Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ
2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 240 հոդված, որոնցից 44-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 194-ը՝ չեզոք։
ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։
Աննա Հակոբյանը քննադատությունների է արժանացել իր նախաձեռնությունից հետո, երբ հայտարարվեց, որ կանայք մասնակցելու են նախնական զինվորական պատրաստության վարժանքների։ Ֆեյսբուքյան օգտատեր Ռուզաննա Բեգլարյանն, անդրադառնալով թեմային, գրել է․ «Աննա Հակոբյանի համար ի՞նչ տարբերություն` քաղցկեղով հիվանդ փոքրիկներ են, թե հայ զինվոր, ով պահում է ՀՀ սահմանը: Նրա կարծիքով բոլորը պետք է ծառայեն միայն մեկ նպատակի` ապահովեն իր PR-ը»:
Մամուլում նշվում է, որ Աննա Հակոբյանն այլևս չի հանդիսանալու «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ «Անակնկալ էր, մեծ անակնկալ, ես գիտեմ ինչպիսի լուծում կստանա, քանի որ առանց այդ հիմնադրամի շատ դժվար եմ պատկերացնում մեր գործընթացը»,- ասել է Արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:
Մամուլում այս թեմայով գրվել է նաև հետևյալը․ «Քաղցկեղով հիվանդ երեխաների խնամքն Աննա Հակոբյանի համար ոչ այլ ինչ էր, քան մարդկանց երեսին թոզ փչելու և հոգատար տիկնոջ հրեշտակի դիմակի տակ թաքնվելու միջոց: Արդյունքում, երբ արդեն իր այս գործունեությունը դարձավ անշահավետ, Աննա Հակոբյանն առանց որևէ հիմք ներկայացնելու, առանց բացատրության` լքեց երեխաներին և օֆ էլ չքաշեց»:
Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ