Բաժիններ՝

Դիվանագետները կոչ են արել ԱՄՆ-ին՝ պայքարել COVID-19-ի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութի

Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ պայքարել կորոնավիրուսի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութի: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրության մեջ:

«Մի փորձեք նվաստացնել (ՌԴ) նախագահ (Վլադիմիր) Պուտինի կառուցողական առաջարկությունն այն երկրների համար խորհրդաժողով գումարելու վերաբերյալ, որոնք շահագրգռված են COVID-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար համագործակցությամբ: Փրկեք ամերիկացիների կյանքերը: Պայքարեք COVID-19-ի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութերի»,-ասվում է Twitter-ում դեսպանության զետեղած հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը սոցցանցում զետեղված հաղորդագրության մեջ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Պուտինի այն հայտարարությունը, թե ռուսաստանյան պատվաստանյութն անվտանգ է եւ արդյունավետ, հայտարարելով, որ անկախ փորձագետները կասկածի տակ են դրել կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը միանգամայն բաց է եւ գործընկերության է տրամադրված կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչի կապակցությամբ առաջարկում է պատվաստանյութերին նվիրված առցանց խորհրդաժողով անցկացնել այն պետությունների մասնակցությամբ, որոնք շահագրգռված են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման շուրջ միավորմամբ: Նա նաեւ առաջարկել է կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստանյութ տրամադրել ՄԱԿ-ի աշխատակիցներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս