Հակված չեն Ալեն Սիմոնյանին «զոհաբերել» հանուն Սորոսի հիմնադրամի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամները»՝ առավել հայտնի որպես Սորոսի հիմնադրամ, դիմել է ԱԺ նախագահին` պահանջելով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վարքը։ Սորոսականներին վրդովեցրել է, որ Սիմոնյանը «Հրապարակին» տված հարցազրույցում հանդգնել է ասել․

«Սորոսն ո՞ւմ շունն է, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենա»։ Երեկ տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմն արդեն իր եզրակացությունն ուղարկել է ԱԺ խմբակցություններին, եւ հիմա խմբակցությունները պետք է որոշեն՝ ձեւավորե՞ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով եւ Ալեն Սիմոնյանին հրավիրեն բացատրություն տալու, թե՞ ոչ։

Մենք տեղեկացանք, որ ԱԺ երեք խմբակցություններն էլ հակված չեն փոխխոսնակին «զոհաբերել» հանուն Սորոսի հիմնադրամի, նույնիսկ ընդդիմադիրներն այս հարցում, պարզվում է, նրա կողմից են։ Իսկ Ալեն Սիմոնյանի հարազատ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես երեկ մեզ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, նախընտրում է սպասել, մինչեւ ստեղծվի էթիկայի մշտական հանձնաժողով, եւ այդ ժամանակ արդեն ով ինչ հարցով կցանկանա, թող դիմի հանձնաժողովին։

Նախագիծը, ի դեպ, արդեն պատրաստ է ու շուտով կդրվի շրջանառության մեջ։ Այսինքն՝ իրենք այդպիսով մերժում են Ալեն Սիմոնյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու առաջարկը։

Մակունցն ասաց, որ այս պահին ձեռնպահ են մնում ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելուց, քանզի բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք առնչվել են նաեւ ընդդիմադիրներին, եւ իրենք նույն հիմնավորմամբ մերժել են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս