«Միջազգային հանրության, աշխարհի լռությունը ստիպեց, որպեսզի Արցախում սկսվի այս պատերազմը». Թուրքագետ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցում ասաց, որ թշնամին հարվածներ է հասցրել նաև Վարդենիսի ուղղությամբ տեղակայված դիրքերին։ Այնուհետև տեղեկացրեց, որ հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին դիմելով ռազմական ագրեսիայի՝ փաստացի ցույց տվեց, որ գնում է ռազմական սադրանքների, որի առաջին աջակիցը Թուրքիան է։
«Հուլիսյան դեպքերից հետո Թուրքիան ակտիվ ներգրավվեց հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, իր հայտարարություններից սկսած՝ մինչև զորավարժություններ, և դրանից հետո՝ մեծ քանակի տարբեր զինտեխնիկա, մարդկային ռեսուրս թողնելով Ադրբեջանում՝ պատրաստվելով նման լայնածավալ հարձակման։ Այսինքն՝ Թուրքիան այսքանով մասնակցում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կազմակերպած այս ագրեսիային»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը։
Անդրադառնալով այս ամենի հետ կապված Վրաստանի և Իրանի արձագանքին, որոնց ձեռնտու չէ տարածաշրջանի ապակայունացումը, Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ Վրաստանի դեպքում արձագանքները շատ հակասական են։
«Վրաստանն ամբողջովին գտնվում է թուրք-ադրբեջանական ազդեցության տակ, իսկ Իրանը, բնականաբար, այս ամենին բացասական է արձագանքել, իր հայտարարությունները, կոչերն իրապես արտահայտում են Իրանի ղեկավարության իրական ցանկությունները։ Իսկ Վրաստանը որպես հարևան երկիր՝ հանդես եկավ շարքային, ոչինչ չասող հայտարարություններով»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Թուրքիայի գործողությունների հետ կապված միջազգային կառույցների արձագանքին, թուրքագետը նկատեց, որ Տավուշում հուլիսյան դեպքերի ժամանակ ասել է, որ Թուրքիան օգտվում է գերտերությունների պասիվությունից և Հայաստանի նկատմամբ աննախադեպ ծավալի սպառնալիքներ ու վիրավորանքներ է տարածում։
«Ցավոք, այդ ամենը մնաց անպատասխան, անարձագանք միջազգային հանրության և գերտերությունների կողմից։ Այս պասիվությունը ցույց տվեց և Թուրքիայի համար առիթ հանդիսացավ, որպեսզի նա ավելի առաջ գնա։ Այսինքն՝ միջազգային հանրության, աշխարհի լռությունը ստիպեց, որպեսզի Արցախում սկսվի այս պատերազմը»,- հավելեց Ա. Իսպիրյանը։
Հարցին՝ հայկական կողմի քայլերը բավարա՞ր են, դիվանագիտության աշխատանքը գոհացուցի՞չ է, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց, որ հայկական դիվանագիտությունը, բնականաբար, աշխատում է, սակայն արդյունքները չեն բավարարում։
«Թե ինչո՞ւ արդյունքները չեն բավարարում, պարզ պատճառով՝ չկա համապատասխան արձագանք, գնահատական։ Հնչում են հայտարարություններ՝ երկու կողմերին ուղղված՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ, դրանք ոչինչ չասող են և թույլ են տալիս, որպեսզի շարունակվի արյունահեղությունը։ Դիվանագիտությունն աշխատում է, բայց, ցավոք, արդյունքը բավարար չէ»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Նախիջևանի ուղղությամբ հնարավոր ճակատի բացմանը՝ Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ Թուրքիան շահագրգռված է Նախիջևանում ճակատ բացել, սակայն, եթե սցենարը գնա վատ ուղղությամբ, կամ միջազգային հանրությունը շարունակի լռել։