Կորոնավիրուսային իրավիճակը կրկին սրվել է․ պետք է վարչական մեթոդները շատ խստորեն կիրառվեն. Վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում կա։ «Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից։ Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, ինչպե՞ս ենք մենք այս իրավիճակին վերաբերում։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ մենք պետք է շարունակենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ և այստեղ շատ բան կախված է մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Իհարկե, պետք է նաև վարչական մեթոդները շատ խստորեն կիրառվեն։ Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կանոնների պահպանման նկատմամբ կուժեղացնեն հսկողությունը։ Մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր և դա այն է, երբ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն։ Այդ ժամանակ մենք պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հուլիսին ծավալել էին շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, հիմա այդ կարողությունների մեծ մասը վերադարձել են իրենց նախկին բնականոն իրավիճակին։ Սակայն ցանկացած պահի պատրաստ են հետ վերադառնալու կորոնավիրուսի սպասարկմանը։