«Վարչապետը եթե հարկ համարի արձագանքել, կարձագանքի». ՀՀ վարչապետի խոսնակ

Մի քանի օր է՝ լրատվամիջոցներն ու փորձագետներն անդրադառնում են  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որտեղ նա հերթական մեղադրանքների տարափն է ուղղում հայկական կողմին:

Ու թեև Հայաստանն ԱԳՆ մակարդակով պաշտոնապես անդրադարձավ այդ հայտարարություններին, բայց Ադրբեջանի նախագահի մի քանի պրովոկացիոն  արտահայտություններ այդպես էլ չարժանացան հայկական կողմի հստակ հակադարձումին:

Հիշեցնենք՝ Ի.Ալիևը, ի թիվս այլ հայտարարությունների, մի քանի դրվագներ էր հիշել նաև Դուշանբեում ՀՀ վարչապետի հետ հայտնի հանդիպումից՝ մասնավորապես նշելով.  «Այն ժամանակ ինձ խնդրեցին նրանց ժամանակ տալ, իբրև Հայաստանում ներքին իրավիճակը ծանր է, բարդ է, նախկին իշխանության ներկայացուցիչներն ուզում են ռևանշ վերցնել, ինչը բացասականորեն կազդի բանակցային գործընթացի վրա»:

168.amը ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյոք  վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի՞ հերքելու Իլամ Ալիևի հայտարարությունները։

Ի պատասխան՝ նա հայտնեց. «Վարչապետը եթե հարկ համարի արձագանքել, կարձագանքի»:

Հիշեցնենք նաև՝ Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր նաև 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձություններին՝ նշելով. «Եվ մենք ապրում էինք այն հույսով, որ, այո, նոր իշխանությունը դրանում և մյուս բոլոր ոլորտներում նորություններ կբերի, կուղղի նախկին սխալ քաղաքականությունը։ Այդ միտքն էլ ավելի ամրապնդվեց հատկապես Դուշանբեում Հայաստանի վարչապետի հետ իմ հայտնի հանդիպումից հետո։ Այն ժամանակ ինձ խնդրեցին նրանց ժամանակ տալ, իբրև Հայաստանում ներքին իրավիճակը ծանր է, բարդ է, նախկին իշխանության ներկայացուցիչներն ուզում են ռևանշ վերցնել, ինչը բացասականորեն կազդի բանակցային գործընթացի վրա։ Իբր նրանք հակված են բանակցություններին, ուզում են կարգավորել հարցը, և խնդրեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Իսկ ես ասացի, որ մենք պետք է լուրջ բանակցություններ անցկացնենք, և այդ դեպքում, իհարկե, հրադադարի ռեժիմը կդառնա ավելի ամուր։ Այդ հանդիպումից հետո երկու կողմերը պայմանավորվածության հիման վրա հանդես եկան առանձին հայտարարություններով»:

Տեսանյութեր

Լրահոս