«Սրանք իրականում մտահոգություններ են, որոնք Ռոբերտ Քոչարյանը բացահայտ ասում է, տողատակեր չկան». Քաղտեխնոլոգ

Սեպտեմբերի 18-ին Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է մի քանի փորձագետների հետ, որի ժամանակ անդրադարձել է Արցախի հիմնահարցի կարգավորմանը:

«Առաջին հերթին պետք է հասկանալ` ինչ չի կարելի անել Արցախի հարցում: Այսօր չգիտեն: Նույնացնել Արցախը Հայաստանի հետ` այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել, այն ցուցումն է, որը պետք է կարմիր գույնով գրված լինի՝ «մի՛ արա»: Գործընկերոջից ենթակայի կարգավիճակի բերելը ծանրագույն վնաս է ամբողջ գործընթացին և, ի դեպ, նաև անվտանգությանը: Եթե դու մտածում ես, որ Հայաստանը չի կարող զարգանալ, ուրեմն քո համար Ղարաբաղը բեռ է, որից պետք է օր առաջ ազատվել։ Հնարավոր է՝ լավ տարբերակով, հայանպաստ տարբերակով, բայց, այնուամենայնիվ, ընկալումը, որ սա բեռ է, կար։ Մեր խնդիրը եղել է՝ ապացուցել, որ դա այդպես չէ։ Որ դա բեռ չէ, դա հնարավորություն է։ Ղարաբաղի մարտունակությունը, ընդհանրապես, անվտագության հարցերում քո մոտեցումը, Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններում ասիմետրիկ կոնֆեդերատիվ ինչ-որ բան կառուցելը լրացուցիչ ուժ է հաղորդում, և բանակցային գործընթացում դիտորդները սկսում են հասկանալ, որ դու բեռից ազատվելու հոգեբանությամբ չես առաջ շարժվում։ Եվ վերագնահատվեց ամեն ինչ։ Եթե մենք տնտեսական հաջողություններ չունենայինք, նաև այս մոտեցումը չէր փոխվի։

Բանակցային գործընթացում վճռականությունը, տնտեսական հաջողությունները, նաև բանակի ակնհայտ ուժեղացումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների, հատկապես՝ ռազմատեխնիկական ոլորտում ավելի բարձր աստիճանի հասցնելը․ այս բոլոր կոմպոնենտները բերեցին նրան, որ միջնորդները սկսել են հասկանալ, որ Ղարաբաղից արագ ազատվելու մոտիվացիա չկա։ Հակառակը, կա Ղարաբաղը շատ և շատ երկար պահելու, ուժեղացնելու մոտիվացիա, և, ի վերջո, ապագայում Հայաստանի հետ միավորելու մոտիվացիա կա։ Նման պարագայում, իհարկե, մոտեցումները փոխվում են, որովհետև միջնորդն ուզում է հաջողության հասնել, բայց հաջողության հասնել հնարավոր տարբերակների մեջ։ 1999-2000-2001 թվականներին նրանց համար հաջողության հասնելու այլ տարբերակ արդեն գոյություն չուներ»,- հանդիպման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը:

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և հնչեցրած մտքերին՝ նախ ասաց, որ Ռ. Քոչարյանի կողմնակիցները նրա մասնակցությամբ իրականացնում են հարցազրույցների շարք, որտեղ Երկրորդ նախագահն անդրադառնում է տնտեսության ներկայիս վիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը, և այլն:

«Հազվադեպ է եղել, որ Ռ. Քոչարյանը  դիրքորոշում հայտնի, նա տեսակետ է հնչեցրել հատուկենտ, նկատի ունեմ՝ այս տարիների ընթացքում, բայց հիմա բավականին լայն ձևով իր կարծիքը ներկայացնում է հասարակությանը: Հարցազրույցը պետք է դիտարկենք լայն իմաստով ՝ Երկրորդ նախագահի ակտիվ քաղաքական գործունեություն  իրականացնելու համար համապատասխան տեղեկատվական փիառ-պլացդարմ կառուցելու տեսակետից, քանի որ սա այդ խնդիրն է լուծում»,- ասաց նա:

Ըստ նրա, եթե նեղ իմաստով դիտարկի Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, ապա այն Արցախի հարցի լուծման հետ կապված Երկրորդ նախագահի տեսակետն էր, հուշերը գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև իր դիրքորոշումը, թե ներկայիս իշխանություններն Արցախի հարցի հետ կապված ինչ քաղաքականություն են վարում:

«Ինչպես Քոչարյանն իր հարցազրույցում ասաց, մարտունակ բանակով չի կարելի երկարատև հաջողության հասնել, որովհետև, ի վերջո, բանակը մարտունակ է մնում բավականին հզոր տնտեսության առկայության դեպքում: Եթե տնտեսությունը հզոր չէ, մարտունակ բանակը մարտունակությունը կկորցնի: Սրանք իրականում մտահոգություններ են, որոնք ՀՀ երկրորդ նախագահը բացահայտ ասում է, տողատակեր չկան: Այսինքն՝ նա ասում է, որ տնտեսությանը ցուցաբերվող մոտեցումները պետք է փոխվեն, Արցախի հարցի կարգավորման հետ կապված ներկայիս քաղաքականությունը՝ նույնպես: Իհարկե, այնտեղ կան որոշակի կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել, օրինակ, նա նշեց, որ գիտի, թե որոշ հարցեր ինչպես պետք է լուծի, սակայն լուծումների մասին չի ասի, սա իր մեջ խնդիրներ պարունակող պահեր էր, որին հետագայում գուցե անդրադառնա: Այդուհանդերձ հարցազրույցն ամբողջությամբ ՀՀ երկրորդ նախագահի իմիջային-ռեբրենդինգին ուղղված հերթական քայլերից մեկն էր»,- նշեց քաղտեխնոլոգը:

Հարցին՝ Երկրորդ նախագահի կողմից իմիջային-ռեբրենդինգային քայլը որքանո՞վ հաջողություն կունենա, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ որոշակի հաջողությունների արդեն հասել է:

«Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այն բացասական դիրքորոշումը, որը կար նախկինում, մասնավորապես՝ 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո, նրա հանդեպ կար ընդգծված բացասական դիրքորոշում, ավելին՝ հասարակությունն ուրախացել էր, որ նրան կալանավորեցին․․․ Իսկ այժմ կարող ենք ասել, որ փիառ- ռեբրենդինգի արդյունքում առնվազն Ռ. Քոչարյանի նկատմամբ բացասական տրամադրված հասարակության թիվը նվազել է: Սա կախված է նաև այլ հանգամանքներից: Իշխանությունը, որն ընդդիմադիր եղած ժամանակ հայտարարում էր, թե Ռ. Քոչարյանը 4 մլրդ դրամի ունեցվածք ունի, սակայն այս 2,5 տարվա ընթացքում չկարողացան 4 մլն դրամ էլ գտնել, չնայած նրան, որ վարչապետի ձեռքի տակ գտնվող բոլոր իրավապահ մարմինների ամբողջ գործունեությունը ուղղված էր այդ 4 մլրդ դրամի հայտնաբերմանը»,- ընդգծեց նա:

Թե հարցազրույցից իշխանություններն ի՞նչ հետևություններ պետք է անեն, քանի որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի նախագահելով՝ Արցախի հարցի հետ կապված տիրապետում է բազմաթիվ նրբությունների, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ իշխանությունները որևէ հետևություն էլ չեն անի, քանի որ նրանք այլ տեսակետ չեն ընդունում և առաջնորդվում են այն մոտեցմամբ, որ բոլորը սխալ են, իրենք՝ ճիշտ:

Տեսանյութեր

Լրահոս