Պատվաստում ստացածների մոտ ավելի շատ են հակամարմինները, քան COVID-ով հիվանդացածների. փորձագետ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հակամարմինների մի քանի անգամ ավելի բարձր մակարդակ է տալիս, քան դրանով հիվանդացածների մոտ: Այդ մասին ասել է Մոսկվայի թիվ 1 ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ եւ գլխավոր վարակաբան Սվետլանա Սմետանինան, որը կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել:

«Պատվաստումը ես շատ լավ եմ տարել, ջերմության բարձրացում չի եղել, միայն թեթեւ տհաճ զգացողություններ եմ ունեցել ներարկման շրջանում, որը տեւել է մի քանի ժամ: Իսկ այժմ ինձ մոտ հակամարմինների բարձր մակարդակ է՝ 1600. մի քանի անգամ ավելի բարձր, քան հիվանդացածների մոտ է»,-սեպտեմբերի 16-ին Սմետանինան հայտարարել է լրագրողներին:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի ազդեցությունը նման է սեզոնային գրիպի պատվաստանյութի սկզբունքին: Ինչպես պարզաբանել է վարակաբանը, այս տարվա օգոստոսին կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ Sputnik V պատվաստանյութի գրանցմանը նախորդել է ռուսաստանցի գիտնականների ու բժիշկների վիթխարի աշխատանքը, որոնք իրենց ներդրումն են ունեցել դրա ստեղծման եւ կլինիկական փորձարկումների անցկացման գործում:

«Ռուսաստանում հսկայական դրական փորձ է կուտակվել պատվաստանյութերի, իմունոկենսաբանական դեղորայքային պատրաստուկների ստեղծման ուղղությամբ. մենք դրանք կիրառում ենք տասնամյակներով եւ իսկապես տեսնում ենք արդյունավետությունը. այդ առումով շատ հատկանշական է գրիպի պատրաստուկային կանխարգելումը. այն անձինք, որոնք պատվաստում են ստանում, չեն հիվանդանում կամ հիվանդությունն ընթանում է թեթեւ ձեւով»,-ընդգծել է Սմետանինան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս