Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 910-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 926 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Սեպտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 285 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1211-ի:
Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 138 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 369, փաստացի բուժվողներինը՝ 3330 (մեկ օրում ավելացել է 98-ով): Մեկ օրում արվել է 3769 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 255 927 թեստ: