«Նախկինները եկան՝ այս շենքերը գրավեցին, նորերի սրտիկներն էլ այստեղ բնակարաններ ունեն, այդ որտեղի՞ց». Եկմալյանի բնակիչ

«Մեր տունը ներկայացնեմ, որ կիսաքանդ վիճակում է, ոչ բնակվելու է, ոչ էլ լրիվ քանդված է, բայց այս հասցեում արդեն թոռներ կան, որ չեն բնակվել, տան երես չեն տեսել, բայց այս հասցեից գնալու են բանակ»: Այսպես արդեն շուրջ 15 տարի կառավարությունից իրենց տներն են պահանջում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Եկմալյան փողոցի բնակիչները: 2006 թվականից սկսած տարածքը մի քանի անգամ գերակա հանրային շահ է ճանաչվել ու տների մի մասը քանդվել է, իսկ փոխարենը՝ նույն տեղում կառուցվել են բազմաբնակարանային շենքեր: Այսօր Եկմալյանի հին տներից մի քանիսն են պահպանված, սակայն տարրական պայմաններ էլ չկան, ջուրն անգամ այլ տեղերից տարաներով են բերում: Բնակիչներն ասում են՝ եղել է պայմանավորվածություն, որ նորակառույց շենքերում իրենց բնակարաններ են տրամադրելու, սակայն շուրջ 15 տարի ապրում են վարձով՝ չունենալով ո՛չ կառավարության, ո՛չ քաղաքապետարանի աջակցությունը: Վերջերս կրկին դիմել են Երևանի քաղաքապետարան, սակայն պատասխանը, մեղմ ասած, չի  գոհացրել:

«Գրություն ենք ստացել քաղաքապետարանից, մեզ պատասխանել է, որ 2007 թվականին ճանաչվել է գերակա շահ, հետո չի կառուցվել, հետո 2012 թվականին, 2015 թվականին անվավեր է ճանաչվել ու վերջ: Այս պատմությունը մենք լավ գիտենք, մենք պատմության դասատուին չենք դիմել, դիմում ենք քաղաքապետարան, որ մեզ պատասխանեն, թե ի՞նչ եք մտածում մեր մասին, մեր բնակարանները քանդվել է, անտուն ենք մնացել»:

Բնակիչները քաղաքապետարանից էլ ոչինչ չեն պահանջում, քանի որ, ըստ  նրանց,  քաղաքապետ Հայկ Մարությանին ընդհանրապես չի հետաքրքրում այս խնդիրը, ավելին, երբ Արթուր Մեսչյանը զբաղեցնում էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նրա հետ քննարկումներ են ունեցել, որին նաև տարածքով հետաքրքրված ներդրողներն են մասնակցել, սակայն Մարությանը չի էլ ցանկացել տեսնել, թե ինչ նախագծեր են առաջարկվել:

«Տասնյակ գծագրեր գծվեց, Մեսչյանը վերցնում բարձրանում էր Հայկ Մարությանի մոտ, Հայկ Մարությանը ոչ թե մերժում էր, այլ շպրտում էր: Հիմա քննարկում են ուրիշ ներդրողի հետ: Եղբայր, չեք տալիս, մի տվեք, խնդիր չկա, ընդհանրապես մի տվեք, մնացել է 2000 քառակուսի մետր, այն ներդրողը, որը գնել է մյուս 2000 մետրը, ինչ ուզում է՝ թող անի, մեզ այլևս չի հետաքրքրում: Այստեղ խնդիրն այն է, որ ինչ-որ մեկի սիրտը Եկմալյանի միս է ուզում, եթե կա ներդրող, կա գումար, եթե մերժեցիք այս կամ այն ներդրողին, այստեղ ինչ-որ խաղեր են գնում, մեզ տեղյակ չեն պահում:

Մենք չունենք քաղաքապետ, մենք չունենք քաղաքապետարան, եթե մենք դիմումներ ենք գրում, և անպատասխան են մնում՝ քաղաքն ունի քաղաքապետի կարիք: Քաղաքապետը տարին 12 ամիս մեղրամսի մեջ է, իր արձակուրդն է, ի՞նչ է անում՝ մենք չգիտենք: Քաղաքը աղաչում և խնդրում է, որ ինքը նվեր անի, շուտով Երևանի տոնն է, մաքրի քաղաքն իր ներկայությունից»:

Եկմալյանի բնակիչների պահանջը մեկն է՝  կառավարությունն իրենց գումարային փոխհատուցում տա կամ կենտրոնում՝ իրենց քանդված տներից 50 մետր հեռավորությամբ, ապահովեն բնակարաններով:

«Այս կտորը, թող որոշեն՝ իրենց սրտի օլիգարխին են տալիս, այդ գործարարին… ոչինչ չի փոխվել, նախկինում էլ էր իրենց օլիգարխներին, հիմա էլ են տալիս՝ այդ աճուրդները, ամեն ինչը: Հիմա ո՞վ է գնում, մեզ համար միևնույն է, կլինի՞ պատրաստի շենքեր, բայց ասեմ՝ կենտրոնում, քանի որ կառավարության որոշման մեջ նշված է, եթե տարածքը կենտրոնում է՝ առաջին գիծ՝ պետք է ապահովեն 50 մետրի վրա, եթե կապահովեն 50 մետրի վրա՝ իհարկե, համաձայն ենք շենքերի, եթե ոչ՝ այսօրվա շուկայական գներով:

Եկմալյանի բնակիչներին նաև զայրացրել է, որ հեղափոխությունից հետո իշխանության ներկայացուցիչները միանգամից կարողացան թանկարժեք բնակարաններ ձեռք բերել կենրոնում, ասում են՝ նրանցից մեկն էլ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, որին մի անգամ «անհանգստացրել» է Եկմալյան փողոցում բնակիչների կազմակերպած ակցիան:

«Նոր իշխանությունից Ալեն Սիմոնյանը 2 հատ տուն՝ մի հատ՝ այս շենքից, մի հատ՝ մյուս շենքից: Մինչև դա ձեռք բերեիք, մենք թաղի բնակիչներ ենք, իրենց չենք տեսել մեր այս թաղերում, դա եղել է հեղափոխությունից հետո, այդ ինչպե՞ս ստացվեց, անգամ փաբերում էիք պարտք, այդ որտեղի՞ց այս գումարները, որ միանգամից եկաք ու տներ գնեցիք, այդ ինչո՞ւ մենք չենք կարողանում, մեր քրտինքով, աշխատանքով, մի հատ տուն ձեռք բերել: Այդ ո՞նց եղավ, որ հեղափոխությունից հետո այդ սրտիկները եկան նորից լցրեցին: Նախկիններին էինք, չէ՞, ասում՝ նախկինները եկան՝ այս շենքերը գրավեցին, նորերի սրտիկներն էլ այստեղ բնակարաններ ունեն, ուզում եմ պարզել, այդ որտեղի՞ց: Ախրանաներով ման են գալիս, տղա ջան, այդ ախրանաները՝ պետական միջոցներով, այդ, որ մարդիկ տառապում լցնում են բյուջեն, այդ ախրանան 2 հոգի, ինչո՞ւ ես դրել, ման գալիս մեր թաղի մեջ, դու խփում մարդու բերան ես ջարդում, ախրանայով էլ մա՞ն ես գալիս: Լավ, այսօր ման եկար ախրանայով, մյուս ընտրությանը մեր թաղի մեջ դու կարո՞ղ ես ախրանայով ման գալ, դու պիտի ստիպված տներդ ծախես գնաս, որովհետև քեզ հիշելով՝ հիշելու ենք, որ ոչինչ չարեցիք:

Անգամ, ես այստեղ միտինգ էի անում, Ալեն Սիմոնյանը տղա էր բերել վրես, տղա էր բերել վրես՝ հարձակվեք…  փակել էի տարածքները, տղա էր բերել վրես: Ինձ տարան միլիցիայություն, որ՝ գրի՝ ի՞նչ իրավունքով, սեփականությունը տարա ցույց տվեցի, ու այս իրավունքով, որ սեփականատեր եմ, իմ հողերը ոտնահարված  է, Ալեն Սիմոնյան, անգամ դու իմ վրա բերել ես բնակիչներին, ո՞ւր եք բա հիմա: Ես իմ թաղի մեջ էլի ազատ ման կգամ, ես այս թաղի սերունդն եմ, բայց դուք գնալու եք բոլորդ»:

«Գոնե տուն ունենանք, իմանանք՝ թաղում կանեն, պանիխիդա կանեն, ժողովուրդ կհավաքվի, անտուն մնացել ենք, գոնե թաղման տեղ ունենանք՝ մեզ դնելու»:

Ինչպես ամեն հինգշաբթի, այս հինգշաբթի օրն էլ եկմալյանցիները հավաքվել էին կառավարության դիմաց և բողոքի ակցիա էին իրականացնում: Ասում են՝ եթե նախկինում վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը լրագրողների աչքից հեռու հանդիպում էր իրենց հետ, հիմա դա էլ չի անում: Ավելին, ակցիայի ժամանակ Ղամբարյանին շենքի մոտ տեսնելով՝ քաղաքացիները նրա հետևից մի քանի տասնյակ մետր գնացին՝ բացականչելով, որ ուզում են լսի իրենց, Ղամբարյանը չմոտեցավ նրանց և մտավ կառավարության շենք:

Քաղաքացիներն ասում են՝ շարունակելու են իրենց պայքարը, որպեսզի մի օր լսեն տարիներով սպասած լուրը՝ նոր բնակարաններ են ստացել:

Տեսանյութեր

Լրահոս