38.000 ուսուցչից թեստավորվել է 6000-ը. նախարարը տվյալներ է հայտնում
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ նախքան ուսումնական գործընթացի սկսվելն ուսուցիչները Covid-19-ի թեստեր կհանձնեն: Հայտարարությունն արվել էր օգոստոսի վերջին, և շատերի մոտ հարց էր առաջացել՝ կհասցնե՞ն թեստավորել 38.000 ուսուցչի, թե՞ ոչ: ԿԳՄՍ և Առողջապահության նախարարություններից մեր հարցին ի պատասխան հայտնել էին, որ աշխատելու են հասցնել: Չեն հասցրել:
«Սեպտեմբերի 10-ի դրությամբ ունենք 6000 ուսուցչի թեստավորման արդյունք, որը ցույց է տալիս, որ վարակվածների թիվը 1 տոկոսի սահմանում է, ինչը շատ լավ արդյունք է մեզ համար: Երկու բանի մասին է փաստում. առաջինը, որ մեր ուսուցիչները շատ գիտակից են այս առումով և պահպանում են կանոնները, հետևում են իրենց ու հանրային առողջությանը, ունեն սոցիալական շատ մեծ պատասխանատվություն, և երկրորդ, մենք սրա արդյունքում ստիպված չենք լինի լրացուցիչ դժվարություններ կրել, փորձել փոխարինել նրանց»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
168.am-ի հարցին ի պատասխան՝ Հարությունյանը հայտնեց, որ թեստավորվում են ոչ միայն ուսուցիչները, այլև դպրոցի մյուս աշխատակիցները:
Նա ասաց, որ գործընթացը տևական է լինելու, կատարվելու են պատահական ստուգումներ, իրենց գործողություններն ունեն կանխարգելիչ նպատակ:
Լրագրողներից մեկն ասաց, որ իրենց դիտարկումները ցույց են տվել, որ պոլիկլինիկաներում, ինչպես նաև դպրոցներում ուսուցիչները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները:
Նրա հարցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, և արդյոք մտահոգություն չկա՞, որ սա կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ, Հարությունյանը պատասխանեց, որ, ցավոք սրտի, այդ մեկ-երկու դեպքերը կան, և պետք է միջոցներ ձեռնարկել, քանի որ չեն ուզում գնալ լոքդաունի:
«Պոլիկլինիկաներում կազմակերպումն այդ հիմնարկների գործառույթն է, այնտեղ պետք է իրականացվի, մենք կաշխատենք մեր պոլիկլինիկաների հետ, որ նման խնդիրներ չլինեն: Իսկ դպրոցների գերակշիռ մասում մենք ունենք հանգիստ վիճակ, չենք արձանագրել կանոնների խախտում: Տեսչական մարմինների հետ էլ ենք աշխատում, նրանք պետք է լինեն դպրոցներում և բուհերում, աջակցություն պետք է ցուցաբերեն, որ կարողանանք ուղեցույցում նշված կանոնները բացատրենք, եթե խնդիր կա»:
Բուհերում դասախոսների թեստավորումների մասին էլ Հարությունյանն ասաց, որ իրենք պետք է ինքնակազմակերպվեն: Նախարարը նշեց, որ դասերի վերսկսմամբ պայմանավորված՝ վարակակիրների թվերի տատանումներ հնարավոր են, սակայն հույս հայտնեց, որ մեծ բռնկումներ չեն ունենա: