Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը պարտադիր կդառնա
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, պարտադիր է դառնում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
«Երեխայի իրավունքների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն:
ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս մասնավորապես նշել էր, որ նախագծով ամրագրվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող 16 տարին լրացած երեխայի, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի կողմից իրազեկված համաձայնություն տալու հնարավորությունն այն դեպքում, երբ հոգեկան խանգարման բնույթը թույլ է տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կիրառվող բժշկական միջամտության բնույթը և հետևանքները: Իսկ նշված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի, օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվելու է դատարանի վճռի հիման վրա: 16 տարին չլրացած երեխայի դեպքում իրազեկված համաձայնությունը տրվելու է նրա օրինական ներկայացուցչի կողմից:
Այսպիսով 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը: