Իսրայելը, ԱՄԷ-նև Բահրեյնը հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր են ստորագրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի արտգործնախարարությունների ղեկավարներ շեյխ Աբդալա բեն Զայիդ Ալ Նահայանը եւ Աբդել Լաթիֆ ազ Զայանին սեպտեմբերի 15-ին ստորագրել են հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր: Արարարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:
Հեռարձակումը վարել են Միացյալ Նահանգների հիմնական հեռուստաալիքները: Ըստ համաձայնությունների՝ Իսրայելը կդադարեցնի իր գերիշխանության տարածումը Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համաձայնագրերի ստորագրման արարողությունից առաջ հայտարարել է, որ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների նորմալացումը հաշտության ուղի կհարթի տարածաշրջանի մյուս արաբական երկրների հետ եւ կօգնի վերջ դնելու արաբա-իսրայելական հակամարտությանը:
«Այսօր շրջադարձային պահ է պատմության մեջ: Այն ազդարարում է հաշտության նոր դարաշրջանի մասին: Այդ հաշտությունը կընդլայնվի եւ կներառի մյուս արաբական պետությունները, իսկ արդյունքում կօգնի մեկընդմիշտ վերջ դնելու արաբա-իսրայելական հակամարտությանը»,- ասել է Նաթանյահուն: Բահրեյնի արտգործնախարարության ղեկավար Աբդել Լաթիֆ ազ Զայանին հայտարարել է, որ այժմ բոլոր կողմերը պետք է աշխատեն պաղեստինա-իսրայլեկան հակամարտության կարգավորման նպատակով՝ երկու պետությունների գոյակցության սկզբունքի հիման վրա: «Այժմ անհրաժեշտ է ակտիվորեն եւ առանց հապաղման աշխատել՝ կայուն խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար, որոնց արժանի են մեր երկրների բնակիչները: Լոկ պաղեստինա-իսրայելական հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորումը երկու պետությունների (գոյակցության հիման վրա) հիմք կլինի այդ խաղաղության համար»,- ասել է նա համաձայնությունների ստորագրումից մի քանի րոպե առաջ:
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ «Մերձավոր Արեւելքի բուն սրտում սկսվում են փոփոխություններ, որոնք հույս են տալիս ամբողջ աշխարհին»: Սույն նախաձեռնությունը հնարավոր չէր լինի առանց Դոնալդ Թրամփի ջանքերի,- ասել է նա:- Մենք տեսնում ենք նոր միտում, որը լավագույն ուղի կապահովի տարածաշրջանի համար»: Ալ Նահայանն ստորագրված համաձայնագերի դրական ներգործության վստահություն է հայտնել: