ՀՊՏՀ կազմկոմիտեի ցույցը կազմակերպվա՞ծ էր, թե՞ ինքնաբուխ. Ինչո՞ւ են հանդիպել ԿԳՄՍ նախարարը և պրոռեկտորը

168.am-ն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն բողոքի ակցիա էր իրականացրել  ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջով, որ կառավարությունը հաստատի «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքներն օրենքով սահմանված կարգով: Կառավարությունից ցուցարարներին տեղեկացրել էին, որ հարցը կզեկուցեն վարչապետին:

Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Ու թեև ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթը ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա կասեցվել էր դատարանի արգելանքով, սակայն հուլիսի 17-ին կայացել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որի ժամանակ երկու թեկնածուներից ռեկտոր էր ընտրվել նույն բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Ի դեպ, նույն օրը Դիանա Գալոյանը նաև աստիճանազրկվել էր ԲՈԿ-ի որոշմամբ:  Ավելի ուշ ԿԳՄՍՆ-ն բավարարել էր Դիանա Գալոյանի վարչական բողոքները՝ անվավեր ճանաչելով ԲՈԿ նախագահի հրամանները:

Լրագրողների հետ զրույցում բողոքի մասնակիցները հերքել էին ցույցի՝ համալսարանի ղեկավարության կողմից կազմակերպված լինելու մասին լուրերը՝ պնդելով, որ հավաքն ինքնաբուխ է:

«Միայն հիվանդ երևակայությամբ մարդը կաներ պնդում առ այն, որ առավոտյան իր քաղաքական թիմի կողմից պահված նախարարն իր քաղաքական թիմի և իր վաղեմի ընկերոջ դեմ ինչ-որ ցույց կպլանավորի, կհորդորի…»,- ասել էր ՀՊՏՀ-ում այս պահին ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը:

Նշենք, սակայն, «ՀՊՏՀ ուսանողները» օրեր առաջ տեղեկացրել էին այս հավաքի մասին, մասնավորապես՝ գրելով. «Արայիկ Հարությունյանի համառության և օրենքի միտումնավոր խախտումների արդյունքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանն իր վարչական լծակը կիրառելով սեպտեմբերի 22-ի առավոտյան որոշ խմբով հուսահատ երթ է կազմակերպում Կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դեմ և հրահանգ է տվել դեկաններին ու ամբիոնի վարիչներին «մարդ ապահովել»»:

Ցույցից հետո 168.am-ին փոխանցել են նաև մի ձայնագրություն, որտեղ, ըստ աղբյուրի, ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն արդեն համալսարանում ցույցի մասնակիցներին պատմում է նախարարի հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման մասին:

«Մենք բացատրություն ենք պահանջել: Ինչպես գրում են, նման որևէ բան չի եղել. գնացել ենք, ուղղակի հարց ենք տվել, որ՝ հարգելի  պարոն նախարար, ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ խնդիրներ կան, և մենք դեռ քննարկումների փուլում ենք, մեզ ասեք՝ խնդիրն ինչո՞ւմն է. ասենք՝ ընտրության մե՞ջ է՝ ոչ, Գոգյանի կայացրած որոշման մե՞ջ է՝ ոչ, ես դա արդեն առոչինչ եմ ճանաչել, բա ինչի՞ մեջ է, և մենք չենք լսել որևէ ռացիոնալ պատասխան, որովհետև չի հնչել պատասխան:

Մեզ ասվել է՝ ամսի 22-ին ես ձեզ պարոն Գրիգորյանի միջոցով կհայտնեմ մեր դիրքորոշումը: Ես ամսի 22-ին չեմ ստացել որևէ դիրքորոշում, և ինձ լեգիտիմ իրավունք եմ վերապահել միանալ ձեզ, առաջնորդել ձեզ, ներկայացնել ձեր պահանջները: Եվ քանի դեռ մենք չենք լսել ռացիոնալ բացատրություն, մենք կմնանք մեր դիրքորոշմանը, հետո՝ ժամանակը ցույց կտա»,- նշում է Ա. Գրիգորյանը:

Ի դեպ, երեկ ենթադրաբար այս հավաքին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը.

«Ի գիտություն. Վարչական լծակի գործադրմամբ, պաշտոնեական լիազորություններն անցնելով ու համալսարանի դասախոսների վրա ազդելով սեփական նպատակների համար դասաձախողում կազմակերպելը (թեկուզ 1 դասախոսի և 1 խմբի) հանցագործություն է և պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածների հատկանիշներ՝ վնաս պատճառելով ուսանողների օրինական շահերին: Վարչական լծակ կիրառելու փաստը կպարզեն իրավապահ մարմինները: Դասադուլ անում են ուսանողները, իսկ վաղվա բեմադրվող հանդեսը հանցագործություն է»:

Այսօր 168.amը Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվել էր՝ ի՞նչ տեղեկություններ է ունեցել նա ՀՊՏՀ կազմկոմիտեի կազմակերպած ցույցի վերաբերյալ՝ հաշվի առնելով երեկվա գրառման մեջ արված արձանագրումները։ Ի պատասխան՝ նա նշել էր․

«Ինձ զանգահարել են համալսարանի աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են, որ համալսարանի ղեկավարության կողմից աշխատակիցներին հայտնել են, որ այսօր իրենք կամ համալսարան պետք է չգան, որովհետև դաս չի լինելու, կամ պետք է գան և մասնակցեն ցույցին: Ստացվում է՝ կիրառվել է վարչական լծակ, և, բնականաբար, եթե այդ վարչական լծակը կիրառվել է տարբեր ամբիոնների վարիչների, դեկանների կողմից, տրամաբանական է մտածել, որ համալսարանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացված գործողություններ են, որը, իմ խորին համոզմամբ՝ հանցագործություն է, որովհետև համալսարանի որևէ մակարդակի ղեկավար նման լիազորություն չունի: Իսկ դրա հետևանքով տուժում են ուսանողները, որոնք (նկարներ տեսա, որ հրապարակել են ուսանողները) այսօր գնացել են համալսարան և սպասում են դասախոսներին: Նշանակում է՝ խախտվել է ուսանողների կրթություն ստանալու իրավունքը»:

Անդրադառնալով հավաքի ինքնաբուխ լինելու մասին պնդումներին՝ մեր զրուցակիցը հավելեց. «Եթե բողոքի ձայնն էին բարձրացնում, ինչո՞ւ է ղեկավարությունն այս ամենին խառնված, ինչո՞ւ է ռեկտորի պարտականությունները կատարողն առանձին գրառում կատարել այս մասին (նկատի ունի Արմեն Գրիգորյանին, որը այսօր Կառավարության առջև էր.- Զ.Դ․), ինչո՞ւ է այդ ցույցի ժամանակ կանգնած խոսում:

Սա նաև ակնհայտ է դարձնում այն հանգամանքը, թե ինչու էր ամիսներ առաջ նախարարն օրենքի կրկնակի խախտումով պնդում, որ հենց այդ անձը կատարի ռեկտորի պարտականությունները, որպեսզի նմանատիպ իրավիճակներում վերահսկողություն լինի համալսարանում, որովհետև, եթե հանկարծ չեզոք մարդ լիներ, այս հավաքը երբևէ չէր կազմակերպվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս