Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել
2020թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 311 հոդված, որոնցից 28-ը եղել է բացասական, 283-ը՝ չեզոք։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։
Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին, անդրադառնալով Արման Բաբաջանյանի հայտարարությանն, ասել է․ «Ուզում եմ անդրադառնալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությանը, որն իր խոսքում վիրավորել էր հայերին և եզդիներին, անհասկանալի էր այդ գրառման նպատակը, թե ինչո՞ւ պետք է ինչ-որ փոսեր լցվեն հայերի և եզդիների ատամներով, որոնք իրենք են փշրելու»։ Նա հավելել է, որ այդ հարցով դիմում են ներկայացրել ԱԺ խմբակցություններին, մասնավորապես, ԼՀԿ և ԲՀԿ-ին, ինչպես նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին․
«Արձագանք եղել է միայն ԲՀԿ-ից: Ասել են՝ այս պահին դիմում չի լինի, որովհետև ընթացակարգ կա, որ իշխանությունները կարող են խանգարել»։
Ըստ մամուլի հրապարակումների՝ «Իմ քայլում» անվստահության մթնոլորտ է ձեւավորվել Սահմանադրական դատարանի նախկին աշխատակից, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ․ «Վարդանյանը Արարատ Միրզոյանի «պրոտեժեն» է, եւ ոմանք նրա քայլերից հեռուն գնացող հետեւություններ են անում, որ Միրզոյանն իր քաղաքական շահերն է առաջ տանում՝ իր ամենամտերիմ անձանց միջոցով։ Պատահական չէ, որ Վարդանյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, ի տարբերություն իշխանության մյուս ներկայացուցիչների եւ անգամ իր խմբակցության գործընկեր Վահագն Հովակիմյանի, դեմ է քվեարկել ՍԴ-ի եւ վճռաբեկի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու մոդելն օրակարգ մտցնելու հարցին»։
Քննադատվել է այն փաստը, որ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ չի հնչեցրել Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրվա կապակցությամբ։
Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ