«Ծառուկյանի մեջբերումը վերաբերում է Պետրոսյան Գևորգին». Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի գրառման մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վարչապետը որևէ քաղաքական ուժի հետ փոխհրաձգություն չունի:

«Ես վստահ եմ, որ այն մեջբերումը, որը հայտնվել է պարոն Ծառուկյանի էջին, վերաբերում է Պետրոսյան Գևորգին, որի հետ կապված մամուլում, ինչպես նաև տարբեր տեղերում տեղեկություն է տարածվում, որ ինքն առողջական խնդիրներ է ունեցել մշտապես: Նաև, երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը: Կարծում եմ՝ այդ որոշումն այդ ժամանակ կայացրել է նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ՝ հիմա Գագիկ Ծառուկյանի քաղաքական բուռն վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նորից նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորվի»,- խորհրդարաանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետ-ԲՀԿ փոխհրաձգությունն ինչի՞ հետևանք է:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:

Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել էր վարչապետը:

Այս գրառումից մի որոշ ժամանակ անց գրառում էր կատարել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:

Գ․ Ծառուկյանի գրառման վերաբերյալ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը նման է նրան, որ ԲՀԿ–ականներից որևէ մեկը, ասենք, Գևորգ Պետորսյանը հայտարարի, թե Նիկոլ Փաշինյանի մեջբերումը վերաբերում է Ալեն Սիմոնյանին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս