ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ պաղեստինյան խնդիրը պահպանում է իր սրությունը
Պաղեստինյան խնդիրը պահպանում է սրությունը, չնայած Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը պաշտոնապես դարձել են երրորդ եւ չորրորդ արաբական երկրները, որոնք ճանաչել են Իսրայելը: Միացյալ Նահանգների միջնորդությամբ սեպտեմբերի 15-ին ստորագրվել են խաղաղ համաձայնագրեր, որոնց համաձայն, երկրները դեսպանություններ կբացեն, դեսպաններ կփոխանակեն, կգործարկեն ավիահաղորդակցությունը եւ կկարգավորեն երկկողմ կապերը տարբեր բնագավառներում՝ տնտեսությունից ու ֆինանսներից մինչեւ համատեղ պայքարը կորոնավիրուսի դեմ:
«Ի գիտություն ընդունելով տեղի ունեցած տեղաշարժը Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացում՝ արձանագրում ենք, որ պաղեստինյան խնդիրը պահպանում է իր սրությունը: Սխալ կլիներ մտածել, որ առանց դրա կարգավորման կհաջողվի հուսալի կայունության հասնել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: Այդ կապակցությամբ կոչ ենք անում տարածաշրջանային եւ միջազգային գործընկերներին՝ արկտիվացնել համակարգված ջանքերն այդ կարեւոր ուղղությամբ:
Ռուսաստանը պատրաստ է այդ համատեղ աշխատանքին, այդ թվում՝ «քառյակի» շրջանակներում, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել է մերձավորարեւելյան կարգավորման շուրջ բանակցությունների ուղեկցող մեխանիզմ, եւ Արաբական պետությունների լիգայի հետ սերտ փոխգործակցությանը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նախարարությունում նշել են, որ այժմ կարեւոր է՝ հիմնական ջանքերն ուղղել այն բանին, որպեսզի վերսկսվեն ուղղակի բանակցություններն իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ՝ առանց նախնական պայմանների, քանի որ, ինչպես վկայում է պատմական փորձը, կողմերը միայն այն ժամանակ են հասել կոնֆլիկտային իրավիճակների կայուն լուծումների, երբ գործել են փոխընդունելի բանակցային հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: