Հեղափոխություն է եղել՝ բոլորը հնարավորություն են ունեցել իմանալ իրենց «յորղանի» չափը». Ալեն Սիմոնյան
«Եթե չեմ սխալվում, այդ տեղեկությունները, որոնք կապված են եղել պարոն Ծառուկյանի հետ, որ նա դատապարտված է եղել եկեղեցու տարածքում բռնաբարության համար, ինչպես նաև կողոպուտի, հայտնվել են շատ ավելի ուշ, քան Ձեր նշած իրադարձությունները: Քրեական գործն ավելի վաղ է եղել, սակայն դրա մասին որևէ մեկը տեղեկություն չի ունեցել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ, եթե ԲՀԿ առաջնորդն այդ նկարագիրն ուներ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում բնութագրել էր վարչապետը, ինչո՞ւ էին նրա հետ համագործակցության հուշագիր ստորագրում:
Հարցին՝ եթե իմանային, այդ մասին համագործակցության հուշագիր կստորագրեի՞ն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարող ասել:
«Հեղափոխություն է եղել, այն իր փուլերն է ունեցել, տարբեր դերակատարներ են եղել մեծ և այլն, բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսել, բոլորն ունեցել են հնարավորություն իմանալ իրենց «յորղանի» չափը»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրար հաջորդելով ֆեյսբուքյան գրառումներ են կատարել, վարչապետն իր գրառմամբ աջակցություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
«Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:
Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է վարչապետը:
Գագիկ Ծառուկյանն էլ գրել է, որ ժամանակն է, որպեսզի Սահմանադրությամբ հստակ ամրագրվի, որպեսզի հոգեկան խնդիրներ ունեցողները բարձր պաշտոններ չզբաղեցնեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում