«Ադրբեջանի և Թուրքիայի վերջին օրերի հայտարարությունները պատերազմի նախապատրաստություն են». Արման Աբովյան
«Այո, պետք է փաստել, որ Ադրբեջանի նախագահը և ոչ միայն նա, Թուրքիայի նախագահը, արտգործնախարարը շատ ակտիվ տեղեկատվական պատերազմ են վարում այն ուղղությամբ, որ հնարավոր է ռազմական սադրանքների գնան: Այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք վերջին օրերին, որոնք մի կողմից մտահոգիչ են, մյուս կողմից էլ՝ մեզ կարող են զավեշտալի թվալ, շատ հստակ տեղավորվում են այդ նախապատրաստական տրամաբանության մեջ»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը:
Նա հիշեցրեց, որ օգոստոսին Ադրբեջանը և Թուրքիան համատեղ անցկացրեցին ռազմական զորավարժություններ Նախիջևանի տարածքում, որտեղ տեղակայվեցին թուրքական զորքեր, զրահատեխնիկա:
Նա նաև շեշտեց, որ մամուլում հայտնված տեղեկատվությունը փաստում է այն մասին, որ Թուրքիան Նախիջևանում շատ ակտիվ տեղակայում է իսլամիստների:
«Սա փաստում է, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով տանում է նախապատրաստական աշխատանքներ: Ի՞նչ պետք է մենք անենք, առաջին հերթին պետք է բոլոր միջազգային խողովակներով բարձրացնել այս հարցը: Մենք իհարկե ունենք այդ ապացույցը, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում են ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում: Պետք է նաև հստակ իմանալ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Արցախի շուրջ, մեզ ստիպեն միջազգային ասպարեզում գործել ավելի դիվանագիտորեն և ինչու ոչ՝ ագրեսիվ»,-եզրափակեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում