«Պարոն վարչապետ, ի՞նչ եղավ ուսապարկը, ի՞նչ եղան ձեր խոստումները». մաքսատուրքերի թանկացումից դժգոհ տնտեսվարող
Կառավարության շենքի մոտ այսօր կրկին հավաքվել էին հագուստի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները և պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրանք արդեն 2 շաբաթ ահազանգում են, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած նոր փոփոխություններով նույն ապրանքի համար մի քանի անգամ ավելի են վճարելու, և, որ չեն կարող այդ գներով շարունակել աշխատել:
Ակցիայի մասնակից մի կին նշեց, որ ինքը զայրացել է, քանի որ այս իշխանությունները, վարչապետն այլ խոստումներով եկան, ինքը հավատացել է նրան, բայց այսօր իրեն խաբված է զգում:
«Իրենց ինչ պետք է՝ փոխում է, ինչքան իրեն մարդ կար՝ բերեց, դրեց պաշտոնների, այս կարանտինի ժամանակով ինքը սահմանադրություն է փոխում, դատավոր է փոխում, դատախազ է փոխում, բերում է անօրինական նստացնում է պաշտոնների, մի հատ տեսեք, ո՞ր մեկն է այդ պաշտոնին հավասար կրթություն ունեցող, ինչքան ջահել կազմ կա, բերել նստեցրել է, ոնց ուզում՝ անում է: Ինքը խի՞ խաբեց մեզ, եթե ինքը ի վիճակի չէր կառավարելու պետությունը, ինչո՞ւ է մեզ այս վիճակի մեջ դրել: Ոնց որ ընտանիքի հայրն է տիրություն անում իր ընտանիքին, նա պետք է տիրություն անի իր երկրի ժողովրդին, պետք է մտածի բոլոր այն ընտանիքների մասին, որոնք պետք է ապրեն, հաց ուտեն, գոյատևեն, ոչ թե վերջին հացն ուզենա ձեռքից վերցնի: Նա պարտավոր է, չէ՞ որ խոսք էր տալիս, ինքը մեզ հետ էր՝ « Ժողովուրդ ջան, ես ձեզ հետ եմ, Հայաստանը մենք ենք, մեր ժողովուրդն է», իսկ ո՞ւր է հիմա, պահանջում ենք՝ մեզ միանա»,- ասաց նա:
Տիկնոջ խոսքով՝ վարչապետն ամեն ինչ պետք է անի, որպեսզի այս հարցին լուծում տա՝ ժողովրդի շահերը պաշտպանի: Նա կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին.
«Պարոն վարչապետ, մենք ձեզ խնդրում ենք, դիմում ենք, ստիպում ենք, եկեք միացեք մեզ, մենք ձեր հետ ենք եղել, դուք էլ պարտավոր եք լինել մեր կողքին: Այսօր դուք մեզ հետ պետք է լինեիք, ոնց որ տարիներ առաջ ձեր ուսապարկը ձեր ուսին՝ մեզ հետ էիք, իսկ հիմա ի՞նչ եղավ ուսապարկը, ի՞նչ եղան խոստումները, ով նստում է վերև, արդեն մոռանո՞ւմ է: Մեկ շաբաթ է՝ մենք գալիս ենք առավոտից իրիկուն այստեղ, խնդրում ենք, որ հանդիպենք, արդեն մոռացա՞ք այդ ժողովրդին»:
Քաղաքացիների խոսքով, եթե մաքսազերծման գները չվերանայվեն՝ դա պատճառ է հանդիսանալու, որ Հայաստանի բնակչությունն օր առաջ արտագաղթի:
«Ժողովուրդն ավելի կսնանկանա, կթողնեն ու կգնան, ճանապարհը բացվեց՝ Հայաստանի 80 տոկոսը կգնա: Պետք է ինքը ժողովրդին պահի, հնարավորություն եղավ՝ բոլորս էլ կթողնենք-կգնանք, տեսնենք՝ ո՞նց են պահելու»,- եզրափակեց ակցիայի մասնակիցը:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները 5 հոգանոց խումբ ձևավորեցին և հանդիպեցին վարչապետի 2 օգնականների՝ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ, ապա հանդիպումից դուրս գալով՝ լրագրողներին տեղեկացրին, որ իրենց բոլոր պահանջները կետերով ներկայացրել են, այն կներկայացվի վարչապետին, և իրենց կտեղեկացնեն: Բողոքի ակցիան դադարեց, քաղաքացիները որոշեցին երեքշաբթի օրը կրկին հավաքվել կառավարության դիմաց:
Հիշեցնենք, որ առևտրով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում արդեն 2 շաբաթ, նրանք նշում են, որ նախկինում 1 կիլոգրամի համար վճարել են 3.25 դոլար, իսկ հիմա մաքսազերծման արժեքը միջինում 2 անգամ ավելացել է:
Նշենք, որ վարչապետի օգնականների հետ սա թվով 3-րդ հանդիպումն էր, նախորդ 2 հանդիպումները նրանց չեն գոհացրել, բացի այդ՝ նրանք նաև հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների հետ, սակայն էլի գոհ չեն մնացել հանդիպումներից:
Մանրամասները՝ տեսանյութում