Բաժիններ՝

Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 35-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ:

2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում 35-ամյա տղամարդու կողմից ծեծի ենթարկվելուց և մահակի հարվածներից արյունահոսող մարմնական վնասվածքներ ստանալուց հետո, նույն քաղաքի 23-ամյա բնակիչը, տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Շիրակացի փողոցի 61 թաղամասի պուրակում, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է նշված վայր, որտեղ իրեն ծեծի ենթարկելու հարցի շուրջ վիճաբանել է 35-ամյա տղամարդու հետ և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել նրա ձախ զստափոսի շրջանին՝ պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածք: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1986թ., նույն օրը՝ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ պուրակում, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, մի քանի մտերիմների հետ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` անցորդների և մոտակա շենքի բնակիչների ներկայությամբ վիճաբանել է Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների հետ, որի ընթացքում աղմկել է, բղավել, հայհոյել, բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ, այդ թվում` մահակով, քարերով վնասել նրանցից մեկի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և դանակի բացահայտ ցուցադրմամբ ոտքով հարվածել դեպքի վայրին կից փողոցի բանուկ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցին, վիրավորել նշված տրանսպորտային միջոցի վարորդին:

Խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական գործին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս