«Ինչքա՞ն ապիկար պետք է լիներ Նիկոլ Փաշինյանը, որ հիմա այն հարցին՝ «բա Սերժի վախտ լա՞վ էր», սկսի լսել՝ «այո, Սերժի վախտ ավելի լավ էր»». Արմեն Աշոտյան
Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին, որ նա պաշտոնից չի հեռացնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
Նշենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Հարությունյանի հրաժարականը պահանջում են տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, անհատ գործիչներ:
«Նման հանրային դժգոհության և ատելության ալիք, որ առաջացել է այդ գործչի շուրջ, միայն օգուտ է Կառավարության և Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը հետևողականորեն քանդելու համար: Ինչքան երկար Նիկոլ Փաշինյանը թևերը փռի բոլոր իր ձախողած կադրերի վրա, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանք փաթեթով կգնան»,- ասաց Աշոտյանը:
Օրեր առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդում էր ներկայացրել խորհրդարանին՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որը մերժվեց:
ՀՀԿ փոխնախագահին մտահոգել է այս հարցով ԱԺ-ի քննարկումը։ Ա․ Աշոտյանի պնդմամբ՝ «Լուսավոր Հայաստանը» բովանդակային առումով պետք է ավելի լավ պատրաստվեր հարցապնդմանը:
«Բայց ինձ ավելի շատ տխրեցրեց այն փաստը, որ այն մարդիկ, որոնք ներկայանում են՝ որպես ազատական ընդդիմություն, իրական ընդդիմություն, ինչին դժվար է հավատալ, ԱԺ ամբիոնից Արայիկ Հարությունյանին մեղադրում են նրա համար, որ, ենթադրենք, ինչ-որ մի հանրապետական տնօրեն կա իր համակարգում աշխատող: Ես զարմանում եմ՝ էս ի՞նչ ընդդիմություն է, առհասարակ ի՞նչ լիբերալներ են, ի՞նչ դեմոկրատներ են, որ պահանջում են, կամ նախարարին մեղադրում են նրանում, որ իր օրոք հանրապետականները դեռևս աշխատում են: Հիասթափեցնեմ ձեզ, հանրապետականները շատ են, տարբեր համակարգերում, ոմանք ձեզ հասանելի են, տեսանելի են, գիտեք իրենց մասին, ոմանք՝ չէ, և այդ հսկայական քաղաքական ընտանիքը մի օր ժողովրդի հետ ոտքի է կանգնելու»,- ասաց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նկատեց նաև, որ 2.5 տարվա ընթացքում փոխվել է վերաբերմունքը «նախկինների» և նրանց հնարավոր վերադարձի նկատմամբ:
«Ինչքան ապիկար պետք է լիներ մարդը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որ 2018թ.-ի ապրիլին գործընթացներով գա իշխանության, և հիմա այն հարցին՝ «բա Սերժի վախտ լա՞վ էր», սկսի լսել՝ «այո, Սերժի վախտ ավելի լավ էր»: Ես չեմ ասում, որ այդ պատասխանն այլևս զանգվածային է, բայց դառնում է մոդայիկ»,- ասաց Աշոտյանը:
Նրա կարծիքով՝ սա խոսում է այն մասին, որ մարդիկ ոչ միայն հիասթափվել են, այլև արդեն բարձրաձայնում են իրենց դժգոհությունը: Ինչ վերաբերում է «նախկինների» վերադարձին, Աշոտյանի դիտարկմամբ՝ նրանք հայտ չեն ներկայացրել:
«Եթե «նախկին» ասելով՝ հասկանում ենք նախկին 3 նախագահներին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանից նման հայտարարություն, որ նա անձամբ ուզում է գալ իշխանության, ես չեմ լսել, Ռոբերտ Քոչարյանի հանրային ելույթներից ունեմ տպավորություն, որ նա պատրաստ է աջակցել՝ չունենալով անձնական ընդգծված ամբիցիա այս փուլում: Սերժ Սարգսյանը նույնպես իր ասուլիսում հայտարարեց, որ իշխանության վերադառնալու ծրագրեր կամ ամբիցիաներ ինքը չունի»,- ասաց Աշոտյանը: