«Թող ինձ հիշեցնեն մի դեպք, որ ներկայիս իշխանությունները կարողացել են Սերժ Սարգսյանի դիմաց կանգնել ու խոսել». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում վարչապետի, իշխանության և ԲՀԿ-ի միջև, ունի քաղաքական նպատակներ և ենթատեքստեր:

«Այդ բանավեճը ես չեմ ուզում և չեմ էլ կարող մեկնաբանել, քանի որ չեմ ուզում մտնել երկու, ըստ էության, նախկին գործընկերների տարածք, որովհետև, երբ նրանք հուշագիր էին ստորագրում, ինձ չեն հարցրել, չէ՞, կամ՝ որ բանավիճում են, էլի չեն հարցրել: Այսինքն՝ այստեղ իմ անելիքը չկա, կարծում եմ՝ ցանկացած քաղաքական խնդիր պետք է լուծվի առանց վիրավորանքների՝ քաղաքական բարձր դեբատի մակարդակը պահելով: Մենք փորձել ենք այդ դեբատի մակարդակը չիջեցնել, բայց երբ սկսում են քեզ խփել գոտկատեղից ներքև, ինչ-որ իրավիճակներում  պատասխանը դառնում է գոտկատեղից ներքև»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը, որ իշխանությունն էլ ասում է՝ ժամանակին ԼՀԿ-ի այսօրվա ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի հետ չէին կարողանում խոսել, Էդմոն Մարուքյանը նշեց.

«Թող ինձ հիշեցնեն մի դեպք, որ ներկայիս իշխանությունները կարողացել են Սերժ Սարգսյանի դիմաց կանգնել ու խոսել: Ես գոնե նման բան արել եմ, իրենք արե՞լ են, հո խոսելով չէ՞: Ես, 8 տարի է, այս շենքում եմ, բոլորի չափերը գիտեմ, կամ իր չափն ով ինչպես է պահել: Ուզում եմ ասել, որ մի 20 օրից Հայաստանում ցրտերը կընկնեն, և դրա համար ընդդիմությունն է մեղավոր, սա նույն կոնտեքստում է էլի: Ընդդիմության մեղքով ցրտերը կգան, հետո տերևաթափ կլինի»:

Նա նաև նշեց, որ վարչապետին հարց են տալիս, թե նա Նյու Յորքից Փարիզ թռչելիս ինչո՞ւ էր իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, այն դեպքում, երբ Փաշինյանը մարդկանց ասում է՝ մեկ տուփ ծխախոտ քիչ ծխեն, մեկ շիշ օղի քիչ խմեն՝ փողը տնտեսեն, չեն պատասխանում, ասում են՝ գաղտնիք է:

«Մենք նրան հարցնում ենք՝ այդ դիզայնը փոխելու համար որքա՞ն գումար են ծախսել, ասում են՝ գաղտնիք է: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել, պետք է բացահայտեն, ասեն: Իշխանությունը, որը ժողովրդին ժուժկալության կոչ է անում, ինքն ամենաժուժկալը պետք է լինի: Հեղափոխական իշխանությունը պետք է ընդհանրապես ճգնավորի պես ապրի»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում, Էդմոն Մարուքյանն ասաց. «Ո՛չ տաք է, ո՛չ սառը, եթե մի նախարարին խորհրդարանից մի պատգամավոր փոխարինի, դա ի՞նչ է փոխելու: Ընդհանուր մոտեցումները չի փոխվում, իշխանությունը շարունակում է  մնալ այն գծի մեջ, որտեղ անգամ սխալի դեպքում չեն զիջում: Սա վատ տեղ է տանելու, ժողովրդավարական արժեքները տանում է ամբողջատիրության»:

Մանրամասներ՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս