«Միջպետական որևէ տարաձայնություն չեմ տեսել՝ համագործակցությունը, մասնավորապես՝ ռազմական ոլորտում, զարգանում է». Միքայել Զոլյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն տեսակետներին, որ իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում որևէ զարգացում չկա, փոխարենը՝ տիրում է խորը ճգնաժամ, ասաց, որ արդեն երկու տարի է՝ լսում է նման խոսակցություններ:

«Այս խոսակցությունները երբեք իրական հիմք չեն ունեցել, որովհետև մենք տեսել ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բնականոն հունով: Համագործակցությունը, մասնավորապես՝ ռազմական ոլորտում, զարգանում է, այսօր էլ տեսնում ենք, որ այդ համագործակցությունը շարունակվում է, միջպետական որևէ տարաձայնություն չեմ տեսել: Իսկ խոսակցություններ միշտ էլ կարող են լինել, ինչը մեծամասամբ վերաբերում է ԶԼՄ դաշտին կամ ինչ-որ քաղաքական ուժերի մեր երկրի ներսում, որոնք փորձում են դա օգտագործել՝ որպես քաղաքական պայքարի միջոց: Սա իրականում միջպետական հարաբերությունների հետ, կարծում եմ՝ այդքան էլ կապ չունի»,- ասաց Միքայել Զոլյանը:

Դիտարկմանը, որ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի մասին խոսակցությունները խորացան հատկապես այն բանից հետո, երբ բազմաթիվ քաղաքացիներ ցանկություն են հայտնել կրկին վերադառնալու Ռուսաստանի Դաշնություն, սակայն հայկական դիվանագիտությունը որևէ բան չի անում, կամ անում է, սակայն արդյունք չի տալիս, Միքայել Զոլյանը նկատեց՝ այստեղ կա մի քանի խնդիր, օրինակ՝ կան քաղաքացիներ, որոնք ցանկանում են Ռուսաստանից Հայաստան գալ, և հակառակը՝ ցամաքային ճանապարհով, ինչը կապված է Վրաստանի դիրքորոշման հետ:

«Կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են գնալ ՌԴ, բայց չեն համապատասխանում այն պահանջներին, որոնք առաջ է քաշել Ռուսաստանը: Եթե մարդը ՌԴ քաղաքացի է, նա որևէ խնդիր չունի, իսկ նրանք, որոնք քաղաքացիություն չունեն, չեն կարող մեկնել, սա կապված է ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների հետ, այլ Ռուսաստանի վարած քաղաքականության՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ: Այս խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում, սա մյուս երկրներին էլ է վերաբերում: Այսինքն, եթե այստեղ Ռուսաստանը որևէ բացառություն անի ՀՀ քաղաքացիների համար, դրանից հետո պետք է ստիպված ճանապարհները բացի մյուս բոլորի համար: Իհարկե, քննարկումներ ընթանում են, մեր դիվանագետները հարցը քննարկում են ռուս գործընկերների հետ, որպեսզի օր առաջ այդ սահմանափակումները վերանան: Կրկնում եմ՝ այս ամենը կապված է կորոնավիրուսի հետ, եթե իրավիճակը բարելավվի, այդ սահմանափակումներն էլ կհանվեն»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՌԴ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, նշելով, որ երկար տարիներ ապրել են ՌԴ-ում, կորոնավիրուսից առաջ եկել են Հայաստան և այժմ չեն կարող վերադառնալ: Նրանք Կառավարությունը կոչ են անում բանակցել ՌԴ իշխանությունների հետ՝ հարցի լուծումը գտնելու համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս