ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը
Սեպտեմբերի 21-ից 26-ը Ռուսաստանի Դաշնությունում` «Կապուստին Յար» զորավարժադաշտում (ք.Վոլգոգրադ) անցկացվելիք «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը:
Զորքերի (ուժերի) խմբավորման կազմում զորավարժության համատեղ գործողությունների իրականացման համար հրավիրված են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի, Իրանի և Պակիստանի ստորաբաժանումները՝ մոտ 1000 զինծառայող:
Ռազմավարական զորավարժությանը դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի-Լանկայի ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված է շուրջ 80 հազար զինծառայող (այդ թվում՝ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման, ՀՕՊ, ռազմածովային ուժերի և հատուկ զորքերի միավորումներ ու զորամասեր):
Զորավարժությանն ընդգրկված են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահատեխնիկա, մինչև 200 հրետանային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: