Բաժիններ՝

«Ավրորայի» համաշխարհային միջոցառումների մեկնարկը կտրվի Նյու Յորքում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Երախտագիտությունն՝ ի գործ» ճաշի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն նախաձեռնության հնգամյակին: Միջոցառումների շարքը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակմամբ՝ տեղի ժամանակով 19:00-ին:

Այն կանցկացվի մի քաղաքում, որտեղ 2015 թ. Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ սոցիալական ձեռներեց ու հանրօգուտ ներդրող Ռուբեն Վարդանյանն սկսեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Միջոցառումը կվարեն ամերիկացի հայտնի լրագրողներ ու մեկնաբաններ Դեյվիդ Իգնաթիուսը եւ Ջուդի Վուդրուֆը։ Միջոցառման ընթացքում կանցկացվի բացառիկ հարցազրույց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Կատարումներով հանդես կգան աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման եւ լեգենդար ջազային երաժիշտ ու շեփորահար Ուինթոն Մարսալիսը: Միջոցառման ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի դափնեկիրները, կհայտարարվեն հատուկ մրցանակներ եւ դրամաշնորհներ:

Դիտման արժանի այս առցանց միջոցառումը հրավիրում է հազարավոր աջակիցների եւ գործընկերների՝ միանալու աշխարհի տարբեր անկյուններից եւ ոչ մի դեպքում բաց չթողնելու առաջատար մտածողների եւ մարդասիրության ոլորտի առաջնորդների այս կարեւոր հավաքը, որի ընթացքում կսահմանվի «Ավրորայի» ապագա ազդեցության ուղենիշը: Առաջնորդվելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համաշխարհային հասանելիությամբ՝ Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած միջոցառումը հաջորդ օրերին կհեռարձակվի նաեւ իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ գերմաներեն աշխարհի տարբեր հատվածներում: Հայերեն տարբերակը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ հոկտեմբերի 20-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին (GMT+4):

«Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» տոնակատարությունների շրջանակում լրացուցիչ միջոցառումներ են նախատեսվում Լոնդոնում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում, որոնց մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին: Միջոցառումների շարքը կեզրափակվի էկումենիկ արարողությամբ, որը տեղի կունենա Նյու Յորք քաղաքի մայր տաճարներից մեկում 2021 թ. մարտի 10-ին: Այն նվիրված կլինի կորոնավիրուսի զոհերի հիշատակին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց կարեւոր ներդրումն ունեն կարիքավորներին օգնելու գործում:

«Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառումների նպատակն է իրականացնել դրամահավաք միջազգային նվիրատուների շրջանում, ինչն էլ կօգնի ընդլայնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը: Հավաքված գումարները հնարավորություն կտան «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ անհայտ հերոսներին, որոնք վտանգում են սեփական կյանքը այլոց կյանքը փրկելու համար, շարունակելու իրենց ջանքերը:

Հոկտեմբերի 19-ի միջոցառման հեռարձակման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով auroraprize.com եւ հետեւելով մեզ սոցիալական մեդիայի հարթակներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս