Իրավիճակն ավելի է բարդանում․ Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են

Սեպտեմբերի 4-ին ավտոներկրողները բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության առջև՝ ներկայացնելով Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարանիշով մեքենաների առգրավման մասին տեղեկությունը:

Ավտոներկրողների կարծիքով՝ հարցը քաղաքական դաշտում է, քանի որ առգրավումները մեծ մասամբ անօրինական են:

«Մեքենաները սահմանված կարգով են տարվել ՌԴ, մաքսազերծվել, սահմանված կարգով նաև անվանափոխություն է տեղի ունեցել: Մենք այստեղ շատ բացասական միտումներ ենք տեսնում, ուստի շատ ենք ուզում, որ, ի վերջո, ինչ-որ մեկը մեզ հետ խոսի: Հակառակ դեպքում սա նշանակում է՝ բազմաթիվ մարդկանց պարտքի տակ գցել, ովքեր էլ գույք, տուն կկորցնեն: Ցավոք, մինչև օրս ոչ մեկը կապ չի հաստատել մեզ հետ: Ում հետ ուզում ենք հանդիպել՝ դուռը մեր առջև փակում են՝ լինի նախարարություն թե գերատեսչություն: Գոնե ինֆորմացիայի փոխանակում անեն, սա էլ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:

Այսօր արդեն հերթական տեսանյութերն են տարածվել հայկական համարանիշով մեքենաների առգրավման մասին:

«Իրավիճակն ավելի է բարդանում, Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են, իսկ մեր իշխանությունը լռում է»,- մեզ հետ զրույցում նշեցին ավտոներկրողները՝ հավելելով, որ խնդրի չլուծման դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջ գալու, որոնք լուծելն անհնար է լինելու: Օրինակ, ՌԴ-ից մեքենաների վերադարձի մեծ հոսք կարող է լինել: Հետևաբար՝ նախօրոք պետք է կանխել այս ամենը:

Հավելենք, որ ՀՀ կառավարությունից աջակցություն են ակնկալում նաև ռուս գնորդները, ովքեր նշում են, որ ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք կարծես թե չի լսում իրենց ձայնը, ուստի որոշել են դիմել ՀՀ վարչապետին:

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիները, ովքեր որ ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված է տեսաուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս