«Շուտով նոր ուժ է գալու. Հայաստանը վերելք է ունենալու». Արծրուն Պեպանյան
Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի կարծիքով՝ անկախության ձեռքբերումներից է պետության ինստիտուտների կառուցումը, բանակը, աշխարհում ճանաչվելը:
«Նշանակալի ձեռքբերումներ ունենք, որի մասին մեր նախնիները դարեր շարունակ երազել են, բայց եթե գնահատենք, թե արդյո՞ք անկախության հռչակումից հետո ստեղծել ենք այն պետությունը, որը, օրինակ, աուդիտ անեին և գնահատեին, ասեին՝ բավարարում է միջազգային չափանիշերին, այդ առումով մենք թերություններ ունենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արծրուն Պեպանյանը:
Նրա գնահատմամբ՝ անկախության զգացողությունը բավարար աստիճանի բարձր չէ ժողովրդի մոտ. «29 տարի առաջ էլ բարձր չէր: Ես շատ լավ հիշում եմ՝ այդ օրը ինչ ցնծություն էր, գյուղերում՝ խարույկներ, խնջույքներ, մարդիկ նշում էին այդ պատմական պահը, և հասկանալի էր: Բայց հարց էր՝ այն մարդիկ, որ ցնծում էին, արդյո՞ք այդ պահին ունեին այն անհրաժեշտ պատրաստվածությունը և զգացողությունը, որ հետո հռչակված պետությունը պահեին: Ցավոք սրտի, կյանքը ցույց տվեց՝ դա չկար, և այսօր էլ, երբ հարցում անենք, շատերը կասեն, որ այդ անկախության համար մենք նույնիսկ պատշաճ չենք էլ պայքարել, դա ընկավ մեր գլխին՝ ԽՍՀՄ-ը փլուզվում էր, մենք պետք է անկախանայինք, էլի: Այդ զգացողությունը կա, և տրամաբանական է, բայց իրական անկախությունը սկսվել է շատ ավելի շուտ»:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ անկախություն ձեռք բերելով՝ հայ ժողովուրդը կորցրել է ուտոպիաները. «Մենք մեզ խաբում էինք, թե ռուսներ էին մեղավոր, հետո այդ ուտոպիաները կոտրվեցին. պարզվեց՝ ոչ, մենք խնդիրներ ունենք, ոչ բոլորն են, որ ուզում են հասկանալ խորությունը, էլի մնում են մակերեսային տիրույթի մեջ՝ Լևոնն է մեղավոր, հետո պարզվեց՝ Լևոնը չէ՝ Ռոբերտն է, հետո պարզվեց՝ Ռոբերտը չէ՝ Սերժն է, հիմա էլ պարզվեց՝ Սերժը չէ՝ Նիկոլն է, հետո էլ կպարզեն, որ մեկ ուրիշն է: Հիմա արդեն ահագին շերտ դուրս է գալիս այդ մակերեսայնությունից»:
Արծրուն Պեպանյանն ընդգծեց. «Եթե համեմատենք Հայաստանի 4 իշխանությունները, այսօր ամենապակաս անկախ իրավիճակն է: Քանի որ մենք պատրաստ չէինք անկախության, մենք նաև անհրաժեշտ չափով դիմադրողունակ չէինք: Դրսում կան ուժեր, որոնք մեր ազգի առաքելության մասին մտածում են այնպես, ինչպես ես եմ մտածում, և դա իմանալով՝ փորձում են խանգարել»:
Նրա կարծիքով՝ գալու է մտածողությունը, որից հետո հասարակության վերին շերտերը դա ընկալելու են, որից հետո ձևավորվելու են սոցիալ-մշակութային հոսանքներ,ը ու Հայաստանը վերելք է ունենալու. «Նոր ուժը, որը շուտով գալու է, ունենալու է պետությունը վերակառուցելու ծրագիր, եթե նույնիսկ ինքն իշխանության չի: Իշխանությունն իրեն պետք է արագ անելու համար: Մեզ մոտ ինչպե՞ս էին անում, ասում էին՝ գանք իշխանության, հետո կանենք: Դրա համար ունենք այս իրականությանը՝ մարդիկ եկել են իշխանության, բայց չգիտեն՝ ինչ անել: Նոր հոսանքը սկսելու է նորը կառուցել, և իշխանությունը կարող է չվերցնել էլ: Ձևավորումը տեսնում եմ, կան մարդիկ, որ այդ ուղղությամբ աշխատում են, և դա իրականության պահանջն է: 30-րդ տարին կլինի մեր մանկապարտեզային փուլից դուրս գալը, մենք արդեն պետք է գնանք պետականաշինության դպրոց»:
Մանրամասները՝ 168TVտեսանյութում