«Սա նորից հեղափոխություն է դառնում, կփակենք բոլոր ճանապարհները». բողոքի ակցիայի մասնակից

«Մենք նոր վարչապետ ընտրեցինք, ինքն այն ժամանակ ասում էր՝ պետք է աջակցենք մանր և միջին բիզնեսին, իսկ հիմա միանգամից՝ մեծ բարձրացում»,- այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց հագուստի ներկրմամբ զբաղվող քաղաքացիներից մեկը, ով դժգոհում է մաքսատուրքերի փոփոխություններից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից ԵՏՄ կարգավորումներով Հայաստանում հագուստի մաքսազերծումը նախկին կիլոգրամով մաքսազերծման փոխարեն՝ կատարվելու է քանակով՝ հատով: Քաղաքացիները նշում են, որ դրա հետևանքով մի քանի անգամ ավելացել է մաքսազերծման համար վճարվող գումարների չափը, և, որ իրենք չեն կարող այդպես աշխատել:

«Նիկոլ Փաշինյանը նստեց վարչապետ, անմիջապես բարձրացում եղավ մեկ անգամ, մենք ձայն չհանեցինք, իսկ հիմա միանգամից մտցրեցին հատաքանակի տակ ու շատ մեծ գումարներով: Մարդիկ ի վիճակի չեն, ոչ էլ հաճախորդը կարող է առնել: Շատ սնանկ վիճակ է ուզում դարձնել մեր Հայաստանը, նա ուզում է կործանել մեր Հայաստանը: Սա շաղկապված է, եթե մենք թանկ հանում ենք, հաճախորդը թանկ առնելու է, իսկ մարդիկ գումար չունեն, աշխատանք չունեն, ոչ մեկը չի կարողանա այս պայմաններում ո՛չ աշխատի, ա՛չ ապրի»,- ասաց նա: Դիտարկմանը, որ այս օրենքը դեռ 2012 թվականից է հաստատվել, սակայն դրա գործողության ժամկետը անընդհատ հետաձգվել է, քաղաքացին ասաց, որ իրենք հեղափոխություն են արել, որպեսզի ամեն ինչ սկսեն նոր կետից. «Չենք ուզում հնի կետերով աշխատենք, ուզում ենք, որ վարչապետն իջնի, մեզ լսի: Եթե հարցին լուծում չտրվի՝ կփակենք բոլոր ճանապարհները, բոլոր ռայոնները սպասում են մեզ, սա դառնում է նորից հեղափոխություն: Ուզում ենք, որպեսզի վարչապետը գա՝ մեզ լսի և ընդառաջի: Ոնց ինքն էր ասում՝ մեր կողքին է լինելու, մենք հիմա պահանջում ենք, որ նա լինի մեր կողքին: Մինչև վարչապետ դառնալը, երբ առավոտից իրիկուն իր կողքին էինք, մեզ խոսք էր տալիս, որ պետք է օգնի մեզ, աջակցի, բայց հիմա հակառակ գործողությունն է անում, որ մեր ժողովուրդը լքի երկիրը, ճանապարհներն էլ փակել է»:

Հիշեցնենք, որ առևտրով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում արդեն 2, նրանք նշում են, որ նախկինում 1 կիլոգրամի համար վճարել են 3.25 դոլար, իսկ հիմա մաքսազերծման արժեքը միջինում 2 անգամ ավելացել է: Կառավարության դիմաց 3 ժամ ակցիա իրականացնելուց հետո նրանք հանդիպեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների հետ, ապա դուրս գալով՝ տեղեկացրին, որ վաղը սպասելու են արձագանքի, եթե արձագանք չլինի, կամ լինի, բայց իրենց չգոհացնի, կրկին հավաքվելու են կառավարության շենքի դիմաց:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս