Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ նոր նախագահ

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունն այդպես էլ չդարձավ արժեքների հեղափոխություն, և գոնե այս պահին չի երևում որևէ նախադրյալ, որ դա կարող է տեղի ունենալ տեսանելի ապագայում։ Իշխանության եկան ոչ թե արժեքները, գաղափարներն ու սկզբունքները, այլ մարդիկ, որոնք, ինչպես ցույց տվեց կյանքը, չունեն ո՛չ արժեքներ, ո՛չ գաղափարներ, ո՛չ էլ, առավել ևս, սկզբունքներ։

Կյանքը ցույց տվեց նաև, որ իշխանությունը քայլասեր այդ ամբոխի համար ոչ թե միջոց էր՝ սեփական գաղափարներն ու ծրագրերն իրագործելու միջոց, ինչպես բնորոշ է քաղաքականությանն ու հատկապես հեղափոխություններին, այլ՝ նպատակ։ Իսկ երբ միջոցները վերածվում են նպատակի, նպատակներ էլ կամ չեն լինում, կամ որպես նպատակ ներկայացնողները միջոցի դեր են խաղում, տեղի է ունենում այն, ինչին  ականատես ենք լինում ամեն օր Հայաստանում։ Նպատակի ու միջոցի տարաբաժանումը, նպատակի ու միջոցի առողջ հարաբերակցությունը կենսականորեն անհրաժեշտ է՝ հատկապես պետության կառավարման պարագային։ Որովհետև այդ հարաբերակցության խախտումն ազատում է իշխանություն կրողների ձեռքերն ու ոտքերը՝ նպատակին հասնելու հարցում միջոցների մեջ խտրություն չդնելու իմաստով։ Իշխանության համար նպատակի վերածված միջոցների խնդիրն արտահայտվում է ամեն օր ու ամենուր։

Օրինակ, իրապես անկախ դատական իշխանությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ երկրում արդյունավետ ու վստահելի արդարադատություն իրականացնելու միջոց։ Նիկոլ Փաշինյանի համար, սակայն, այդ միջոցը վերածվել է նպատակի՝ դատական վերահսկելի համակարգի միջոցով սեփական իշխանությունը պահպանելու նպատակի։ Այդ դեպքում երկրորդական-երրորդական են դառնում դատավորների անուններն ու ազգանունները, կենսագրություններն ու անգամ քայլվածքը։ Նրանց բոլորին միավորում է իշխանությանը ծառայելու պատրաստակամությունը։ Հետևաբար՝ խիստ երկրորդական ու երրորդական է նաև, թե ով է զբաղեցնում այս կամ այն ատյանի դատավորի պաշտոնը, երկրորդական է նաև նրա անունն ու ազգանունը, ով երեկվանից գլխավորելու է իշխանության կամքով ձևավորված Սահմանադրական դատարանը։ Որովհետև, ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ մնացած բոլոր ատյանների ու պալատների դատավորների անունը Նիկոլ Փաշինյան է, քանզի բոլորը՝ տարբեր հասակի ու երանգի պատմուճանների ներքո, իրականացնելու են ոչ թե Սահմանադրությունից ու օրենքներից, այլ բացառապես ու միմիայն Նիկոլ Փաշինյանի կամքից բխող արդարադատություն։

Սահմանադրական դատարանի երեկ սկսված և դեռևս չավարտված նիստի միակ նպատակը, հետևաբար, ոչ թե ՍԴ նախագահի անձի ընտրությունն է, այլ հատկապես այն անուն-ազգանվան հռչակումը, որի կրողն արժանանալու է այդ կառույցում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն ու կամքի արտահայտողը լինելու քայլաբեր պատվին։ Նոր Հայաստանում դա այնքան բարձր պատիվ է, որ այդ անուն-ազգանվան կրողին չկարողացան որոշել ամբողջ մի քանի ժամ տևած նիստի ընթացքում։

Հ.Գ.  Սահմանադրական դատարանի նախագահի՝ երեկ սկսված և ժամեր տևած  ընտրության գործն առկախվեց. աշխատակարգային նիստն ընդմիջվեց: Այն կշարունակվի այսօր:

Տեսանյութեր

Լրահոս