Պուտինը կսպասի Ալիևի զանգին, իսկ հիմա Ալիևը չի զանգահարի Պուտինին․ Տարասով
168․am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։
– Պարոն Տարասով, նախօրեին ԼՂ հակամարտության գոտում բռնկված լայնամասշտաբ ռազմագործողությունների մեկնարկից ժամեր անց ՌԴ-ն որոշ դիվանագիտական ջանքեր ներդրեց իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նպատակով, ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ, ավելի ուշ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն ՌԴ նախագահը որևէ անդրադարձով կամ այլ նախաձեռնությամբ հանդես չեկավ այն դեպքում, երբ հուլիսյան բախումներից հետո Թուրքիան նոր՝ ավելի ագրեսիվ դիրքորոշում է ստանձնել Արցախյան գործընթացում, փորձագետները չեն բացառում Թուրքիայի ուղիղ միջամտությունն այս հակամարտությունում, արդեն իսկ տեղեկություններ կան այն մասին, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխել Ադրբեջան հայկական կողմերի դեմ պատերազմելու նպատակով, և ներկայիս գործողություններն արդեն իսկ իրենց մասշտաբով աննախադեպ են, և նկատում ենք, որ ԱԳ նախարարների մակարդակում ՌԴ աշխատանքը ներկայումս արդյունք չի ապահովում, իսկ ավելի բարձր մակարդակում Ռուսաստանը կարծես հեռավորություն է պահպանում։ Ինչո՞ւ Ռուսաստանից ավելի բարձր մակարդակում հայտարարություններ չեն հնչում, նախաձեռնություններ չկան։ Այս հարցը ծագում է, քանի որ նկատելի է Ռուսաստանի «պահվածքի» փոփոխություն, իսկ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ գործընկերը, անվտանգության երաշխավորը։ Ինչպե՞ս է պատրաստվում իրեն դիրքավորել ՌԴ ղեկավարությունը նման մասշտաբի պատերազմի ժամանակ։
– Նախ ասեմ, որ համաշխարհային դիվանագիտությունն ամբողջությամբ պարտվեց այս իրավիճակում, Լավրովի զանգերը Չավուշօղլուին, Բայրամովին և Մնացականյանին արդեն ուշացած են։ Այստեղ ի՞նչ պետք է անեն դիվանագետները, եթե դաժան մարտեր են ընթանում։ Դիվանագետները պետք է աշխատեն մինչ նման իրավիճակը և դրանից հետո, իսկ պատերազմի ընթացքում դիվանագիտությունն արդյունավետ չէ։ Այստեղից էլ ծագում է հարցը, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։ Օրինակ՝ Փաշինյանը զանգահարեց Պուտինին, դա ես դիտարկում եմ՝ որպես չափազանց ուժեղ քայլ։
– Ինչո՞վ էր ուժեղ։
– Նկատի ունեմ, որ դա տեղին և ճիշտ քայլ էր, քանի որ ՀՀ վարչապետը՝ ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարը, Ռուսաստանի ղեկավարին ներկայացրեց իրավիճակը, իրազեկեց, դա ճիշտ էր։ Հիմա հարցը հետևյալն է՝ է՞լ ով է դիմելու Պուտինին։ Ալիևը կզանգահարի՞ Պուտինին, չեմ կարծում, քանի որ նա ներկայումս իրեն վստահ է զգում՝ հարձակվող կողմն է, ի՞նչ պետք է նա խնդրի Պուտինից, որպեսզի հայերը հեռանա՞ն Ղարաբաղից։ Նա կզանգահարի Պուտինին, երբ իր համար վատ լինի և անհրաժեշտություն կունենա խնդրել միջնորդություն։ Եթե տեղի ունենա Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, ի՞նչ պետք է ասի Էրդողանը, բացի ընդհանուր խոսքերից, որ նրանք պատրաստ են կրակի դադարեցման։ Այսինքն՝ այս պահին ամեն ինչ որոշվում է պատերազմի դաշտում։
Թե ինչպիսի պայմանավորվածություններ կցանկանան ձեռք բերել կողմերը՝ դա ևս կախված է ռազմի դաշտում նրանց ունեցած դիրքերից։ Եթե Ադրբեջանը զգա, որ իր հարձակումը տապալվել է, կփոխվի իրավիճակ։ Բայց ընդհանուր առմամբ արդեն հիմա կարող եմ ասել, որ նրանց հարձակումը և հակահարձակումը կաղում է, քանի որ թուրքական գլխավոր շտաբն աննախադեպ թվերից էր խոսում, թե ինչ տարածքներ կարող են վերցնել իրենց վերահսկողության տակ, իսկ հիմա խոսում են 5-6 գյուղերի մասին հարավում։
Ղարաբաղի հայերը հասկանում են, որ, եթե պարտվեն, ապա այլևս չեն ապրի Ղարաբաղում։ Թուրքիան մեծ խաղի մեջ է, իր հերթին՝ Մերձավոր Արևելքում, մեծ և հսկայական խաղադրույքներ են կատարված։ Կարելի է իրավիճակը դիտարկել նեղ տարբերակում՝ Հայաստան-Ադրբեջան և ավելի լայն։
Ադրբեջանը մշտապես համագործակցել է Թուրքիայի հետ, բայց երբեք նման բաց ձև չի ունեցել այդ համագործակցությունը, և տպավորություն կա, որ այս երկրները գնում են միութենական պետության ձևավորման ճանապարհով։ Թուրքիան այնպես է խոսում, կարծես Ղարաբաղն իր հայրենի հողն է, և Թուրքիան ունի խնդիրներ, և Ադրբեջանը, և այդ միությունը նրանց հարկավոր է, այս հարցի վրա շատ մեծ խաղադրույքներ են դրված։
Ներկայումս խոսքը միայն բախումների մասին չէ, մի քանի անգամ կրակեցին, հեռացան, սա լայնամասշտաբ տարածաշրջանային հակամարտություն է, և պետք է տեսնել, թե հետո ինչ է լինելու։ Թուրքիան միանշանակորեն Ադրբեջանի օգտին է խաղում, Ռուսաստանն աջակցում է Հայաստանին միայն ՀԱՊԿ շրջանակում, կա խնդիր Ղարաբաղի տարածքի հետ, դրա հետ մենք կապ չունենք։
Ռուսաստանում մեծ ռեզոնանս է ստացել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, շատերն են ցանկանում լինել հակամարտության գոտում, ոչ միայն հայերը, այլև ռուսները, այսինքն՝ այս ամենի մասշտաբները կարող են աննախադեպ լինել։ Ներկայումս ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, հեռավորություն է պահպանում, կպաշտպանի Հայաստանի տարածքը, բայց ոչ՝ Ղարաբաղը։
Թուրքերն ադրբեջանցիներին աջակցում են, Ադրբեջանը հասկացավ, որ դիվանագիտական սեղանի շուրջ ոչինչ չի ստանա, ուստի բոլոր հարցերը ներկայումս լուծվում են պատերազմի դաշտում։ Եթե Ալիևը տեսնի, որ պլանը ձախողվում է, կզանգահարի Պուտինին, Պուտինը՝ Փաշինյանին, ու կպայմանավորվեն հրադադարի շուրջ։
– Իսկ եթե Ալիևը չզանգահարի՞ Պուտինին։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին, ով իր հերթին՝ հեռախոսազրույց նախաձեռնեց Ադրբեջանի նախագահի հետ։
– Հնարավոր է՝ Պուտինը զանգահարի, իհարկե, բայց այդ դեպքում մոտիվացիան կլինի մի փոքր այլ, և խոսակցությունը կլինի այլ։ Ալիևը կասի, որ իր հողերն է ազատագրում։ Իսկ եթե Ալիևը պարտվի, կզանգահարի և կխնդրի կանգնեցնել հայերին։
– Նախկինում, այդ թվում՝ 2016 թվականի քառօրյայի օրերին, ռուսական կողմը նման ռազմավարությամբ չէր առաջնորդվում։ Նման հեռավորություն, պասիվություն և չեզոքություն չէր պահպանում։ Չեմ պնդում, որ պետք է հակառակը լինի, քանի որ ՀՀ ԶՈՒ-ն իր խնդիրը կատարում է, սակայն հետաքրքիր է, թե նման իրավիճակում ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ ռազմավարական դաշնակիցը։
– 2016 թվականին ես եղել եմ Երևանում, և մեզ փոխնախարարի մակարդակով մեղադրում էին, որ խոչընդոտել ենք հայերի հակահարձակման հարցում, քանի որ հրադադարի շուրջ սկսել ենք պայմանավորվել կողմերի հետ, կանգնեցրել ենք հայերին։ Իսկ հիմա ասում ենք՝ խնդրեմ, իրականացրեք հակահարձակում, որպեսզի հետագայում չասեք, որ կանգնեցրել ենք Ձեզ։
– Այսինքն՝ սա ՌԴ նախագահական շրջանակի դիրքորոշումն է։
– Այո՛, այդպիսին է, լուծեք Ձեր հարցերը, այո՛, մենք չէինք ցանկանա նման զարգացումներ, կանենք ամեն ինչ, որպեսզի սահմանափակենք Թուրքիայի միջամտությունը, Թուրքիան ներկա է, բայց ակտիվ չի մասնակցի, քանի որ ուղիղ միջամտությունն իրեն կբերի այլ խնդիրներ այլ գոտիներում, իսկ անուղղակին հարմար է Թուրքիային։ Դիվանագիտությունը չի աշխատում, պատերազմի դաշտում ամեն ինչ որոշում են զինվորականները։ Տեսնում ենք, որ Ադրբեջանը մարտական է տրամադրված, թե ինչպես են պատասխանում հայերը՝ դրան ևս հետևում ենք։ Եվ, ի վերջո, կան շահեր, Ռուսաստանը ևս ունի շահեր, և պետք է հասկանալի լինի, թե որն է իր շահը յուրաքանչյուր գործընթացում։
– Վերջին ժամերին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է հետևյալ հարցը, թե որքանո՞վ է տեղին քննարկել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը, և իշխանությունները նշում են, որ դա կա իրենց օրակարգում։ ՀՀ իշխանությունների նման քայլը, ըստ Ձեզ, ի՞նչ հետևանքներ կունենա և որքանո՞վ կլինի տեղին այս փուլում։
– Այո՛, ես ևս հետևել եմ այդ քննարկումներին, ուշադրություն դարձրի, որ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստ են ճանաչել Ղարաբաղի անկախությունը, եթե նման բան տեղի ունենա, ապա այն կջարդի բանակցային ողջ ձևաչափը, այսինքն՝ դա քայլ է անհայտ ապագայով նոր ձևաչափին ընդառաջ։ Դա կլինի հրաժեշտ Մինսկի խմբին։
Թեև հնարավորություններ, որպեսզի Մինսկի խումբը կարողանա կասեցնել գործընթացը, ևս չկան։ Դիվանագիտությունը չի աշխատում։ Սա շատ առանցքային փուլ է։ Եթե Հայաստանը ճանաչի, անուններ չեմ նշի, բայց Մերձավոր Արևելքում կան երկրներ, որոնք ևս կճանաչեն Ղարաբաղի անկախությունը, իսկ դա այլ ստատուս է, այլ իրավիճակ է։ Բայց ներկայիս պրոցեսներն ավելի կարևոր են։
– Քննարկումներ կան նաև հետևյալ հարցի շուրջ, թե ի՞նչ քայլեր կարող է նախաձեռնել ՆԱՏՕ-ն՝ տարածաշրջանում հետագա սրացումները կանխելու նպատակով։ ՆԱՏՕ-ին կարող է հետաքրքրել հակամարտության գոտում խաղաղարար առաքելությունը, եթե ՀՀ իշխանությունը նման առաջարկով դիմի։
– ՆԱՏՕ-ից ո՞վ է պատերազմելու Ղարաբաղում և Հայաստանում, նրանք իրենց սեփական շահերի համար չեն ցանկանում պատերազմել, հայերի՞ն են օգնելու, ո՞վ է այնտեղ մի զինվոր ուղարկելու։ Ես «գլխարկս կհանեմ», եթե Փաշինյանին դա հաջողվի։ Ոչ ոք չի գա այս հակամարտության գոտի։ Հայերը պետք է իրատես լինեն, հասկանան, թե ով է թշնամին, ով՝ ընկերը։