Բաժիններ՝

«ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է». Նիկոլ Փաշինյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստին նշեց, որ այս պահին կորոնավիրուսի բուժման համար կա 1230 սովորական և 170 վերակենդանացման մահճակալներ, դրանց 30 տոկոսը դեռևս ազատ է։

«Ազատ մահճակալներ շատ կան և ընդհանրապես 20 բժշկական հաստատություններից այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում է միայն 5 հիվանդանոց, ևս 3-ը՝  նեղ մասնագիտացված հղիների, նորածիների համար է։ Սակայն ի սկզբանե պլանավորված էր, որ ցանկացած պահի կամ 1-2 օրվա մեջ, երբ իրավիճակը կրկին կսրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը»,-նշեց Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա, ազգաբնակչության, Կառավարության և բոլորի գործը պետք է լինի իրավիճակի սրման անթույլատրելիությունը։

Նա նաև հիշեցրեց, որ հուլիսին եղել է կորոնավիրուսով վարկվածների ամենաբարձր թիվը, իսկ ցածր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին, որից հետո մինչև օրս այդ թիվն աճում է։

«Թվերի աճը պայմանավորված է թե՛ շարժունակության մեծացմամբ, թե՛ համաճարակային կանոնների նկատմամբ վերաբերմունքից, կարգապահությունն ավելի կարևոր է, հետևաբար՝ կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանության և ռազմավարության շրջանակներում մենք պետք է շարունակենք կրել դիմակներ, այնտեղ որտեղ հնարավոր է։ Իհարկե, կան գործոններ, որոնք դժվար է կառավարել, օրինակ, հանրային տրանսպորտում խիտ երթևեկությունը, որը վիրուսի ուղիղ տարածման գործոն է։ Նաև դպրոցների բացումը, որն իհարկե մենք փորձել ենք հնարավորինս մեղմել նոր կանոնները մեղմելով։ Մենք դեռևս այս թվերը չենք պայմանավորում դպրոցներով, քանի որ դպրոցները բացվել են 10 օր առաջ։ Եթե մոտակա մեկ շաբաթում կտրուկ, սրանից էլ ավելի աճ լինի՝ արդեն կապելու ենք դպրոցների հետ։ Իրավիճակին հետևելով, այո պետք է թույլ չտանք հասնելու կարմիր գծերին»,- հավելեց Արսեն Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին, ասաց, որ շարունակում է մնալ նույն կարծիքին, որ կորոնավիրուսի պատմության ավարտին բոլոր երկրներն էլ մոտավորապես նույն իրավիճակում են լինելու. «Իհարկե, բացառությամբ այն երկրների, որոնք այնքան ռեսուրսներ կունենան, որ մինչև պատվաստանյութի ստեղծումը կունենան խիստ սահմանափակումներ պահելու ռեսուրս։ Զարգացումները դա են ցույց տալիս, ըստ էության, Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսել, որը կարևոր հանգամանք է։

Կա ևս մեկ գործոն, որը ես չեմ կարող չնշել՝ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է, այսինքն՝ այս ընթացքում մենք որևէ թիվ չենք փոխել։ Այսինքն՝ ինչ գիտենք մենք, գիտի ՀՀ-ն և ամբողջ աշխարհը»,- շեշտեց վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս