Ավելի քան 250 հազար դոլար՝ վարչապետին սպասարկող օդանավի նոր դիզայնի համար. News.am

News.am-ը գրում է. Կորոնավիրուսի հետևանքով ֆինանսատնտեսական լուրջ դժվարություններ կրող Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս խոշոր գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական միակ «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար։ NEWS.am–ը պարզել է, որ կառավարական «Համար մեկ» օդանավի նոր տեսքը պետության համար արժեցել է ավելի քան 210,000 եվրո (շուրջ 250.000 ԱՄՆ դոլար)։ Խոսքը միայն օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) և գրանցման նիշերի նշագծման մասին է։ Կառավարական օդանավը ներկել է այս օգոստոսին չեխական International Aerospace Coatings (IAC) ընկերությունը, որը համաշխարհային առաջատարներից է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական ինքնաթիռների սպասարկման ոլորտում։

«Համար մեկ» օդանավը՝ «Աերոֆլոտի» ոճով

NEWS.am–ը պարզեց, որ Չեխիայի Օստրավա քաղաքում գործող IAC–ի արտադրամասում ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռի թարմացման աշխատանքները տևել են 10 օր։ Կառավարական ինքնաթիռը Օստրավա է մեկնել օգոստոսի 4–ին և Երևան ժամանել օգոստոսի 16–ին։ Նույն օրը փոփոխված օդանավի լուսանկարներն արդեն տարածվել էին սոցցանցերում։ Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ դարձավ՝ հատկապես համացանցի ֆեյսբուքյան տիրույթում։ Շատերի աչքից չվրիպեց, որ երկրի «Համար մեկ» օդանավը ներկվել է «Աերոֆլոտի» ոճով։ Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն օրինակ գրել էր, որ նոր դիզայնը օդանավ ներկելու կոնցեպտի հետ որևէ մասնագիտական առնչություն չունի: «Օդանավը գազի տրուբա չէ, որ վրան ինչ ուզես գրես: Համաչափության, պոչ-թև-առաջնամաս գծագրի ծանրության, գույների հավասարակշռության մասին գաղափարի բացարձակ բացակայություն»,– մեկնաբանել էր նա։ Օգտատերից մեկն էլ նկատել էր, որ կառավարական օդանավի համար ալիքաձև դրոշի պատկերը տեղին չէ, իսկ շարժիչի հատվածում պատկերված փոքր դրոշն ընդհանրապես դժվար է դիզայն համարել։ Կային մարդիկ, որոնք օդանավի նոր տեսքը գրավիչ էին համարել՝ ընդգծելով, որ բարեփոխված գծանշումներն օդանավին շքեղ տեսք են հաղորդել։

Չեխական ամսագրի անդրադարձը՝ հայկական VIP ինքնաթիռին

Հայաստանի կառավարական ինքնաթիռի արտաքին տեսքի փոփոխությանն անդրադարձել է նաև Պրահայում լույս տեսնող L+K (չեխ՝ Letectví a kosmonautika) ավիացիոն ամսագիրը, որը ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ամենահին և հայտնի ամսագրերից մեկն է ոչ միայն Չեխիայում, այլև՝ Եվրոպայում։ Ավիացիոն ամսագրում ներկայացված են «Airbus A319»–ի վրա կատարված գունային փոխոխությունները, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ VIP ինքնաթիռի թռիչքային պատմության մասին։

«Համար մեկ» բորտը թողարկումից ի վեր ներկվել է 5 անգամ

Հայաստանի կառավարական ինքնաթիռի արտաքին տեսքը վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ է փոփոխության ենթարկվել։ Վարչապետին սպասարկող «Airbus A319» ինքնաթիռն արտադրվել է 1998 թ. Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Թողարկումից հետո ինքնաթիռը 9 տարի շահագործել են բրիտանական և արաբական օպերատորներ, իսկ 2007–ի վերջին այն ձեռք է բերել Հայաստանը։ Թողարկումից մինչ օրս կորպորատիվ դասի (VIP) օդանավը ներկվել է հինգ անգամ, որից երկուսը՝ որպես կառավարական ինքնաթիռ՝ Հայաստանի ազգային խորհրդանշաններով։ Պետական սեփականություն համարվող միակ օդանավը մի քանի ամիս սպասարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 10 տարի՝ Սերժ Սարգսյանին, իսկ 2018թ. մինչ օրս «Համար մեկ» բորտը սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Օդանավի ազգային և գրանցման նիշերը՝ տարբերակվող և տեսանելի

Օդանավի վրա ազգային նիշերի դիզայնի փոփոխությունից զատ, առավել կարևոր է պարզելը, թե որքանով է այս՝ առաջին հայացքից չնչին թվացող փոփոխությունը անվտանգ։ Նախ նշենք, որ օդանավի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար օգտագործվող ներկերը պետք է ապահովեն պաշտպանության համանման աստիճան:

International Aerospace Coating ընկերությունը, որտեղ ներկվել է Հայաստանի կառավարական ինքնաթիռը, աշխատում է բարձրորակ ներկերով և նորագույն տեխնոլոգիաներով՝ համագործակցելով ներկերի և երեսպատման նյութեր արտադրող համաշխարհային լավագույն ընկերությունների հետ։ Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող ընկերության արտադրամասում տարեկան ներկվում են 1000–ից ավելի պետական և քաղաքացիական ինքնաթիռներ՝ այդ թվում ռազմական, կորպորատիվ և այլն։ Սովորաբար ընկերության սպասարկած կառավարական օդանավերը ներկվում են դիմացկուն ներկերով, որոնք կարող են պահպանվել առնվազն 10 տարի։ Իսկ ներկման ծառայության համար տրվող երաշխիքը 24 ամիս է։

ՀՀ–ում օդանավերի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման կարգը և օդանավի ներկումը սահմանված է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խմբ․) պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանով։ Համաձայն այդ հրամանի՝ օդանավի վրա ազգային և գրանցման նիշերը ողջ ժամանակ պետք է լինեն հստակորեն տարբերակվող և տեսանելի: Օդանավի ներկումը պետք է համապատասխանի օդանավի գրանցման սերտիֆիկատում նշված շահագործողի ներկման սխեմային` բացառությամբ Գլխավոր վարչության թույլատրած առանձին դեպքերի` մասնավորապես օդանավի տեղափոխման, այլ շահագործողի փոխանցման դեպքերի և այլն: Օդանավի ներկման բոլոր փոփոխությունները շահագործողի կողմից պետք է ներկայացվեն Գլխավոր վարչություն` շահագործողի սերտիֆիկատի նկարագրման մեջ փոփոխություն կատարելու համար:

Ինչպե՞ս է «հետ բերվում» օդանավերը ներկելու գումարը

Որպես կանոն ավիաընկերությունները օդանավերը ներկելու գումարը փակում են մի քանի ամսվա օգուտի (շահույթի) հաշվին, իսկ կառավարական ինքնաթիռի օգուտի մասին առհասարակ տեղին չէ խոսելը։ Ասել է թե, նման փոփոխությունը պետությունների կամ մասնավոր ընկերությունների համար հավելյալ ծախս է։ Եթե մասնավոր ավիաընկերության դեպքում ինքնաթիռի ներկումը կարող է հանդիսանալ որպես մարքետինգային քայլ, ապա կառավարական ինքնաթիռի դեպքում այն համարվում է շքեղության համար կատարված անհարկի ծախս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս