Ադրբեջան վարձկաննե՞ր են տեղափոխվել ՀՀ-ի և Արցախի դեմ ռազմական գործողությունների համար․ ի՞նչ տեղեկությունների էր հղում կատարում Մնացականյանը Եգիպտոսում
Սեպտեմբերի սկզբին միջազգային մամուլում մտահոգիչ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սիրիայից ահաբեկչական խմբավորումներ են Թուրքիայի տարածքով ներթափանցել Նախիջևան՝ հայկական կողմի նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով: Այդ հարցին սեպտեմբերի 2-ի ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ասելով, որ ԱԳՆ-ն ստուգում է լուրերը` արդյո՞ք Թուրքիան Աֆրինից և Ազազից վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ պայքարում ներգրավելու համար։
«Այս տեղեկությունն իսկապես մտահոգիչ է, և մենք ճշտում ենք դրա իսկությունը։ Հարցն այն է, որ նման վտանգ կարող է սպառնալ»,- ասել էր Նաղդալյանը՝ նշելով՝ հաշվի առնելով Ադրբեջանի՝ կրոնական ծայրահեղականներին ներգրավելու, և Թուրքիայի` այլ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը, Թուրքիան կարող է նման քայլի դիմել։
Ուշագրավ է, որ 10 օր անց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, գնահատելով Թուրքիայի վարքագիծը Կովկասում և Արևելյան Միջերկրականում, ի թիվս այլ դիտարկումների, նշեց, որ տեղեկություններ է ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին:
«Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում՝ հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով: Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը»,- նշել էր Մնացականյանը Եգիպտոսում։
168․am-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց՝ հայկական կողմն արդեն ճշտե՞լ է այդ տեղեկությունների հավաստիությունը, ի՞նչ տեղեկությունների է հղում կատարում ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը Եգիպտոսում։
Նաղդալյանն ասաց, որ տվյալ հարցին համապարփակ ձևով անդրադարձել է ՀՀ արտգործնախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ տված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ինչպես նաև Եգիպտոսի թերթերին տված հարցազրույցներով։ «Այս պահի դրությամբ դրանց հավելելու ոչինչ չունեմ։ Թեմային անդրադարձել է նաև նախարարի խորհրդականը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում, որտեղ համապարփակ ներկայացրել է հայկական կողմի մտահոգությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանն օրերս հարցազրույց է տվել «Riafan.ru» Դաշնային լրատվական գործակալությանը և նշել․ «Հետևաբար, մեզ չի կարող չանհանգստացնել Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանի տարբեր կետերում բաց առճակատում ստեղծելուն և դրանով իսկ ավելի է խորացնում տարածաշրջանում առանց այդ էլ սրված իրավիճակը՝ դրանով էլ ավելի ապակայունացնելով այն:
Հայաստանի և Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի տարածքում սիրիական զինյալների պատրաստման մասին տեղեկատվությունը դրա վառ օրինակն է: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ծայրահեղականների օգտագործման և Թուրքիայի կողմից տարբեր շրջաններ ահաբեկչական տարրերի արտահանման նախադեպերը, մենք շատ լուրջ ենք վերաբերվում նմանօրինակ սպառնալիքին»։
Նշենք, որ նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 168․am-ի հետ զրույցում նշել էր․ «Նախարարը Եգիպտոսում խոսեց թուրք զինյալների, վարձկանների մասին, որոնց Թուրքիան տեղափոխում է Ադրբեջան, ասաց, որ մեր աղբյուրները այդպիսի բան են հաղորդում, որ զինյալներ են տեղափոխվում, որպեսզի Ղարաբաղի ուղղությամբ օգտագործվեն։ Ես հիշում եմ, որ սեպտեմբերի 2-ին ԱԳ նախարարության մամլո խոսնակն ասաց, որ ԱԳ նախարարությունը ստուգում է այդ տեղեկությունը։ Հիմա ես հարցնում եմ՝ արդյո՞ք Զոհրաբ Մնացականյանի կողմից այս դիտարկումը, այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԱԳ նախարարությունը ստուգել է, և այդ տվյալները հավաստի են»։