելը շատ ճանապարհ կա, բոլոր էտապներում համապատասխան հոգեբանական պատրաստություն է պետք: Գնաց արդեն դիրքեր, առավել ևս՝ մաքսիմալ պատրաստված պետք է լինի, մարտն ավարտվեց այդ օրվա, հերթափոխ տեղի ունեցավ, հետ եկավ, միանշանակ պետք է հոգեբանական աջակցություն, որովհետև զինվորը տեսնում է այդ ամբողջ տեսարանը՝ զոհ, արյուն, պայթյուն»,- ասաց հոգեբանը:

Այս օրերին մեծ թվով կամավորներ մեկնեցին առաջնագիծ: Զինկոմիսարիատների դիմաց հերթերը տեսել ենք բոլորս: Վարուժան Մելքոնյանը նշեց, որ անգամ ոգևորությունը պետք է ուղեկցվի հոգեբանական պատրաստվածությամբ:

«Այդ հերթերը հայրենասիրական ոգու մասին են, դա հայ ոգու զարթոնքն է: Այդ ոգևորությունն ամեն ինչ արժե, բայց այդ ոգևորությամբ հասնել մարտական գործողությունների՝ վտանգավոր է: Ոգևորությունը պետք է հավասարակշռել մինչև մարտական գործողություններին հասնելը: Էմոցիոնալ բարձր ֆոնի վրա իրենք այսպես են տրամադրված՝ «ժամ առաջ հասնեմ ու կոտորեմ»: Այդ հոգեբանությամբ մարտական գործությունների մեջ մտնելը վտանգավոր է, դա պոտենցիալ զոհերի քանակը շատացնելու է: Դրա համար այս տեսակին էլ, ովքեր չեն վախենում, այլ ոգևորված գնում են, պետք է հոգեբանական այլ պատրաստականություն, հավասարակշռել, սառը գործողությունների պատրաստել և քչացնել էմոցիոնալ ֆոնը: Հոգեբանական աջակցության անհրաժեշտությունը միշտ կա, հիմա տեսնում ենք, որ  բանակն այս իրավիճակներում մոռանում է հոգեբանական աշխատանքի մասին»,- ասաց Մելքոնյանը:

Հոգեբանը վստահեցրեց, որ իրենք կազմ-պատրաստ սպասում են մեկնելու այնտեղ, որտեղ պետք է իրենց օգնությունը, բայց չեն ուզում, որ այս օգնությունը տարերային լինի, այդ պատճառով էլ սպասում են նախարարությունների արձագանքին:

Տեսանյութեր

Լրահոս