Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն. ՄԻՊ-ը հորդորում է քաղաքացիներին կարդալ դրանք
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է քաղաքացիներին վարկային պայմանագրերը ստորագրելիս անպայման կարդալ, նկատել է՝ դրանք խրթին ձևակերպումներ ունեն: Թաթոյանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:
ՄԻՊ-ի իրավասությունը բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված, սահմանափակ է: Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավասություն՝ զբաղվելու բանկերի դեմ, վարկային կազմակերպությունների դեմ կոնկրետ բողոքներով, այդուհանդերձ իրականացնում է որոշակի մոնիտորինգ, սակայն համակարգային առումով, մարդու իրավունքների հետ կապված հարցերը լուծելու նպատակով նույնպես ծավալում է որոշակի աշխատանքներ: «2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՄԻՊ-ը բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել է ըստ խնդրի բնույթի 200 գրավոր և բանավոր դիմում-բողոք՝ 400 անձից: Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված մարտակարգ դրության ժամանակահատվածում ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր դիմում- բողոք՝ 276 անձից»,-ասաց Թաթոյանը:
Նա նշեց, որ ոլորտում խնդիրները տարբեր են: ՄԻՊ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավունքների խախտումների, դրանց ոտնահարումների կամ այլ խնդրահարույց իրավիճակների պատճառ են դառնում ոչ պատշաճ իրազեկումները: Թաթոյանը որպես օրինակ նշեց, որ քաղաքացիների և բանկերի միջև կնքվող վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, քաղաքացիներն էլ մեխանիկորեն ստորագրում են: «Դրանք այնքան խրթին են, որ երբ մեզ դիմումները հասցեագրում են, վերլուծում ենք, որոշ հարցեր են ի հայտ գալիս»,-նշեց նա ու հավելեց, որ բանկային համակարգում անհրաժեշտ է ավելի ուժեղացնել իրազեկումը կամ պարզեցնել պայմանագրերը:
ՄԻՊ-ը շեշտեց, որ գլխավոր հարցն այն պետք է լինի, որ քաղաքացիները կարդան պայմանագրերը:
Թաթոյանը նշեց, որ լուրջ խնդիր է դատական քաշքշուկների մեջ քաղաքացու հայտնվելը: «Այս անթույլատրելի վիճակի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ չկա այլընտրանքային համապատասխան մարմին, կարծում ենք, որ պետք է լինի արբրիտրաժային լիազորություններով օժտված համապատասխան մարմին, որ նախկինում, ենթադրենք գոյություն է ունեցել բանկային միության կազմում, և մասնագիտական մոտեցումների սկզբունքով կարողանա վեճերի այլընտրանքային լուծում իրականացնել»,-ասաց նա:
ՄԻՊ-ը կոչ արեց քաղաքացիներին մշտապես ուսումնասիրել այն փաստաթղթերը, որոնք ստորագրում են: «Խնդրահարույց իրավիճակներ ունենք, երբ բռնագանձում է տարածվում բանկի կողմից մարդու կենսաթոշակի, հաշմանդամության կենսաթոշակի վրա, աշխատավարձի վրա»,-ասաց նա: