
Շիրակի մարզում պետական մակարդակով բիզնե՞ս են խլում. ո՞ւմ անուններն են շրջանառվում այդ գործընթացում

Շատերը կհիշեն, որ նախորդ իշխանությունների օրոք, այսօր արդեն իշխանական պատգամավորներն ու մեծ ու փոքր տրամաչափի ընդդիմադիր գործիչներ ամեն պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում էին, թե ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց պատգամավորական մանդատներն օգտագործում են զանազան բիզնես հարցեր լուծելու նպատակներով:
Տարօրինակ է, սակայն 168.am-ին հասած տեղեկություններով՝ դրանից այսօր չեն խորշում «Իմ քայլ»-ական պատգամավորներն ու նույնիսկ ամենավերին օղակներում հանգրվանած պաշտոնյաները: Ավելին, մեզ ասացին, որ այդ մանդատն ու դիրքը օգտագործում են նաև ուրիշի բիզնեսը խլելու նպատակով:
Իսկ հիմա՝ ըստ էության:
168.am-ին Շիրակի մարզի մեր մերձիշխանական աղբյուրները տեղեկացրեցին, որ Ամասիայի տարածաշրջանում՝ Ախուրյան գետի վրա, կառուցված են թվով 3 ՀԷԿ-եր: Մեկն էլ շատ վաղուց փորձում է կառուցել ԲՀԿ-ական պատգամավոր, նախկինում Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Վարդևան Գրիգորյանը:
Ըստ մեզ հասած լուրերի՝ իշխանափոխությունից առաջ այդ ՀԷԿ-երից մեկը՝ «Անի» ԲԲԸ ՀԷԿ-ը, միշտ եղել է առաջատար դիրքերում: ՀԷԿ-երից մեկն էլ ՇՊՀ կրկին նախկին ռեկտոր, ՀՀԿ մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին է պատկանում, և վերջինս մտածում է, որ իր ՀԷԿ-ի համար ջուրը չի բավարարում հենց «Անի» ՀԷԿ-ի պատճառով:
Արդեն իսկ իշխանափոխությունից հետո, օգտվելով այն հանգամանքից, որ Անի» ՀԷԿ-ի սեփականատերն աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով, Սահակ Մինասյանը որոշում է համագործակցել գործող «հեղափոխական» իշխանությունների հետ, փակել տալ «Անի» ՀԷԿ-ի ջրերը, որպեսզի իր ՀԷԿ-ն աշխատի:
Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ Սահակ Մինասյանի բիզնես ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունի ԱԺ իմքայլական պատգամավոր, «Ցայգ» հեռուստաընկերության սեփականատերերից մեկի՝ Մարգարիտա Մինասյանի դուստրը՝ Նազելի Բաղդասարյանը, այն Մարգարիտա Մինասյանի, ով փորձում էր ՀՀԿ-ականների հետ իր ենթադրյալ կապերը շահարկելով՝ դառնալ Գյումրու դրամատիկական թատրոնի ղեկավար, ինչպես իրենք՝ թատրոնի դերասաններն էին նշում, իսկ հեղափոխությունից օրեր առաջ էլ դիմում էր գրել ՀՀԿ շարքերը համալրելու համար:
Ի դեպ, «Ցայգի» մյուս սեփականատեր Արթուր Ղանդիլյանը, ըստ մեզ հասած լուրերի, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ այս իշխանությունների հետ բավականին սերտ կապեր հաստատած Արման Սահակյանի մտերիմն է, ով նրա երեխաների կնքահայրն է: Սահակ Մինասյանն էլ, իր հերթին՝ մտերիմ է և Արթուր Ղանդիլյանի, և Նազելի Բաղդասարյանի հետ: Ահա այսպիսի հետաքրքիր տանդեմով են գործում, ըստ Գյումրիի մեր աղբյուրների, Նազելի Բաղդասարյանի քավոր, Շիրակի մարզի մաքսային կոմիտեի նախկին պետ Կարեն Մանուկյանի միջոցով:
Այժմ, ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների, Սահակ Մինասյանը Արթուր Ղանդիլյանի և Կարեն Մանուկյանի միջոցով գործարք է առաջարկել Նազելի Բաղդասարյանին, որի համաձայն՝ իրենք փակում են «Անի» ՀԷԿ-ը, ջուրն ուղղվում է դեպի Սահակ Մինասյանի ՀԷԿ, ու քանի որ վերջինս ահռելի պարտքեր ունի, ինքը այդ ՀԷԿ-ից փայաբաժիններ է խոստացել տարբեր մարդկանց:
«Ես չգիտեմ՝ Նազելի Բաղդասարյանը տեղյա՞կ է այդ ամենից, թե՞ ոչ, սակայն Սահակ Մինասյանն էլի մարդկանց է փայաբաժիններ առաջարկել, բայց պարտքերը փակելուց հետո: Իսկ պարտքերն ահռելի են, միայն ID բանկը 138.000 դոլարի դատական հայց է ներկայացրել նրա դեմ ու շահել, ու նրանք չեն էլ գլխի ընկնում, որ Սահակ Մինասյանն ուղղակիորեն գցում է իրենց: Նրանց ձեռքով փակել է տալիս ուրիշի ՀԷԿ-ը, աշխատեցնում իրենը, որ այդ պարտքերը փակի, հետո իրենց փայաբաժինները տա, ու դրա համար Նազելի Բաղդասարյանը լծվել է «Անի» ՀԷԿ-ի փակման գործընթացին: Գյումրիում ասում են, որ Սահակ Մինասյանի պարտքը 700.000-ից մինչև 1 միլիոն դոլարի է հասնում»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ պատգամավորն այդ գործընթացին խառնել է նաև իր մտերիմ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ով նրա թիվ մեկ հովանավորն է: Նազելի Բաղդասարյանը, ի դեպ, հավակնում է նաև մյուս տարի մասնակցել ՏԻՄ ընտրություններին ու դառնալ Գյումրիի քաղաքապետ, ինչի համար հիմա պայքար է մղում ՔՊ-ական մյուս թեկնածուների դեմ:
Մեզ ասացին նաև, որ Նազելի Բաղդասարյանը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ փորձ է անում ապօրինաբար փակել «Անի» ՀԷԿ-ի ջրերը, և այդ ամենում ներգրավված են նաև ՀՀ Ջրպետկոմի նախագահ Կարեն Սարգսյանը և նրա անմիջական վերադաս, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս ամենում ներգրավվածություն ունի նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, որին ժամանակին Սահակ Մինասյանն ամեն ինչ արեց, որ ազատեն ՇՊՀ ռեկտորի պաշտոնից, իրեն նշանակեն, ու հասավ դրան: Սահակ Մինասյանը տարբեր լրջագույն հանցագործությունների մեջ էր մեղադրում Վարդևան Գրիգորյանին: Այսօր, սակայն, այս երկուսը միասին են պայքարում «Անի» ՀԷԿ-ի դեմ, որը պատկանում է այսօր իր ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող, գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանի հորը՝ Գևորգ Մանուկյանին»,- ասաց Գյումրիի մեր աղբյուրը:
Այս լուրերի իսկությունը ստուգելու համար 168.am-ը կապ հաստատեց «Անի» ՀԷԿ-ի սեփականատեր Գևորգ Մանուկյանի հետ, ով ըստ էության հաստատեց մեր տեղեկությունները:
«Բնապահպանության նախարարը նամակ է գրել Սուրեն Պապիկյանի ենթակայությամբ գործող Ջրպետկոմին, որում նշել է, որ ՀԷԿ-երի միջև առկա է խնդիր»,- ասաց Գևորգ Մանուկյանը՝ հավելելով, որ այդ ՀԷԿ-երը պատկանում են Սահակ Մինասյանին, Վարդևան Գրիգորյանին և Գևորգ Գասպարյանին:
Վերջինս, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կողմից բացված, բայց մի քանի օր հետո փակված հերթական, Մարալիկի բամբակամանվածքային գործարանի համասեփականատերն էր:
Նրա խոսքով՝ իրենց ՀԷԿ-ն ավելի արդյունավետ է գործում, քան մնացած բոլորը միասին վերցրած, քանի որ այդ 3-ը 38%-ով պակաս էներգիա են արտադրում, քան իրենք, և կա դա վկայող տեղեկանք, որ իրենց ՀԷԿ-ը հանրային բարիք ավելի շատ է ստեղծում:
«Մյուս կարևորագույն հանգամանքն այն է, որ մենք ունենք շահագործման, ջրօգտագործման թույլտվություն, աշխատում ենք, իսկ Սահակ Մինասյանի ՀԷԿ-ը չունի այդ թույլտվությունը, բայց աշխատում է, երբ որ ջուր է ունենում»,- ասաց ՀԷԿ-ի սեփականատերը:
Նա նշեց, որ այս պատմությունը նոր չէ, և դեռևս Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն է ջրօգտագործման իրենց թույլտվությունն առոչինչ ճանաչել:
«Մենք դիմեցինք դատարան: Դատարանը 5 կետով բավարարեց մեր բողոքը, որոնցից մեկն էլ այն էր, որ նախարարը չուներ ջրօգտագործումը դադարեցնելու իրավունք»,- ասաց ՀԷԿ-ի համասեփականատերը:
Ուշագրավ է, որ Շրջակա միջավայրի ներկայիս նախարար Ռոմանոս Պետրոսյանը համարում է, որ ճիշտ է, դատարանը բավարարել է «Անի ԲԲԸ»-ի վճիռը, սակայն իրենք կբողոքարկեն Վերաքննիչ դատարան, ուստի հիմա ՀԷԿ-ի աշխատանքը պետք է դադարեցվի:
Գևորգ Մանուկյանի խոսքով՝ ի վերջո, «Շիրակ ՋՕ»-ին հանձնարարում են փակել «Անի» ՀԷԿ-ը:
«Եկան, որ փակեն, թույլ չտվեցինք, որովհետև ջրանցքն ամբողջությամբ մեր սեփականությունն է: Կանչեցինք ոստիկանություն: Ցույց տվեցինք ջրօգտագործման մեր թույլտվությունը, դատարանի վճիռը, սեփականության մեր իրավունքի հավաստումը: Մոտ 10 օր առաջ էլ դիմեցինք դատարան, խնդրեցինք կիրառել հայցի ապահովման միջոց, որ չկարողանան մեր ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցնել, և դատարանը բավարարեց այն»,- ասաց Գևորգ Մանուկյանը՝ հավելելով, որ որևէ դատավոր չէր կարող այլ որոշում կայացնել այս փուլում:
Ըստ նրա՝ պաշտոնական դիրքը չարաշահել են անխտիր բոլորը, և ապագայում անխտիր բոլորի նկատմամբ է քրեական գործ հարուցվելու:
«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ասում են, որ Ջրային պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը կատարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ուղիղ հրահանգը: Նա պահանջել է՝ ինչ գնով էլ լինի, փակել ջուրը, որ մեր ՀԷԿ-ը չկարողանա աշխատել»,- ասաց ՀԷԿ-ի սեփականատերը: Նա նշեց նաև, որ իրենց լուրեր են հասել այն մասին, որ Կարեն Սարգսյանը, ինչպես խոսում են Ջրպետկոմում, ասել է, որ այդ հարցով իր վրա ճնշում է գործադրում Էդուարդ Աղաջանյանը:
Հարցին՝ ո՞րն է նպատակը, վերջինս պատասխանեց՝ ուղիղ հովանավորչությունը:
«Սա արվում է մյուս ՀԷԿ-երի սեփականատերերի՝ Սահակ Մինասյանի, Վարդևան Գրիգորյանի և Գևորգ Գասպարյանի համար ճանապարհը մաքրելու համար, որ մեզ արանքից հանեն»,- ասաց Գևորգ Մանուկյանը՝ շեշտելով, որ այդ նպատակի իրագործման համար նրանք չեն խորշում անցնել բոլոր օրենքների վրայով:
«Անի» ՀԷԿ-ի սեփականատերը նույնպես կարծում է, որ Սահակ Մինասյանը եթե ինչ-որ փայաբաժիններ է խոստացել տարբեր շրջանակների, «քցելու է» նրանց, որովհետև մինչև իր վարկերը փակի, վերջացնի, իր ներկայիս «գործընկերները» դժվար թե լինեն ասպարեզում:
«Մի հետաքրքիր հանգամանք էլ կա: Մենք խնդրել ենք, որ շրջակա միջավայրի նախարարը մեզ ընդունի, քանի որ մեզ հասած տեղեկություններով՝ նա Սահակ Մինասյանին ընդունել է: Մեզ համար անհասկանալի է, թե նա մեզ ինչո՞ւ չընդունեց, և եթե քննարկում կար, թող այն լիներ երկկողմ: Բացի դրանից, մեզնից պահանջում են մինչև նոյեմբերի 1-ը դադարեցնել մեր ջրամատակարարումը, բայց չկա ոչ մի իրավական նորմ, որի հիմքով դա կարող է արվել»,- ասաց Գևորգ Մանուկյանը:
Նա շեշտեց նաև, որ իրենց դրդում են պետական մարմինների հետ ուղիղ ընդհարման գնալ, որից հետո իրենց արարքներին քրեաիրավական գնահատական կտրվեր, ու հարցն ավելի հեշտ կլուծվեր, սակայն այդ պլաններն էլ ի չիք դարձան, որովհետև իրենք, դա հասկանալով, դիմել են ոստիկանություն, հրավիրել նրանց, որ վերջիններս գան ու հասարակական կարգ պահպանեն, և հենց ոստիկանության ներկայությամբ ու բոլոր օրինական փաստաթղթերը ներկայացնելով՝ թույլ չեն տվել, որպեսզի Շիրակ ՋՕ-ն փակի իրենց ջուրը:
Ի դեպ, 168.am-ին տեղեկացրեցին, որ տեսել են, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Սահակ Մինասյանի հետ մտել նախարարի մոտ: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկապես, ինչո՞ւ մյուս կողմին էլ չեն հրավիրել քննարկման՝ օբյեկտիվությունն ապահովելու համար:
«Առաջին գրության մեջ Ջրային պետական կոմիտեի նախագահը հրահանգավորում է, որ գնան ջուրը կիսեն, ու կեսը գնա մեզ, մյուս կեսը՝ մյուս տնտեսվարողին: Բայց տեսնելով, որ մենք թույլ չենք տալիս, ու նաև ոստիկանություն ենք հրավիրել, երկրորդ հրահանգն է իջեցնում, որ գան ու արդեն ոչ թե կիսեն ջուրը, այլ ամբողջությամբ փակեն: Այդ ինչպե՞ս է լինում, որ 3 օրվա տարբերությամբ իրար հակասող 2 գրություններ են հղվում: Երկու գրությունն էլ մենք ունենք»,- տարակուսեց Գևորգ Մուրադյանը:
Վերջում «Անի» ՀԷԿ-ի սեփականատերը նշեց, որ միևնույն է, իրենք աշխատելու են, որովհետև չնայած այն հանգամանքին, որ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Վերաքննիչ դատարան, իրենց պահանջած հայցի ապահովման միջոցը կիրառված է, և մինչև գործի՝ դատական երեք ատյաններով անցնելն ու վերջնական վճիռը ՀԷԿ-ն աշխատելու է, ու առհասարակ որևէ մեկին չի հաջողվելու ապօրինաբար կասեցնել իրենց գործունեությունը:
168.am-ը զրուցեց նաև ԱԺ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ, ում անունը կարմիր թելի նման անցնում է այս պատմության միջով:
Հարցրեցինք, թե ի՞նչ առնչություն ունի ինքն այս պատմությանը և արդյո՞ք Սահակ Մինասյանի հետ ինքը եղել է Շրջակա միջավայրի նախարարությունում:
«Հերքում եմ: Ընդհանրապես իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ չեմ եղել Շրջակա միջավայրի նախարարությունում, և այս ոլորտն էլ ընդհանրապես իմ գործունեության շրջանակից դուրս է, որովհետև Պետաիրավական հանձնաժողովի անդամ եմ»,- ասաց Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ աբսուրդ է իր մասին նման լուրի հայտնվելն առհասարակ:
Հարցին, թե ի՞նչ առնչություն ունի Սահակ Մինասյանի հետ, ԱԺ պատգամավորն ասաց, որ այդ անձի հետ իր առնչությունը միայն այն է, որ ինքը դատախազին Սահակ Մինասյանի հետ կապված՝ պարբերաբար գրություններ է ուղարկում, թե ե՞րբ է նրա հետ կապված քրեական գործն իր ավարտին հասնելու:
Ճշտող հարցին էլ, թե Սահակ Մինասյանի հետ ինքը ՀԷԿ-երի հետ կապված հարց չի՞ քննարկել, ու վերջինս էլ իրեն ոչինչ չի՞ խոստացել, ինքն էլ շահագրգիռ չէ՞ «Անի» ՀԷԿ-ի փակման հարցում, Նազելի Բաղդասարյանի արձագանքը կտրուկ էր:
«Ի՞նձ… Ընդհանրապես այդ գործառույթի մեջ իմ անունը շոշափելը անտրամաբանական է, որովհետև եթե Դուք լինեիք Գյումրիից, կիմանայիք իմ վերաբերմունքը Հանրապետական կուսակցության՝ Գյումրիի նախկին ղեկավարի նկատմամբ: Կամ, եթե իմ ֆեյսբուքյան գրառումներին Դուք պարբերաբար ուշադրություն դարձնեիք, գիծը կտեսնեիք: Ու Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, այլ տեղերում հստակ հնչեցրել եմ իմ մոտեցումը այդ անձի նկատմամբ, գլխավոր դատախազին հարց ուղղելով, թե ինչո՞ւ է ՇՊՀ-ի գործն այդքան ձգձգվում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ՀԷԿ-երի թեմայի հետ որևէ առնչություն ինքն առհասարակ չունի: