Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան փոխադարձ սուր գրառումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթին՝ գրելով․
«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:
Աջակցել, միանշանակ աջակցել»։
Վարչապետի գրառումից րոպեներ անց գրառում կատարեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով. «Կարծում եմ, ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից՝ ճշտելու, թե ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ-իշխանություն փոխհրաձգությանը և արդյո՞ք նորմալ է համարում, որ քաղաքական դիսկուրսն իջել է նման մակարդակի:
Սակայն Լիլիթ Մակունցն ասաց, թե չի ցանկանում հարցազրույց տալ, ԲՀԿ-վարչապետ գրառման մասին էլ կարճ նշեց. «Չեմ մեկնաբանում»:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցապնդում: Հարցապնդման ժամանակ նախարար Հարությունյանն անդրադառնալով կրթական նոր չափորոշիչներին՝ նշել էր․
«Գիտեք՝ այս չափորոշիչներն ինչի մասին է, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում օտարի նկատմամբ չի լինելու սեռական բռնություն»:
Նախարարի այս ելույթը ԲՀԿ-ականներն ընդհատեցին՝ ձեռքերը սեղաններին հարվածելով:
Այս ամենից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ բոյկոտում է Կառավարության հետ հարցուպատասխանը, իսկ Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված հարցը քննարկում են փաստաբանների հետ: