«Միայն աշխատավարձով աշխատակիցներին պահելը բավարար չէ ՊԵԿ-ի աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար». ՊԵԿ նախագահ
«Կարծում եմ՝ ՊԵԿ-ի պարգևավճարների մասին այնքան է խոսվել, որ այլևս կարիք ու անհրաժեշտություն չեմ տեսնում դրան անդրադառնալու։ Ամենևին համեմատելու չէ այդ երկու հարթությունները, համեմատել Կառավարության կողմից ՊԵԿ աշխատակիցների համար հատկացված պարգևավճարների չափը և համայնքի բյուջեի չափը։ Նույն համեմատականը կարող ենք տանել տարբեր համայնքների հետ, և գուցե պատկերն այնտեղ ավելի տարբեր լինի։ ՊԵԿ-ի պարգևավճարները շատ համահունչ են»,- այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Հարցին, եթե ՊԵԿ աշխատակիցները պարգևավճար չստանան, նորմալ չե՞ն աշխատի, Է. Հովհաննիսյանն ասաց. «Միայն աշխատավարձով աշխատակիցներին պահելը բավարար չէ ՊԵԿ-ի աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար»։
Անդրադառնալով հարկային հավաքագրումներին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ առաջիկայում կամփոփեն երրորդ եռամսյակը և 9 ամիսների վերաբերյալ կներկայացնեն հաշվետվություն, կանդրադառնան նաև հավաքագրումներին։
«Ընդհանուր առմամբ Կառավարության կողմից համավարակի բացասական հետևանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը, ինչպես արդեն ասել ենք, գտնվում են վերահսկողության ներքո և կառավարելի են։ Եթե նկատի ունենք ամբողջ տարվա համար, առանց համավարակի պայմաններում կատարողականի պլանավորումը և կանխատեսվող չափը, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում։ Այս տարբերությունը, ենթադրում ենք, որ գնալով կաճի, քանի որ 49 մլրդ դրամի տարբերությունը դա 2019 թվականի համեմատելի ժամանակաշրջանի և 2020 թվականի միջև բացասական տարբերությունն է»,- շեշտեց ՊԵԿ նախագահը։